01/02/2026

Արարատի մարզում ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. 30-ամյա մասնակիցը մահացել է. Լուսանկար

Այսօր՝ փետրվարի 1-ին, «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից Արարատի մարզում իրականացված ավտոմրցաշարի ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 30-ամյա Արման Ս.-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Ազատի ջրամբարի ճանապարհին շրջվել է, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Blog Image

***

Հունվարի 31-ին, ժամը 23:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղից Երևան քաղաքի Իսակովի պողոտա տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության  հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel», «BYD» և «Porsche» մակնիշների ավտոմեքենաները. վերջինից առկա է գազի արտահոսք:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BYD» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորը և «Porsche» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և դադարեցրել «Porsche» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը։

Blog Image