Լավ նորությունն այն է, որ սպասում ենք պարտքի սպասարկման ծախսերի՝ պլանավորվածից ավելի ցածր մակարդակ, այսինքն՝ այն, ինչ գրել ենք 2026 թվականի բյուջեով որպես պարտքի սպասարկման գումար, ամենայն հավանականությամբ կունենանք դրանից ավելի ցածր մակարդակ:
Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը. «Սա պայմանավորված է նրանով, որ մենք տեսնում ենք շուկայի դրական զարգացումներ ոչ միայն միջազգային շուկաներում, այլև Հայաստանում: Օրինակ՝ եթե մենք 2024 թվականին 10 տարի տևողությամբ գանձապետական պարտատոմսերը թողարկում էինք 9,6 տոկոս տոկոսադրույքով, ապա մեծ ուրախությամբ արձանագրում եմ, որ 2026 թվականին տեղի ունեցած առաջին աճուրդից այդ նույն տոկոսադրույքը եղել է 8,09:
Սա շատ դրական փոփոխություն է, որը, իհարկե, մի կողմից պայմանավորված է ՀՀ բանկային համակարգում դրամային լիկվիդայնության մեծացմամբ, բայց մյուս կողմից նաև պայմանավորված է նրանով, որ Հայաստանով շարունակում են հետաքրքրվել միջազգային ինստիտուցիոնալ ներդրողները, և իրենք մասնակցում են մեր տեղական աճուրդներին՝ դրանով իրենց դրական ազդեցությունն ունենալով մեր տոկոսադրույքների վրա:
Սա այն քաղաքականությունն է, որի մասին տարիներ շարունակ խոսել եմ, որ պետք է ջանքեր գործադրենք Հայաստան օտարերկրյա ներդրողներ ներգրավելու ուղղությամբ, և սա, ըստ էության, այս պահի դրությամբ տեղի է ունենում: Այդ պահի դրությամբ մեր պարտատոմսերի մեջ նրանց մասնաբաժինը 7 տոկոսից ավելին է, եթե նախկինում դա 1 տոկոսից նույնիսկ ցածր էր»:
«Հայաստանի Հանրապետության զարգացումը շատ կայուն եւ հաստատուն է, մեր բոլոր ֆինանսական ցուցանիշներն այդ կայունության տիրույթում են: Մենք ավելի քան երբեւէ վստահ ենք, որ մեր քայլերը տանում են դեպի ավելի մեծ զարգացումների, եւ մեր կարողությունները, գիտելիքները եւ մեր ունակությունները պետք է այսօր համապատասխանեցնենք այն ապագա զարգացումներին, որոնք տեսնում ենք, որոնք արդեն տեղի են ունենում եւ տեղի են ունենալու ապագայում»,- նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Լրագրողի հարցին՝ սուբվենցիոն ծրագրերն արդյոք ազատվո՞ւմ են եկամտահարկից, եթե պետության մասնակցությամբ են արվում, նախարարն այսպես պատասխանեց. «Ես չգիտեմ որեւէ մեկին, որն ազատվում է եկամտային հարկից: Գիտեմ, որ որոշակի ծրագրեր ունենք ՏՏ ոլորտում, որտեղ եկամտային հարկի մի մասը փոխհատուցում ենք: Մեր հարկային քաղաքականության գործիքներից մեկն է, հետազոտական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին որոշակի հնարավորություն ենք տվել ավելի մեղմ հարկային ռեժիմում գործել կամ հետվերադարձի պայմաններում այս աշխատանքներն իրականացնել: Այնտեղ կան նաեւ որոշակի արտոնություններ եկամտահարկի հետ կապված: Եթե չեմ սխալվում 10 տոկոս է եկամտահարկն այն մարդկանց համար, որոնք զբաղվում են գիտահետազոտական աշխատանքներով»:
Նրա ձեւակերպմամբ, նախկինում նման բան չի եղել: Դառնալով 2026թ հիմնական ծրագրերին, Վահե Հովհաննիսյանն ասաց, որ բազմաթիվ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր կան, որոնք կամ շարունակվելու են, կամ մեկնարկելու են. «Օրինակ, Հյուսիս-Հարավի կտորի աշխատանքներն ենք իրականացնում, Քաջարան-Ագարակ հատվածում է ակտիվ շինարարություն եղել 2025թ եւ դա կշարունակվի 2026-ին, մեկնարկելու են Սիսիան-Քաջարան հատվածի աշխատանքները, այնտեղ հողի օտարումների հետ կապված աշխատանքներն են մեկնարկելու: Հույս ունեմ, որ նաեւ որոշակի շինարարական նախապատրաստական աշխատանքներ կլինեն»:
Հավելեց նաեւ, որ մի քանի միջազգային կարեւոր միջոցառում են ծրագրում իրականացնել այս տարի. «Դրանից մեկը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) անցկացումն է Երեւան քաղաքում, սպասում ենք 20000-ից ավել մասնակիցներ, ինչն աննախադեպ ծավալ է մեր պետության համար»:
«Չեմ կարող ասել՝ արդյոք ոսկու գինը, որ այդքան է, վաղը ինչպիսին կլինի, վաղը ինչպիսի տատանողականություն կունենա, որովհետև վերջին 1-2 ամսվա ընթացքում այն բավականին բարձրացավ, հետո նորից իջավ: Սա մեծապես կապված է աշխարհում տեղի ունեցող գործընթացների հետ»,- ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ոսկու գները հերթական ռեկորդն են սահմանում. «Իմ ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ քանի որ աշխարհում ոսկու հիմնական գնորդները Կենտրոնական բանկերն են, այսինքն՝ սպառողական պահանջարկի մղվող աճ չէ, ապա եթե այլ բան չփոխվի այս վարքագծի մեջ, ոսկու գները դժվար թե կտրուկ իջնեն»:
«Պետական պաշտոնյաների աշխատավարձը, մեծ հաշվով, վերջին 5-6 տարիներին չի փոխվել: Քննարկում եղել է 1-2 տարի առաջ այն մասին, որ ինչ-որ բան է պետք անել, որովհետև ակնհայտ է, որ կան խնդիրներ՝ կապված այն բանի հետ, որ որակյալ մասնագետներ, մեծ հաջողություն ունեցող մարդիկ, որոնք մասնավոր հատվածում ստանում են բավականին բարձր աշխատավարձեր, իրենց ներգրավելը պետական համակարգ տարբեր պատճառներով այդքան էլ հեշտ չէ, և այդ պատճառներից մեկը նաև այդ աշխատավարձերի մակարդակն է»,- հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով պետական պաշտոնյաների պարգևավճարներին:
Նա նշել է, թե թեմայի շրջանակում քննարկումների ժամանակ իր դիրքորոշումն այն է եղել, որ ուղղակի բարձրացնել նախարարների, փոխնախարարների կամ ղեկավար անձնակազմի աշխատավարձն այնքան էլ ճիշտ չէ, և պետք է ներդնել մի համակարգ, որպեսզի առնվազն հնարավոր լինի որոշակի թիրախներ դնել և այդ թիրախների գնահատման արդյունքով անել աշխատավարձի բարձրացում:
Ըստ նրա՝ այդ բարձրացումը պետք է լինի ոչ բոլորի համար նույն ձևով, այսինքն՝ ովքեր կունենան ավելի լավ կատարողական, նրանք կստանան մի փոքր ավելի բարձր աշխատավարձ, մյուսների համար՝ մի փոքր պակաս. «Այս համակարգը պիլոտային կարգով մենք ներդրեցինք անցած տարվա սկզբից, այսինքն՝ անցած տարվա սկզբից սահմանվեցին թիրախային նպատակներ տարբեր գերատեսչությունների համար: Հետո տարվա կեսին դրա վերաբերյալ եղավ գնահատման պրոցես, թե ինչքանով են դրանք կատարվել: Չէի ասի, որ սա պարգևավճար է, որովհետև սա աշխատավարձի բարձրացում է, ուղղակի մի փոքր այլ եղանակով»,- պարզաբանել է նախարարը և հավելել, որ արվածը խիզախ քայլ է, որովհետև եթե նախկինում ինչ-որ մեկը կանխիկ էր բաժանում փողը, և դա շահարկման թեմա չէր դառնում, այժմ գործընթացը թափանցիկ է դարձել. «Մենք հավելյալ 300 միլիարդի հարկ ենք հավաքել․ այդ հարկը հավաքվել է այն պատճառով, որ պետական պաշտոնյաները բիզնեսով չեն զբաղվում, բիզնես չեն հովանավորում, ազատություն է տրված տնտեսական գործունեություն իրականացնելու համար, մարդիկ զբաղվում են այդ գործունեությամբ, այդ ավել հարկերը վճարվում են, և այդ հարկերի մի մասը, այո՛, պետք է վճարվի որպես աշխատավարձ: Կարծում եմ՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք բավականին լարված և սթրեսային աշխատանքով են զբաղված, առնվազն պետք է որոշակի սոցիալական խնդրի մասին ամեն օր չմտածեն, որպեսզի կարողանան կենտրոնանալ իրենց աշխատանքը կատարելության հասցնելու հանձնառության վրա»:






Բաց մի թողեք
Մերցը մեկնում է Իտալիա՝ Մելոնիի հետ գագաթնաժողովին՝ ԵՄ բյուրոկրատիան ցնցելու նոր գաղափարներով
Եվրահանձնաժողովը 2026 թվականին աշխարհում մարդասիրական աջակցության համար կհատկացնի 1.9 միլիարդ եվրո
Թրամփը դադարեցնում է եվրոպական մաքսատուրքերը Գրենլանդիայի «շրջանակային» համաձայնագրի համաձայնեցումից հետո