01/02/2026

Ադրբեջանական «Haqqin.az»-ը կեղծիք է տարածել, որը տեղ է գտել հայկական պրոռուսական տելեգրամյան ալիքներում

Ադրբեջանական «Haqqin.az» ռուսալեզու կայքը հրապարակել է տեսանյութ, որտեղ մի աղջիկ ասում է, թե իբր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բռնաբարել են իրեն՝ Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերին մասնակցելու համար։ 

Այդ տեսանյութը ուղեկցող երկար տեքստը հրապարակվել է ոչ միայն ադրբեջանական այս կայքում, այլ նաև տարածվել է նույն կայքի տելեգրամյան ալիքով, ինչպես նաև «Цицак/Ծիծակ», «Արցախ 44  և» ռուսալեզու հայկական տելեգրամյան ալիքներով։

Տեսանյութում մի աղջիկ, որը ներկայանում է Արփինե անունով, ասում է, որ «հուլիսի 13-ին Երևանում մասնակցել է հանրահավաքի, որից հետո բերման է ենթարկվել ու տեղափոխվել է Նալբանդյան փողոցում գտնվող ԱԱԾ բաժանմունք։ Այստեղ ըստ նրա, իրեն բռնության են ենթարկել, կոտրել մատները, այնուհետև՝ բռնաբարել»։

Նախ, հուլիսի 13-ին Երևանի կենտրոնում հանրահավաք տեղի չի ունեցել։ Հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը, ինչպես նաև այդ ընթացքում հասարակական կարգը պահպանում են ՀՀ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները, և ԱԱԾ ծառայողների կողմից հանրահավաքի մասնակցին բերման ենթարկելու փաստ չի արձանագրվել։

Աղջկա արտասանած բառերը թեպետ հայերեն են, սակայն խոսքը մեխանիկական հայերեն է, բառերը կարդում է հատ–հատ և պարզ երևում է, որ դրանցից ոչ մեկը իր սեփականը չեն։ Եթե հավատանք բռնության մասին նրա պնդմանը, ապա դեմքից դատելով ցավի զգացում չունի, նրա դեմքին չկան էմոցիաներ, նույնիսկ, երբ խոսում է բռնաբարության մասին։ Բացի այդ, տեսանյութում աղջկա շուրթերի շարժումը և խոսքը սինխրոն չեն, շուրթերին բառերը կիսատ են։  Այդ ամենը հուշում են, որ տեսանյութը ամենայն հավանականությամբ արհեստական բանականության (AI) միջոցով ստեղծված տեսանյութ է։

Այս տեղեկությունը առաջինը հրապարակվել է ադրբեջանական կայքում։ Այն մի քանի ժամ անց տարածել են հայկական վերոնշյալ երկու տելեգրամյան ալիքները։ Առաջինը հրապարակվել է «Արցախ 44 և» տելեգրամյան ալիքում։

 

Վերջինը ունի 1900 բաժանորդ, ռուսալեզու է, ստեղծվել է Հայաստանում։ ՀՀ ԱԱԾ ծառայողների նկատմամբ անհայտ կնոջ մեղադրանքի մասին տեղեկությունը ու տեսանյութը այս ալիքում ունի 2000-ից ավելի դիտում։

Այս ալիքից այդ մասին նյութը տարածել է «Ծիծակը», որի բաժանորդների թիվը անցնում է 8000-ից։

Այս երկու ալիքները հայաստանյան պրոռուսական տելեգրամյան ալիքներ են։


TGStat-ի վերոնշյալ սխեմայից երևում է՝ «Ծիծակ» տելեգրամյան ալիք մտնող և դուրս եկող տեղեկությունները պրոռուսական ալիքներ/ից են։

Այսպիսով, Հայաստանի ԱԱԾ ծառայողների կողմից աղջկան բռնաբարելու մասին տարածվող տեսանյութը կեղծ է։ Այն նախ տարածել է ադրբեջանական հայտնի կայքը, որից հետո՝ հայկական պրոռուսական տելեգրամյան ալիքներ։

Հասմիկ Համբարձումյան