12/01/2026

Դատական համակարգը մաքրվում է, պետք չեն դատավորներ, որոնք 7 տարի շարունակ քննում են պարզունակ հայցեր. Գալյան

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման խոչընդոտների թեմայով քննարկման ժամանակ խոսել է տարիներով քննվող ու ձգձգվող դատական գործերի մասին:

«Մենք ունենք պրակտիկա, որ կարգապահական վարույթների ընթացքում այն դատավորները, որոնք զգում են կամ կանխատեսում են՝ հանգուցալուծումը հնարավոր է լիազորությունների դադարեցման տեսքով, սեփական դիմումի համաձայն, դուրս են գալիս համակարգից:

Ես չեմ կարող ասել՝ սա լա՞վ է, թե՞ վատ: Վատ է քաղաքացու տեսանկյունից, որի աչքերում այդ դատավորը այդպես էլ չի արժանանում համապատասխան պատասխանատվության, բայց լավ է այն տեսանկյունից, որ դատական համակարգը մաքրվում է և իրապես մաքրվում է, որովհետև, ներողություն, բայց ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել՝ մեզ պետք չեն դատավորներ, որոնք 7 տարի շարունակ կարող են քննել պարզունակ հայցեր:

Այս առումով մենք պետք է ունենանք գործիքակազմեր, որ դիմում գրելուց հետո հնարավորություն չեն տա համալրել դատավորների շարքերն ապագայում»,- ասել է նա: