05/01/2026

Եվ այս ամենը տեղի է ունենում առանց հստակ իրավական հիմքերի, իսկ ԵՄ-ն լռում է

Մեծարգո պարոն Վասիլիս Մարագոս,

Ես չեմ կասկածում Եվրոպական միության՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած բարի և արժանապատիվ մտադրություններին, ինչպես Դուք արտահայտել եք Ձեր ամանորյա ուղերձում։ Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և իրավունքի գերակայությունը եղել և մնում են ԵՄ-ի հիմնարար սկզբունքները՝ հիմնադրումից մինչև այսօր։

Ես ապրում եմ Եվրոպայում 1968 թվականից․ սկզբում՝ Ավստրիայում, ապա արդեն 45 տարի՝ Գերմանիայում։

Եվ գիտե՞ք, պարոն դեսպան, քանի անգամ եմ ես ականատես եղել, թե ինչպես է ԵՄ-ն քաղաքական անգործության մեջ փակել աչքերը և շարունակել ուրախությամբ իր գործարքները ավտոկրատական պետությունների հետ։ Քանի՞ անգամ է ԵՄ-ն ոտնահարել իր վերոնշյալ հիմնարար սկզբունքները, երբ խոսքը գնացել է շահավետ պայմանավորվածությունների մասին։

Բացի այն ամենից, ինչ վերջին 6 տարիների ընթացքում տեղի է ունեցել Հայաստանում և նրա շուրջը՝ այն բանից, թե ինչպես ԵՄ-ն պարգևատրեց մի ավտոկրատի գեղեցիկ լուսանկարներով և էներգետիկ գործընկերությամբ, մինչ նա իր պատմական հայրենիքից վտարեց մնացած 120 000 հայերին, ես այս օրերին կրկին ականատես եմ դառնում, թե ինչպես է ԵՄ-ն միջամտում մի ինքնիշխան պետության ներքին գործերին՝ ֆինանսական միլիոնավոր եվրոներ տրամադրելով գործող իշխանություններին՝ կանխելու համար ցանկացած տեսակի «ընտրակեղծիք», որը կարող է խոչընդոտել Եվրոպային կողմնորոշված Փաշինյանի կառավարության վերարտադրությանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։

Մեծարգո պարոն դեսպան, 25 տարի առաջ Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, ակտիվորեն մասնակցեց խորհրդի տարբեր մարմինների աշխատանքներին, համագործակցեց գործընկերային ծրագրերում՝ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները խթանելու նպատակով։

Վերջին տարիներին ընդդիմադիր պաշտոնյաներ, քաղաքապետեր և այլք ձերբակալվում են և, ենթադրյալ պաշտոնեական չարաշահումների մեղադրանքով, դատապարտվում երկարատև ազատազրկման։ 2025 թվականի սկզբից նաև ակտիվ ընդդիմադիր քաղաքացիներ են կալանավորվում՝ ենթադրյալ ատելության խոսքի մեղադրանքով։

Այս ամենը տեղի է ունենում Ձեր գրասենյակի աչքի առաջ, սակայն առանց ԵՄ-ի որևէ արձագանքի։ Վերջին շրջանում Էջմիածինը դարձել է կառավարության համար խանգարող գործոն։ Այն հոգևորականները, որոնք հրապարակայնորեն քննադատում են կառավարության սոցիալական և արտաքին քաղաքականությունը, ձերբակալվում և դատապարտվում են։

Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ որը նույնպես քննադատում է կառավարության քաղաքականությունը, մեղադրում են կուսակրոնության խախտման մեջ և պահանջում նրա հրաժարականը։ Եվ այս ամենը տեղի է ունենում առանց հստակ իրավական հիմքերի։ Իսկ ԵՄ-ն լռում է։

Եվ քանի դեռ ԵՄ-ն լռում է, Փաշինյանի կառավարությունը իրեն ապահով կզգա՝ գործելով ԵՄ-ի հիմնարար արժեքների շրջանակում և կընդլայնի իր գործողությունների շրջանակը մինչև ընտրությունների օրը։ Արդյո՞ք սա է ԵՄ-ի ցանկությունը։

Եվ հիմա հարց եմ տալիս Ձեզ, պարոն դեսպան․ որտե՞ղ են մնացել այն «Եվրոպական միության հիմնարար արժեքները», որոնք ամեն առիթով բարձրաձայն գովաբանվում են։ Եթե այժմ, որպես պատասխան, Դուք փորձեք փաստարկել, պարոն դեսպան, որ ամբողջ աշխարհն է այդպես գործում, ապա ես կարող եմ միայն ասել, որ այդ հարցում Դուք բոլորովին սխալ չեք։

Մանուկ Աճեմյան

Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի,

Դեխանտ-Քրեյ-փող. 8, 51379 Լևերկուզեն, Գերմանիա