29/12/2025

Պատերազմից 5 տարի անց

Այսօր լրանում է Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ավարտի 5-րդ տարելիցը։ 2020թ.-ի այս օրը՝ նոյեմբերի 9-ին, հայտարարվեց կրակի դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 9 կետից բաղկացած եռակողմ հայտարարության ստորագրման մասին։

Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի 7 շրջանները, Շուշին ու Հադրութը։

44-օրյա պատերազմում հայկական կողմից զոհվածների թիվը պաշտոնական տվյալներով 3,830 է, իսկ ոչ պաշտոնայան տվյալներով այդ թիվը գերազանցում է 5 հազարը։

Ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանումը վերահսկելու համար ռուս խաղաղապահների դիտակետեր տեղակայվեցին Արցախի և Ադրբեջանի սահմանի, ինչպես նաև Հայաստանն ու Արցախը միացնող Լաչինի միջանցքի երկայնքով:

44-օրյա պատերազմից երեք տարի անց՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ևս մեկ հարձակում իրականացրեց Արցախի վրա։ Ռազմական գործողությունների հետևանքով զոհվեց 214 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ։ 10 ամիս շարունակվող շրջափակումից հետո սանձազերծված ագրեսիան անհնարին դարձրեց հայ բնակչության անվտանգ գոյությունն Արցախի Հանրապետության ողջ տարածքում։

4 պատերազմով անցած արցախցիները ստիպված լքեցին իրենց տները և ավելի քան 100 հազար մարդ բռնեց գաղթի ճանապարհը դեպի Հայաստան։ Արցախը հայաթափվեց։ Այդ օրերի ընթացքում Ադրբեջանը ձերբակալեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Պաշտոնական տվյալներով՝ այս պահին Բաքվում պահվում է 55 հայ, այդ թվում՝ 6 քաղաքացիական անձ, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական և զինվորական գործիչ։ 2020-2023 թթ. Արցախյան պատերազմների հետևանքով 300 անձ անհետ կորած է համարվում։