Ռուսաստանը հաստատում է «Թրամփի ուղի» նախագծին միանալու հնարավոր տարբերակները քննարկելու պատրաստակամությունը: Այդ մասին ամենշաբաթյա ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ըստ Զախարովայի, Ռուսաստանի «կառավարությունը դիտարկում է Երևանի բոլոր հարցադրումները», այդ դիմումները ՌԴ պրոֆիլային գերատեսչությունների կողմից «օպերատիվորեն մշակվում են»:
Ինչ վերաբերում է «Թրամփի ուղուն», ապա Ռուսաստանը «հաստատում է այդ նախագծին միանալու հնարավոր տարբերակները քննարկելու պատրաստակամությունը, այդ թվում՝ Ռուսաստանի երկաթուղիների փորձաքննության բացառիկությունը»:
Զախարովան կարծում է, որ «հավանաբար, ամենից առաջ պետք է ծանոթանալ այդ նախաձեռնության իրականցման և գործարկման բոլոր մանրամասնություններին»:
Որքանով Ռուսաստանում հասկանում են, նախագիծը «գտնվում է նախնական փուլում»: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ամփոփել է, որ «բոլոր կողմերի մասնակցությամբ քննարկումներ անցկացնելու» մասին Մոսկվայից Երևանին արված «առաջարկությունը մնում է ուժի մեջ»:
Այս դիտարկումներում, երեւի, պետք է առանձնացնել երկու «զգայուն հանգամանք»: Նախ, ի՞նչ կապ ունի Ռուսաստանի երկաթուղիներ պետական ընկերության «բացառիկ փորձաքննությունը» Հայաստանի հարավում իրականացվելիք հայ-ամերիկյան համատեղ նախագծի հետ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հրապարակայնացրել է, որ դիմել է Ռուսաստանին և առաջարկել, որ վերականգնվեն երկաթուղու Երասխ-Սադարակ և Գյումրի-Կարս հատվածները:
Վերջին ճեպազրույցի ընթացքում Փաշինյանը պարզորոշ հասկացրել է, որ եթե Ռուսաստանը հրաժարվի, ապա երկաթուղու պակասող հատվածները կվերականգնի Հայաստանը: Ռուսաստանի երկաթուղիների «փորձաքննության բացառիկության» մասին Զախարովայի ասածից կարելի է ենթադրել, որ Մոսկվան կարող է երկաթուղու պակասող հատվածները վերականգնել, եթե կառուցվելիք հաղորդուղու «կառավարումը վերապահվի Հարավ-կովկասյան երկաթուղիներին»:
Երկրորդ «նրբությունը» Երևանին արված՝ «բոլոր կողմերի մասնակցությամբ քննարկումներ անցկացնելու» առաջարկությունն է: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի համար ակնհայտորեն գաղտնիք չէ, որ «Թրամփի ուղի» նախագիծը հայ-ամերիկյան է, որին «երրորդ կողմի մասնակցությունը հնարավոր է»:
Իրավական այս հիմքը պատշաճ կերպով հարգելու դեպքում նա պետք է ասեր, որ Ռուսաստանը «պատրաստ է հայ և ամերիկացի գործընկերների հետ… քննարկումներ անցկացնել»: Զախարովան օգտագործել է «բոլոր կողմեր» ձևակերպումը, ինչը ոչ միայն շատ հեղհեղուկ, այլև իրավա-քաղաքական առումով տարողունակ է:
Ընդ որում, Ռուսաստանը «Թրամփի ուղու» վերաբերյալ տարընթերցումների տեղ թողնող և նկատելիորեն ենթատեքստային տեսակետ է հնչեցրել մի փուլում, երբ սպասվում է ԱՄՆ փոխնախագահի Հայաստան և Ադրբեջան այցը, որի ընթացքում, ինչպես ենթադրվում է, կհայտարարվի նախագծի գործնականացման մեկնարկի մասին:
Թերևս, արժե նաեւ նկատել, որ Մոսկվայի պաշտոնական տեսակետը հնչել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսի հաջորդ օրը: Իսկ նա կանխատեսել է, որ TRIPP-ը Հայաստանի «համար սպառնալիք է»:






Բաց մի թողեք
Ադրբեջանը ո՞ր ճամբարին է հարում․ Թրամփը «կփրկի՞» Ալիևին
Պուտինը վերադառնում է կտրուկ անմեղսունակությանը, նորից սպառնում է միջուկային զենքով
Թրամփի դեմ uեռական nտնձգության մեղադրանքները անհետացել են Էպշտեյնի գործերի արխիվից․ այլ մանրամասներ