31/01/2026

Քանի ՀՀ քաղաքացի է արտաքսվել ԱՄՆ-ից, նոր մեծ խումբ, նոր ինքնաթիռ է ժամանել Նահանգներից

Հունվարի 25-ին Նիկոլ Փաշինյանը որպես ուրախալի լուր տարածեց այն փաստը, որ 2025 թվականին Հայաստան մուտք գործած ՀՀ քաղաքացիների թիվը գերազանցել է Հայաստանից գնացածների թվին՝ այդ փաստը ներկայացնելով որպես իր իշխանության կողմից իրականացվող քաղաքականության ձեռքբերում։

«2025 թվականին 8 հազար 660 Հայաստանի Հանրապետության քաղաքացի ավել է մուտք գործել մեր երկրի տարածք, քան ելք է գործել Հայաստանի Հանրապետությունից։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքի ու մուտքի տարբերության նման վիճակագրություն, մեր երկրում վարվում է 2010 թվականից, եւ առաջին անգամ է, որ մենք ունենք դրական տարբերություն»։

Ըստ Փաշինյանի, սա արդյունք է, առաջինը` խաղաղության եւ երկրորդը` տնտեսական զարգացման կամ խաղաղության պայմաններում տնտեսական զարգացման։ Փաշինյանը հերթական անգամ ստում է եւ ստում է կրկնակի` իրենից չկախված իրադարձությունները վերագրելով իրեն։

Փաշինյանի սույն հայտարարությունից ուղիղ մեկ օր հետո տեղեկություն տարածվեց, որ Հայաստան վայրէջք է կատարել ԱՄՆ-ից ժամանած Boeing 767-300 ինքնաթիռը, որը Հայաստան է բերել ԱՄՆ իշխանությունների կողմից արտաքսված ապօրինի ներգաղթյալների։ Թեեւ Հայաստանի արտգործնախարարությունը հաստատել է այս տեղեկությունը, բայց չի հստակեցրել արտաքսված ներգաղթյալների թիվը։

Այդ մարդիկ Հայաստանից փախածներն են, նրանք, ամենայն հավանականությամբ, փախել են Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին, ինչու` որովհետեւ ավելի վաղ փախածները հասցրած կլինեին նատուրալիզացվել՝ քաղաքացիություն կամ այլ կարգավիճակ ստանալ, որի դեպքում արտաքսելն ավելի դժվար կլիներ։

Այդ մարդիկ Հայաստան չեն եկել, քանի որ Հայաստանում խաղաղություն է կամ տնտեսական զարգացում, նրանք Հայաստան են բերվել պարտադրաբար, նրանց որսացել են ԱՄՆ քաղաքների փողոցներից, խանութներից կամ այլ հանրային վայրերից եւ ուղարկել իրենց հայրենիք։ Սա առաջին դեպքը չէ, որ ԱՄՆ իշխանությունները Հայաստան են արտաքսում ՀՀ քաղաքացիների:

Դա սկսվեց անցած տարվա սկզբից, երբ ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրեց Դոնալդ Թրամփը, որի նախընտրական խոստումներից մեկն էլ ապօրինի ներգաղթի կասեցումն էր, երկիրը ներգաղթյալներից ազատելը, ու նա միանգամից հրահանգեց անցնել գործի։

Թե անցած տարի քանի ՀՀ քաղաքացի է արտաքսվել ԱՄՆ-ից, որեւէ պաշտոնական վիճակագրություն չկա, Հայաստանի իշխանություն կոչվածը որեւէ թիվ չի հրապարակում, բայց այդ մարդկանց անձնական դժբախտությունն է, որ Փաշինյանը ներկայացնում է իբրեւ իր կառավարության, իր իշխանության հաջողություն։

Առաջիկա տարիներին նման «հաջողություններ» կարող են էլի գրանցվել, եւ այս տարի կամ հաջորդ տարի Հայաստան եկած եւ գնացած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը կարող է անհամեմատ ավելի մեծ լինել։

Ոչ միայն Միացյալ Նահանգները, այլեւ Ռուսաստանը եւ Եվրամիությունը եւս խստացնում են ներգաղթի պայմանները, ապօրինի ներգաղթյալների նկատմամբ վարվող քաղաքականությունը եւ արտաքսում են անօրինական կարգով իրենց երկրներում ապրող օտարերկրյա քաղաքացիներին։

Սրա պատճառը երկուսն է․ մեկը` կարճաժամկետ, մյուսը` երկարաժամկետ։ Առաջինն ամբողջ աշխարհում տեղի ունեցող տնտեսական ստագնացիան է, տնտեսական ճահճացումը եւ զարգացման բացակայությունը։ Երբ երկրների տնտեսությունն արագ զարգանում է, ստեղծվում են նոր ընկերություններ, եղածներն ընդլայնում են իրենց գործունեությունը, տնտեսությունը կարիք է ունենում հավելյալ աշխատուժի, որը լրացվում է տնտեսապես հետամնաց երկրներից ներգաղթյալների հաշվին։

Հիմա ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամ է՝ տնտեսական կրճատում, կրճատվում են նաեւ աշխատատեղերը, քաղաքացիները բողոքում են, որ ներգաղթյալները խլում են իրենց աշխատատեղերը, եւ կառավարությունները ներգաղթյալներին արտաքսելով` պաշտպանում են իրենց աշխատաշուկան, իրենց քաղաքացիների իրավունքները։

Երկրորդ պատճառը ռոբոտաշինության եւ արհեստական բանականության զարգացումն է․ մեկ տարի առաջ գրել էինք, որ ռոբոտները նախ փոխարինելու են էժան եւ մասնագիտական լուրջ պատրաստություն չունեցող աշխատուժին։

Վերջերս կարդացի, որ եվրոպական ինքնաթիռաշինական «Էյրբաս» ընկերությունը պայմանագիր է կնքել չինական մարդանման ռոբոտներ արտադրող ընկերության հետ, որի արտադրած ռոբոտները կփոխարինեն արտադրության մեջ ներգրավված մարդկանց։

Մարդկանց ռոբոտներով փոխարինելու միտումը շարունակվելու է նաեւ առաջիկայում, հինգ, առավելագույնը տասը տարի հետո ականատես ենք լինելու տեխնոլոգիական հերթական հեղափոխությանը, երբ ռոբոտները փոխարինելու են շատ մասնագիտությունների տեր մարդկանց։

Աշխատաշուկան ավելի է սեղմվելու, եւ դրսից եկածների կարիքն ավելի է քչանալու, իսկ անգործ, անզբաղմունք մարդը խնդիր է յուրաքանչյուր հասարակության ու պետության համար, վտանգ է, որից պետք է ազատվել։

Այնպես որ, առաջիկայում նույն պրոցեսը՝ ապօրինի ներգաղթյալների արտաքսում, մենք կտեսնենք նաեւ Ռուսաստանից եւ Եվրոպայից։ Որքան երկիրն ավելի զարգացած է, տեխնոլոգիապես ավելի առաջադեմ, այնքան մարդկային աշխատուժի կարիք ավելի քիչ է ունենալու։

Հայաստանի նոր իշխանությունը պետք է մտածի, թե ինքն ինչպես է օգտագործելու այդ մարդկանց, այդ աշխատուժը, երկրում ինչ նոր տնտեսական հնարավորություններ են ստեղծվելու՝ նրանց ինտեգրելու համար, ոչ թե, Քաջ Նազարի նման, իրենց հետ կապ չունեցող երեւույթները վերագրի իրեն ու սկսի դրանով հպարտանալ։

Մի կարեւոր արձանագրում եւս․ մարդիկ պետք է հասկանան, որ Փաշինյանից փախչելու տեղ չկա, փախչելով հնարավոր չէ փրկվել, պետք է երկիրը փրկել։