25/01/2026

«Ռուսաստանի և Եվրոպայի պատերազմ». Ռուսաստանը կհրաժարվի պատերազմել Եվրոպայի դեմ

Դավոսում կայացել է Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահների հանդիպումը:

Ավելի վաղ արեւմտյան մամուլը գրել է, որ Գերնլանդիայի հարցում ԱՄՆ-ի և եվրոպական երկրների տարաձայնությունների պատճառով հետպատերազմական Ուկրաինայի վերականգման մասին «գործարքի ստորագրումը հետաձգվում է», իսկ Վլադիմիր Զելենսկին առհասարակ կասկած էր հայտնել Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նպատակահարմարության շուրջ, եթե նախապես համաձայնեցված փաստաթուղթը չպետք է ստորագրվի:

Ինչպես տեղեկացնում են միջազգային լրատվամիջոցները, ԱՄՆ նախագահին Դավոսում ուղեկցում են հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջերադ Քուշները:

Նրանք նախօրեին բանակցություններ են վարել Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից առաջ: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Մոսկվայում Ուիթկոֆին և Քուշներին սպասում են:

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը Դավոսում լրագրողներին ասել է, որ ռուս-ուկրաինական կարգավորման բանակցություններում «չհամաձայնեցված է մնում մեկ հարց»: Նա մանրամասնությունների չի տրվել, բայց կարելի է ենթադրել, որ խոսքը կարգավորման, այսպես ասած, տարածքային բաղադրիչի մասին է:

Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Մոսկվան «տարակուսած է Դոնբասում «ինչ-որ տնտեսական ազատ գոտու ստեղծման» գաղափարից», որ, ենթադրաբար, տեղ է գտել ԱՄՆ-ի, Ուկրաինայի և եվրոպական «եռյակի» միջև համաձայնեցված փաստաթղթում:

Որքանո՞վ է իրականությանը մոտ այս տեղեկությունը, առայժմ դժվար է կողմնորոշվել: ԱՄՆ նախագահը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը բնորոշել է «շատ լավ»: Որոշ մանրամասնությունների մասին լրագրողները տեղեկացել են Ուկրաինայի նախագահից:

Նա հաստատել է տեղեկությունը, որ նախատեսվում է կազմակերպել ռուս-ամերիկա-ուկրաինական եռակողմ հանդիպում: Դա, ինչպես հայտնի դարձել մամուլին, ամերիկյան կողմի նախաձեռնությունն է, որին Մոսկվան «սկզբունքորեն համաձայնել է»:

Ըստ Վլադիմիր Զելենսկու, Ոիթկովը և Քուշները Դավոսում սպասել են իր և Դոնալդ Թրամփի հանդիպմանը, որպեսզի արդյունքների մասին իրազեկեն Վլադիմիր Պուտինին: Զելենսկին հայտնել է, որ եռակողմ հանդիպումը նախատեսվում է անցկացնել հունվարի 23-24-ին՝ Արաբական միացյալ էմիրություններում: Կողմերի բանագնացների ինքնությունը և պատվիրակությունների կազմն առայժմ հայտնի չէ:

Եթե Վլադիմիր Պուտինը վերջնական համաձայնություն տա, և ռուս-ամերիկա-ուկրաինական եռակողմ բանակցություններ, իրոք, տեղի ունենան, ապա հարկ կլինի, թերեւս, ընդունել, որ Ուկրաինայում պատերազմի «պիկը հաղթահարվում է»:

Դավոսում Վլադիմիր Զելենսկին ասել է, որ եթե պատերազմը մոտ ապագայում չդադարեցվի, ապա Ռուսաստանը «քանակական առումով տանուլ կտա կամ Պուտինը ստիպված կլինի համընդհանուր զորահավաք անցկացնել»: Ռուսաստանցի փորձագետներն, ընդհակառակը, համոզված են, որ Ուկրաինայի «մարդկային ռեսուրսներն սպառվում են»:

Փոխադարձվող այս քարոզչությունից կարելի է ենթադրել, որ երկու կողմի համար էլ պատերազմը վերածվել է «ուժերից վեր բեռի»: ԱՄՆ նախագահի հետ բանակցություններից հետո Զելենսկին ասել է, որ «Ռուսաստանը նույնպես պետք է փոխզիջման պատրաստ լինի»:

Կրեմլի պաշտոնական քարոզչության մատուցմամբ՝ եթե Կիևը «չի ազատագրվում, ապա դա արդեն մեծ զիջում է»: Իրական քաղաքական ռեժիմում, անշուշտ, ռուսաստանցի բանագնացները նման խոսույթ չեն կիրառի, բայց միաժամանակ պարզ չէ, թե ո՞րն է այն «գիծը», որտեղ Պուտինը համաձայն է կանգ առնել:

Հավանական է, որ առաջիկա մի քանի օրերին Ռուսաստանի դիրքորոշումը համեմատաբար պարզ կլինի: Ուշագրավ է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը Դավոսում ուկրաինական հակամարտությունն անվանել է «Ռուսաստանի և Եվրոպայի պատերազմ»: