05/08/2026

EU – Armenia

Հայաստանը խաղաղությունից է խոսում, Բաքուն՝ փողերը հաշվում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը վերջին ամիսներին աստիճանաբար տեղափոխվում է նոր հարթություն։ Եթե 2020 թվականի պատերազմից հետո բանակցությունների հիմնական առանցքը ռազմական և անվտանգային հարցերն էին, ապա այժմ օրակարգում առավել մեծ տեղ են զբաղեցնում քաղաքական, իրավական և տնտեսական խնդիրները։

Այս փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ ռազմական գործողությունների ակտիվ փուլն ավարտվել է, իսկ կողմերը փորձում են ձևավորել հետպատերազմյան հարաբերությունների երկարաժամկետ մոդելը։ Այդուհանդերձ, խաղաղության գործընթացը շարունակում է մնալ բարդ և հակասական, քանի որ երկու պետություններն այն դիտարկում են տարբեր ռազմավարական հաշվարկների տեսանկյունից։

Եթե Հայաստանի իշխանությունները խաղաղության օրակարգը ներկայացնում են որպես երկարաժամկետ ռազմավարություն և փաստում, որ կայուն խաղաղությունը կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը, հաղորդակցությունների բացմանը և տնտեսկան զարգացմանը, ապա Բաքվի մոտ հակառակ պատկերն է և մոտեցումը զգալիորեն տարբերվում է։ Բաքուն բանակցություններում հանդես է գալիս այն դիրքերից, որոնք ձևավորվել են 2020 թվականի պատերազմից հետո ձեռք բերված ռազմաքաղական առավելության հիման վրա։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի համար խաղաղության պայմանագիրը ռազմական հակամարտության ավարտի փաստաթուղթ չէ, այլ հնարավորություն է միջազգային իրավական մակարդակում ամրագրելու պատերազմից հետո ստեղծված նոր իրողությունները։

Մի կողմից Բաքուն խոսում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության, առևտրի ընդլայնման, հաղորդակցությունների բացման և նոր տնտեսկան նախագծերի մասին, մյուս կողմից շարունակում է պնդել Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժշետությունը՝ դա հիմնավորելով տարածքային պահանջների վերաբերյալ իր մեկանաբանություններով։

Ադրբեջանի գլխավոր նախապայմաններից շարունակում է մնալ Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը։ Բաքուն պնդում է, որ գործող Սահմանադրության որոշ կետեր տարածքային հավակնությունների դրույթներ են պարունակում և այդ հանգամանքը, իր գնահատմամաբ, խոչընդոտում է խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրմանը։

Հայաստանի իշխանությունները նույնպես պատրաստ են հանուն խաղաղության փոխել Սահմանադրությունը։ Բայց հարց է առաջանում՝ արդյո՞ք Սահմանադրության փոփոխությունից հետո այլ պահանջներ չեն լինի։

Միջազգային հարաբերությունների փորձը ցույց է տալիս, որ բանակցություններում առավել ուժեղ դիրքերում գտնվող պետությունները հաճախ փորձում են իրենց առավելությունները վերածել լրացուցիչ քաղաքական կամ ռազմակավարական զիջումների։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի վարքագիծը պայմանավորված է նաև տնտեսական հաշվարկներով։ Բաքուն գիտակցում է, որ երկարաժամկետ խաղաղությունը կարող է զգալի տնտեսական օգուտներ բերել ինչպես իրեն, այնպես էլ ամբողջ տարածաշրջանին։ Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը հնարավորություն կտա մեծացնել տարանցիկ բեռնափոխադրումների ծավալները, զարգացնել լոգիստիկ ծառայությունները, ընդլայնել էներգետիկ համագործակցությունը և ձևավորել նոր առևտրային երթուղիներ։ Այդ պատճառով Ադրբեջանի պաշտոնյաները վերջին շրջանում ավելի հաճախ են խոսում ոչ միայն խաղաղության, այլ նաև տնտեսական ինտեգրման մասին։

Այս համատեքստում ուշադրության արժանի են Ջեյհուն Բայրամովի հայտարարությունները, որոնց համաձայն՝ արդեն իրականացվել են Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումներ, իսկ երկու ուղղություններով տեղափոխված բեռների ընդհանուր ծավալը զգալի աճ է արձանագրել։ Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին վաճառված նավթամթերքի ծավալը կազմել է մոտ 20,000 տոննա։

Եթե խաղաղության գործընթացը շարունակվի և ձևավորվի կանխատեսելի քաղաքական միջավայր, հայ-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների ընդլայնման առավել հավանական ուղղությունները կարող են լինել էներգակիրների մատակարարումները, տարանցիկ փոխադրումները, շինանյութերի առևտուրը, գյուղատնտեսական արտադրանքի փոխանակումը, տրանսպորտային ծառայությունները և ենթակառուցվածքային նախագծերը։ Սակայն այդ հնարավորությունները լիարժեք կարող են իրագործվել միայն այն դեպքում, երբ քաղաքական հարաբերությունները ստանան կայուն իրավական հիմք։

Միաժամանակ, կարևոր է հասկանալ, որ տնտեսկան համագործակցության մասին հայտարարությունները չեն վերացնում քաղաքական հակասությունները։ Ընդհակառակը, ներկայիս փուլում տնտեսկան օրակարգը զարգանում է քաղաքական պահանջների հետ զուգահեռ։ Սա վկայում է, որ Ադրբեջանը ձգտում է տնտեսական հարաբերությունները համատեղել իր ռազմավարական նպատակների հետ՝ապահովելով առավել նպաստավոր քաղաքական պայմաններ սեփական շահերի համար։

Հայաստանի համար իրավիճակը պահանջում է այլ մոտեցում։ Եթե պաշտոնական Երևանը ցանկանում է պահպանել բանակցային հավասարակշռությունը, ապա անհրաժեշտ է ոչ միայն արձագանքել Ադրբեջանի նախաձեռնություններին, այլ նաև ձևավորել սեփական օրակարգը։ Այդ օրակարգի առանցքում կարող են լինել սահմանների անվտանգության միջազգային մեխանիզմները, փոխադարձության սկզբունքը, տարածաշրջանային հաղորդակցությունների իրավական կարգավորումը, տնտեսական նախագծերում հավասար մասնակցության ապահովումը և միջազգային գործընկերների ներգրավումը այն ոլորտներում, որտեղ դա համապատասխանում է Հայաստանի պետական շահերին։

Այս համատեքստում կարևոր է նաև Ադրբեջանի կողմից օգտագործվող «դե ֆակտո խաղաղություն» ձևակերպումը։ Միջազգային հարաբերություններում այդ հասկացությունը նկարագրում է այն իրավիճակը, երբ լայնածավալ ռազմական գործողություններ չկան, սակայն դեռևս բացակայում է վերջնական քաղաքական և իրավական կարգավորումը։ Այսպիսի պայմաններում ցանկացած սահմանային միջադեպ կարող է արագ վերածվել լարվածության, իսկ անվտանգության երկարաժամկետ երաշխիքները մնում են անկայուն։

Բանակցային գործընթացի ներկա փուլը ցույց է տալիս նաև ուժերի հարաբերակցության առանձնահատկությունները։ 2020 թվականից հետո Ադրբեջանը ձեռք է բերել ռազմաքաղաքական նախաձեռնությունը և այժմ փորձում է այդ դիրքը վերածել տարածաշրջանային նոր կանոնների ձևավորման գործոնի։ Սակայն միջազգային հարաբերություններում ուժը միայն ռազմական ներուժով չի որոշվում։ Երկարաժամկետ հեռանկարում կարևոր նշանակություն ունեն նաև տնտեսական դիմադրողականությունը, պետական ինստիտուտների արդյունավետությունը, արտաքին քաղաքական հավասարակշռությունը, դիվանագիտական ճկունությունը և միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։

Հայաստանի համար խաղաղության գործընթացի հաջողությունը կախված կլինի այն բանից, թե որքան արդյունավետ կկարողանա համատեղել խաղաղության քաղաքականությունը սեփական ազգային շահերի պաշտպանության հետ։ Խաղաղությունը չի կարող հիմնված լինել միայն զիջումների վրա։ Այն պետք է ձևավորվի փոխադարձ պարտավորությունների, իրավահավասարության, միջազգային իրավունքի սկզբունքների և հավասարակշռված տնտեսական համագործակցության հիման վրա։

Այսպիսով, հայ-ադրբեջանական բանակցությունները մտել են նոր՝ քաղաքական և տնտեսական փուլ։ Եթե նախկինում հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր ռազմական հարցերի վրա, ապա այժմ առանցքային են դարձել սահմանադրական քննարկումները, հաղորդակցությունների ապաշրջափակումը, տնտեսական համագործակցությունը և տարածաշրջանային նոր տնտեսական ճարտարապետության ձևավորումը։ Սակայն գործընթացի գլխավոր հակասությունն այն է, որ կողմերը խաղաղության գաղափարը մեկնաբանում են տարբեր ռազմավարական տրամաբանությամբ։ Հայաստանի համար խաղաղությունը նախևառաջ զարգացման և կայունության գործիք է, մինչդեռ Ադրբեջանի համար այն նաև պատերազմի արդյունքների քաղաքական և իրավական ամրագրման միջոց է։

Հենց այս տարբերությունն է շարունակում մնալ բանակցությունների հիմնական մարտահրավերը։ Երկարաժամկետ և կայուն խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ երկու կողմերն էլ խաղաղության պայմանագիրը դիտարկեն ոչ թե որպես միակողմանի առավելությունների ամրագրման միջոց, այլ որպես երկու ինքնիշխան պետությունների միջև փոխադարձ իրավունքների, պարտավորությունների և պատասխանատվության վրա հիմնված համաձայնություն։ Միայն այդպիսի պայմաններում խաղաղությունը կարող է դառնալ ոչ թե ժամանակավոր դադար, այլ Հարավային Կովկասի կայուն անվտանգության և տնտեսական զարգացման իրական հիմք։