19/01/2026

Թրամփը շարունակելու է իր ագրեսիվ արտաքին քաղաքականությունը․ Wall Street Journal

Ամերիկյան Wall Street Journal պարբերականը գրում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ոգեւորվել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարման գործողության հաջողությունից, եւ շարունակելու է իր ագրեսիվ արտաքին քաղաքականությունը այս տարի։

Համաձայն պարբերականի, Թրամփը մեկ անգամ չէ, որ պատմել է Մադուրոյի առեւանգման օպերացիայի մանրամասները, նշելով, որ այդ գործողության համար պատասխանատու է եղել էլիտար «Դելտա» ջոկատը։ Նա այդ ջոկատի մարտիկներին անվանել է «հզոր տղաներ»։

ԱՄՆ նախագահը նաեւ ասել է, որ ներկայումս Միացյալ Նահանգներից արդեն վախենում են ու հարգում։ Ու թեեւ Թրամփը կարծես թե մտադիր է շարունակելու իր ագրեսիվ արտաքին քաղաքականությունը, սակայն դա բացասաբար է անդրադառնում նրա վարկանիշի վրա։ Ու հանրապետական կուսակցությունում էլ մտավախություն ունեն, որ դեմոկրատները կկարողանան այս ամենի արդյունքում միջանկյալ ընտրություններում վերականգնել Ներկայացուցիչների պալատի նկատմամբ վերահսկողությունը, ինչը նրանց հնարավորություն կտա սկսելու հետաքննություն՝ կապված նախագահ Թրամփի գործողությունների հետ։