31/01/2026

Ղրիմի, Դոնբասի և Նովոռուսիայի ժողովուրդները կարո՞ղ են իրացնել ազատ ինքնորոշման իրավունքը

Մեր Իրավական հարցերի վարչությունում անցկացված շատ մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո եկել ենք եզրակացության, որ ինքնորոշման իրավունքը Ղրիմի և Դոնբասի իրավիճակի վերաբերյալ կիրառելի չէ:

Մեր կարծիքով, այդ իրավիճակում գերակա է տարածքային ամբողջականության սկզբունքը: Այդ մասին հունվարի 29-ին մամուլին հայտնել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

Ավելի վաղ, ինչպես տեղեկացրել է Սերգեյ Լավրովը, ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Նեբեզնյան «մի քանի անգամ բանավոր հարցում է կատարել՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք «Ղրիմի, Դոնբասի և Նովոռուսիայի ժողովուրդները կարո՞ղ են իրացնել ազատ ինքնորոշման իրավունքը, որ սահմանված է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ, բայց պարոն Գուտերեշը և նրա ներկայացուցիչ Դյուժերեկը խուսափել են «այո» կամ «ոչ պատասխանից»:

ՌԴ արտգործնախարարը պարզաբանել է, որ ՄԱԿ-ին գրավոր դիմելու առիթ է հանդիսացել Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Դյուժերեկի մեկնաբանությունը, ըստ որի Գրենլանդիայի հարցը պետք է կարգավորվի Դանիայի տարածքային ամբողջականության և Գրենլանդիայի բնակչության ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Լավրովը հիշեցրել է, որ Գրենլանդիայի նկատմամբ հավակնությունը Միացյալ Նահանգների նախագահը հիմնավորել է անվտանգության նկատառումներով և զուգահեռ անցկացրել այդ դիրքորոշումն և Ուկրաինայից Ռուսաստանի «դեմ սպառնալիքը կանխելու անհրաժեշտության» միջև:

Լավրովը բացահայտել է, որ «հատուկ ռազմագործողություն սկսելուց» որոշակի ժամանակ առաջ Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել է Դոնբասի «ժողովրդին օրինական ինքնորոշման իրավունք տրամադրել» և մերժում ստացել:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարը, հղելով «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւին, Ուկրաինայի դեմ պատերազմը հիմնավորել է նրանով, որ եթե պետությունը չի ճանաչում ինքնորոշման իրավունքը, ապա տարածքային ամբողջականության հարգման սկզբունքը նրա նկատմամբ կիրառելի չէ:

Ռուսաստանի ԱԳՆ-ն Ղրիմի, Դոնբասի և «Նովոռուսիայի» ինքնորոշման իրավունքի օրինական-ոչ օրինականության հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին դիմելու ի՞նչ անհրաժեշտություն է ունեցել:

Ըստ երևույթին, Մոսկվայում զգուշանում են, որ եթե անգամ ուժի սպառնալիքով Ուկրաինային տարածքային զիջումներ պարտադրվեն, միեւնույն է՝ միջազգային իրավունքի տեսակետից այդ «համաձայնագիրը» լեգիտիմ չի ճանաչվի:

Հավանական է, որ Գրենլանդիայի հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշման փոփոխությունը նույնպես այդ հանգամանքով է պայմանավորված: Ռուսաստանն այլև չի կարող պնդել, որ «այն, ինչ թույլատրվում է ԱՄՆ-ին, պետք է թույլատրվի նաև իրեն». Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Ռյուտեն Գրենլանդիայում անվտանգային միասնական համակարգ ստեղծելու համաձայնության են եկել:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՄԱԿ-ի Ղրիմի և Դոնբասի վերաբերյալ Գլխավոր քարտուղար Գուտերեշի պարզաբանումն անվանել է «վայրենի մեկնաբանություն»: