Տեր Անուշավան քահանա Կոշեցյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ միանում է ՀՀ վարչապետի եւ տասը եպիսկոպոսների ընդունած՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման մասին հայտարարությանը:
«Ես՝ Տեր Անուշավան քահանա Կոշեցյանս, ողջունում եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացը եւ միանում եմ ՀՀ վարչապետի եւ տասը եպիսկոպոսների կողմից ընդունված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը»,- սոցցանցի իր էջում գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 5-ին Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ տասը սրբազանների կողմից կազմված հակաեկեղեցական համակարգող խորհրդի ստեղծումը, հայտարարել էր, որ միանում է նրանց, ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։ Հունվարի 9-ին Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը եւ Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը, Տեր Մովսես քահանա Աշուրյանը, Տեր Պողոս քահանա Միքայելյանը, Տեր Գալուստ քահանա Սահակյանը եւս հայտարարել են, որ միանում են ՀՀ վարչապետի եւ տասը եպիսկոպոսների՝ եկեղեցու բարենորոգման մասին հայտարարությանը:
Հարյուրավոր այլ եկեղեցականներ էլ իրենց աջակցությունն էին հայտնել Վեհափառ հայրապետին։ Հիշեցնենք․ հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հայտարարություն էր հրապարակել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման վերաբերյալ, սակայն մինչ այս պահը հայտնի չէ, թե Նիկոլ Փաշինյանն ու Բենթլի Կճոյանն ինչ նկատի ունեն բարենորոգում ասելով։
Թեմայի վերաբերյալ «Հրապարակը» զրուցել է Տեր Անուշավան քահանա Կոշեցյանի հետ։
– Գաղտնիք չէ, որ Ձեզ եւ մնացյալ բոլոր այն հոգեւորականներին, ովքեր կաթողիկոսի դեմ են դուրս եկել, հանրության մի ստվար զանգված մեղադրում է կաշառվելու, սպառնալիքների ենթարկվելու մեջ, սակայն, որքան էլ որ զարմանալի է, Դուք եւ մնացյալ հոգեւորականները չեք արձագանքում այդ մեղադրանքներին, տպավորություն է, թե մարդիկ իսկապես ճշմարտությունն են ասում։ Ի վերջո՝ այս մասով չունե՞ք ասելիք։
– Այդ ամենը կատարյալ սուտ է։ Ինձ վրա ոչ մի կոմպրոմատ չկա, ոչ էլ ինձ ինչ-որ բան են խոստացել։ Եթե անկեղծ ասեմ՝ չկա մի բան, որի կարիքը ես ունենամ, եւ մի հատ էլ ինձ խոստանան։ Փառք Աստծո, ես Աստծուն ամեն բանի համար շնորհակալ եմ։ Ես՝ եկեղեցու մի մասնիկ, այս հարցին նայում եմ հետեւյալ ձեւով․ եկեղեցին շատ է հեռացել իր առաքելությունից՝ ներողամտությունից, բարությունից, սիրուց։ Կաթողիկոսն իր ենթականերին է սպառնում պատժել, ենթականերն իրենց ենթականերին են վախեցնում պատժելով, եւ այսպես շարունակ։ Եկեղեցում վախի մթնոլորտ է, մեկը մյուսին պատժում է, բայց մի տեղ եթե կա վախ, ապա չկա սեր, իսկ եթե չկա սեր, չկա նաեւ բարություն։
– Օրինակ, կոնկրետ Ձեզ ո՞վ է վախեցրել, ինչպե՞ս է վախեցրել։ Պնդում եք, որ վախի մթնոլորտ է։ Եկեք ուղիղ օրինակներով խոսենք։
– Վաղուց եմ նկատել այդ փաստը, միշտ էլ եղել է այս ամենը։ Գրիգոր Լուսավորչից մինչեւ Գարեգին Առաջին կաթողիկոս՝ եկեղեցում այսքան հոգեւորական կարգալուծ չի արվել, որքան վերջին 25-26 տարիների ընթացքում։ Իհարկե, շատերն արդարացիորեն են կարգալույծ արվել, իսկապես առիթներ են տվել, շատերն էլ, տեսնելով, որ պայքարն անիմաստ է, իրենք են իրենց կամքով թողել հեռացել եկեղեցուց, բայց շատերն էլ լավ մարդիկ են եղել․․․․ այս ամենը շատ է տխրեցնում։
– Կա մի անհերքելի փաստ, որը տեսել ենք բոլորս․ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը քննադատեց Հայ առաքելական եկեղեցին, դրանից հետո նոր միայն Փաշինյանը որոշեց «բարենորոգել» առաքելական եկեղեցին։ Այստեղ որեւէ միտում Դուք իսկապե՞ս չեք տեսնում։ Ի՞նչ է սա, պատահականությո՞ւն։
– Անկեղծ ասեմ՝ ես այդպես չեմ մտածել, չեմ էլ ուզում մտածել, որովհետեւ այդ ամենում ես տեսնում եմ քաղաքականություն, իսկ քաղաքականության մեջ ես երկու սանտիմետրից ավել առաջ չեմ կարող գնալ։ Ինձ իմ որոշման համար անվանում են այժմ նիկոլական, սակայն ինձ ոչ մեկի ասածը չի հետաքրքրում, ես ո՛չ նիկոլական եմ, ո՛չ քոչարյանական եմ, ո՛չ սերժական եմ, ո՛չ էլ դաշնակցական եմ։ Ես հոգեւորական եմ։ Քաղաքական հարցերից ես չեմ հասկանում, դա իմը չէ։ Միշտ իմ ուժերի չափով ծառայել եմ եկեղեցուն, միշտ եղել եմ նվիրված։ Անկեղծ ասած՝ ոչ մի մեղադրանք ինձ չի հետաքրքրում, ով ինչ ուզում է, թող ասի։ Ես ունեմ իմ հայացքները, իմ համոզմունքները եւ կարծում եմ, որ եկեղեցին պետք է լինի բարության մեջ։ Այժմ էլ կարեւոր եմ համարում մեր սկսած պրոցեսի նպատակը, եւ այստեղ էլ հարցը բնավ հոգեւորականների քանակը չէ, այլ՝ նպատակը։ Բոլորն էլ իմ հոգեւոր եղբայրներն են։ Ես երբեք չեմ մտածել, որ քաղաքականության մեջ կարող եմ խոսք ասել։ Չի կարելի եկեղեցին քաղաքականացնել։ Աստծո կողմից տրված՝ մենք ունենք անձեռնմխելիության կոչում, այն միջնորդի կոչումն է՝ Աստծո եւ հավատացյալի միջեւ։ Վեհափառից սկսած մինչեւ քահանա, չպետք է մեր առաքելությունը՝ միջնորդությունը թողնենք ու խաղանք ընդդիմադիր կամ իշխանական։
– Բայց այս պրոցեսը նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանը, հետեւաբար, այն քաղաքական է։ Ուզեք, թե ոչ, Փաշինյանը քաղաքական գործիչ է, այլ ոչ թե հոգեւորական։
– Սուրբ Էջմիածինը դարձել է ընդդիմադիր ճամբար, ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ, բայց ընդամենը պաշտպանության աղոթք արեցի մարդկանց համար, եւ եթե իմ աղոթքին ուշադրություն եք դարձրել, ապա ես Աստծուց խնդրել էի պաշտպանել իմ Հայոց աշխարհը եւ հայ ժողովրդին, անգամ այնտեղ հավաքվածների անունը չեմ տվել, սակայն հաջորդ օրը իմ մասին ինչ ասես, որ սկսեցին ասել։ Իմ գլխին որքան թույն, թարախ ասես թափեցին։ Մենք օծում ենք ստացել, որ մարդկանց օրհնենք, ոչ թե ստացել ենք ապառնալիքների համար։ Կամ՝ ի՞նչ է նշանակում, որ հոգեւորականը նզովք կամ անեծք է անում։ Նման բան հոգեւորականը կարող է անել միայն անճարության եւ թուլության ժամանակ։ Չի կարելի անիծել։
– Բայց ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ վարչապետը եւ իր կինը սկսեցին ֆեյսբուքյան իրենց էջերում փողոցային բառապաշարով գրառումներ անել հոգեւորականների, սրբազանների հասցեին։ «Մանկապիղծներ», «դոմփել»․ այսպիսի բառերով էին նրանք խոսում սրբազանների մասին։
– Ինձ հետաքրքիր չէ, թե Փաշինայնն ինչ բառերով է խոսում, ես իմ հոգեւոր եղբայրների մասին եմ խոսում։ Փաշինյանն ասել էր, օրենք կա, թող օրենքով դիմեին, Փաշինյանից պատիվ պահանջեին, եթե կարող էին արդարանալ, թող արդարանային, մաքրվեին, իսկ եթե չկարողացան պատասխան տալ, դա իրենց խնդիրն է։ Կաթողիկոսը մի անգամ չխոսեց այդ մասին, ինչո՞ւ է լռում, թող ասի՝ էսինչ բանը սխալ է, այնինչ բանը ճիշտ է։ Ոչ մի բան չի ասում։ Ինձ ինչ ասես, որ ասացին․ է՛լ փողոցային, է՛լ տգետ, բայց ես այդ ամենից չեմ նեղվում։







Բաց մի թողեք
Մերձավանում հետաքրքրվում են, թե ինչ եղավ Մհեր Ախտոյանը․ Լուսանկար
Նիկոլ Փաշինյանը մտադիր է «սրտիկի» ժեստը դարձնել նախընտրական
Էրդողանի «մտածած, բայց չհնչեցրած տեսակետները»