31/01/2026

Զելենսկու Մոսկվա այցը բացառված է, իսկ որքա՞ն կտևի պատերազմը

Դոնբասի կարգավիճակի հարցը ռուս-ուկրաինական բանակցությունների ամենաբարդ փուլն է, որի լուծմանը կողմերը դեռևս չեն մոտեցել: Այդ մասին Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամներին հունվարի 28-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Նրա ելույթի էական ընդգծումները փոխանցել է Reters-ը: Ըստ Ռուբիոյի, դիվանագետները ներկայումս փորձում են այդ խնդրով Մոսկվայի և Կիևի դիրքորոշումների «միջև շփման եզրեր գտնել, բայց առաջընթացը սահմանափակ է»:

«Ես գիտեմ, որ ակտիվ աշխատանք է տարվում, որպեսզի փորձ արվի հասկանալու՝ հնարավո՞ր է այդ հարցում հաշտեցնել երկու կողմերի հայացքները: Դա այն սահմանն է, որ մենք դեռ պետք է հատենք, առայժմ դա բաց է մնում:

Բայց մեզ, համենայն դեպս, հաջողվել է թեմաների հավաքածուն ի մի բերել որպես մեկ կենտրոնական խնդիր, և դա, հավանաբար, կլինի ամենաբարդը, այնուամենայնիվ, այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ռուբիոն ընդունել է, որ Ուկրաինայի համար քաղաքական առումով «բարդ է նույնիսկ մտածել այն գաղափարի շուրջ, որ կարելի է թույլ տալ տարածքների փոփոխություն քննարկել»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ԱՄՆ պետքարտուղար համարում է, որ «նրանք արդեն երկուսուկես տարի է՝ իրենց քաղաքացիներին պատմում են, որ այդ պատերազմում հսկայական առավելությամբ հաղթում են, ուստի մարդիկ կզարմանան, թե ինչո՞ւ են տարածքներ հանձնում, եթե այդպես վճռականորեն հաղթում են»:

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այս հայտարարությունը Մոսկվային հասցեագրված բաց և չափազանց թափանցիկ ազդակ է առ այն, որ Ռուսաստանը պատերազմում «հսկայական առավելությամբ և վճռականորեն» չի հաղթում:

Ըստ էության, Մարկո Ռուբիոն, ով նաև ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդականն է, ուղղակիորեն վիճարկում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն թեզը, որ եթե դիվանագիտական ճանապարհով չհաջողվի, ապա Ռուսաստանը «հատուկ ռազմական գործողությամբ առաջադրված նպատակներին կհասնի» պատերազմը շարունակելու միջոցով:

Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամների հետ հանդիպմանը Միացյալ Նահանգների պետքարտուղարը հնչեցրել է ամենաէական միտքը, եկող ամսվա սկզբին Աբու-Դաբիում մեկնարկելիք բանակցություններին ԱՄՆ-ը չի մասնակցի, դրանք կկրեն երկկողմ՝ ռուս –ուկրաինական բնույթ:

Այս առումով Մարկո Ռուբիոն հավելյալ պարզաբանում է արել: Ամերիկացի դիվանագետները կմեկնեն Աբու-Դաբի, բայց այնտեղ չեն լինի Ուիթկոֆը և Քուշները:

Կարելի է ենթադրել, որ նման որոշում անձամբ Դոնալդ Թրամփն է կայացրել: Եվ այդ առնվազն «պաուզան» պայմանավորված է Դոնբասի կարգավիճակի հարցը «Անքորիջի բանաձևի» հիման վրա կարգավորելու անհրաժեշտության մասին ՌԴ նախագահի օգնական Ուշակովը և մամուլի քարտուղար Պեսկովի կողմից վերջին օրերին արված հայտարարության հետ:

ԱՄՆ-ը նախագահը, կարծես, Վլադիմիր Պուտինին ասում է, որ «Անքորիջի բանաձև գոյություն չունի»: Դոնբասի կարգավիճակի, տարածքների խնդրի վերաբերյալ Ռուբիոյի դիտարկումները ցույց են տալիս, որ ուկրաինական կարգավորման այդ չափազանց բարդ հարցի լուծումը Վաշինգտոնը վերապահում է Մոսկվա-Կիև ուղղակի երկխոսությանը:

Արտաքին քաղաքականության հարցերով ՌԴ նախագահի օգնական Յուրի Օշակովը ՏԱՍՍ-ին ասել է, որ եթե Ուկրաինայի նախագահ Զելենսկին հակամարտությունը կարգավորելու ցանկություն ունի, ապա Ռուսաստանը պատրաստ է նրան հյուրընկալել Մոսկվայում, «երաշխավորել անվտանգությունը և ապահովել բոլոր պայմանները»:

Ասվածից կարելի է ենթադրել, որ «եթե Անքորիջի բանաձևը չի գործում, ուրեմն ակտուալանում է պատերազմի և Ուկրաինայի կապիտուլյացիայի տարբերակը», քանի որ առկա իրավիճակում Զելենսկու Մոսկվա այցը բացառված է: Որքա՞ն կտևի պատերազմը: