01/02/2026

ԱՄԷ-ն ա՞յն երկիրն է, որ կարող է Ռուսաստանի նախագահի վրա ազդեցություն ունենալ

Արաբական միացյալ էմիրությունների նախագահ Մոհամեդ բին Զայիդ ալ-Նահաիանը ժամանել է Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այդ մասին հայտնել է ՌԻԱ-Նովոստին՝ հղելով Կրեմլի մամուլի ծառայությանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, երկու երկրների առաջնորդները «ծրագրում են քննարկել Մոսկվա-Աբու-Դաբի հարաբերությունները, Մերձավոր Արևելքի իրավիճակը և միջազգային այլ հարցեր»:

Կրեմլի տարածած տեղեկատվության մեջ ասված է, որ Պուտին- ալ-Նահաիան բանակցություններին «ներկա կգտնվի Աբու-Դաբիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ հանդիպմանը ռուսաստանյան պատվիրակության ղեկավար ԶՈՒ ԳՇ Հետախուզության գլխավոր վարչության պետ ծովակալ Իգոր Կոստյուկովը»,- ինչը սկզբունքորեն փոխում է ԱՄԷ նախագահի մոսկովյան այցի քաղաքական բնույթը:

Բանն այն է, որ անցած կիրակի ալ-Նահաիանն Աբու-Դաբիում ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարներին: Ռուս-ուկրաինական քննարկումների երկրորդ փուլը ծրագրված է անցկացնել փետրվարի 1-ին:

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամներին ասել է, որ նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը «չի մասնակցի» Աբու-Դաբիի հանդիպմանը:

ԱՄԷ նախագահն, ըստ երևույթին, Մոսկվա է մեկնել, որպեսզի Վլադիմիր Պուտինի հետ քննարկի հատկապես ուկրաինական կարգավորման հեռանկարը: Հանդիպմանը ծովակալ Կոստյուկովի մասնակցությունը դա է վկայում:

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին հարթակ տրամադրելով՝ ԱՄԷ նախագահը, եթե դա անգամ խորհրդանշական է, ստանձնել է ուկրաինական կարգավորման միջնորդի բարդ առաքելություն: Ավելի վաղ այդ դերակատարությանը ձգտում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Դավոսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակային ասել է, որ Պուտինը և Զելենսկին հանդիպելու և համաձայնության գալու հնարավորություն ունեն, իսկ «եթե դա տեղի չունենա, ուրեմն նրանք հիմար են»:

Ալ-Նահաինի Մոսկվա այցի նախօրեին ՌԴ նախագահի օգնական Ուշակովն ասել է, որ եթե Զելենսկին կարգավորման հասնելու մտադրություն ունի, ապա Ռուսաստանը պատրաստ է նրան հյուրընկալել Մոսկվայում, երաշխավորել անվտանգությունը և անհրաժեշտ բոլոր պայմաններն ստեղծել:

Առկա իրավիճակում Ուկրաինայի նախագահի Մոսկվա այցը բացառված է: Հավանակա՞ն է, որ Զելենսկի-Պուտին հանդիպում կազմակերպվի Աբու-Դաբիում:

Տեսականորեն դա հնարավոր է: ԱՄՆ պետքարտուղարը հունվարի 28-ին ասել է, որ միջնորդներն աշխատում են տարածքների հարցում Մոսկվայի և Կիևի դիրքորոշումների միջեւ գոնե շփման եզրեր գտնել: Խոսքն արդյոք ԱՄԷ նախագահի միջնորդության մասի՞ն է:

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու դեպքում միջազգային հարաբերություններում որոշակի պարզություն կմտնի: Բայց ԱՄԷ-ն ա՞յն երկիրն է, որ կարող է Ռուսաստանի նախագահի վրա ազդեցություն ունենալ: