Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը տեւական ժամանակ ԲԴԽ-ում մնալուց հետո` ապրիլի 17-ին, քննության առարկա է դարձել։
«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ ապրիլի 17-ին նշանակված նիստը չի կայացել, հետաձգվել է։
Մեր տեղեկություններով` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին նիստի ժամանակ ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը հայտնել է, որ տիկին Հովսեփյանի ինքնազգացողությունը վատացել է, ուստի Նաիրա Հովսեփյանին առնչվող նիստը հետաձգվում է։
ԲԴԽ-ից մեր տեղեկությունները հաստատեցին` նշելով, որ հաջորդ նիստը մայիսի 12-ին տեղի կունենա։
Հիշեցնենք, որ Նաիրա Հովսեփյանը պատերազմում զոհված Գեւորգ Արշակյանի մայրն է: Բայց նրա արտոնյալ կարգավիճակը, այն, որ իր նկատմամբ վարույթները հարուցվում են եւ կարճվում, ոչ թե հերոս որդու հանգամանքով է պայմանավորված, այլ նրանով, որ նա Աննա Հակոբյանի ընկերուհին է: Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ դատավորը փորձում է օգտագործել անձնական կապերը՝ այս վարույթը եւս ԲԴԽ-ում վիժեցնելու համար, սակայն նրան հասկացրել են, որ դա ավելի կվատթարացնի իր վիճակը:
Մանավանդ՝ մեկ անգամ արդեն նրա որդու հանգամանքը դեր է խաղացել․ ԲԴԽ-ն պաշտոնապես հայտարարեց, որ որդու մահվամբ պայմանավորված՝ դատավորը ծանր հոգեվիճակում է եղել, ու այդ հիմքով կարճում են վարույթը, եւ նույն կարգապահական խախտումը, որի համար այլ դատավորների լիազորությունները դադարեցվել էին, Նաիրա Հովսեփյանին ներվեց:
Սակայն, ըստ էության, խախտումը եզակի բնույթ չի կրում, դատավոր Հովսեփյանից բազմաթիվ բողոքներ ու դիմումներ կան, եւ ԲԴԽ-ն ստիպված է եղել նոր վարույթ հարուցել, որն էլ ընդհատվել է նիստի ժամանակ դատավորի վատ զգալու պատճառով:
Հիշեցնենք, որ կոնկրետ այս կարգապահական վարույթի համար հիմք է հանդիսացել փաստաբան Գոռ Մարգարյանի դիմումը։ Փաստաբանն իր դիմումում նշել է, որ դատավոր Նաիրա Հովսեփյանի վարույթում քննվել է քաղաքացիական գործ՝ ըստ հայցի «Քլասիս Լայթինգ» ՍՊԸ-ի՝ ընդդեմ Մինիոնա Դեմիերր-Պետրոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջով։
Գործը լուծելու արդյունքում կայացվել է վճիռ, որը պետք է հրապարակվեր «Դատալեքս» տեղեկատվական համակարգում 2023 թ. մայիսի 31-ին, բացի այդ` վճիռը պետք է ուղարկվեր հայցվորին` ոչ ուշ, քան վճռի հրապարակման հաջորդ օրը, այն է՝ 2023-ի հունիսի 1-ին, սակայն մինչ օրս այն ոչ միայն հրապարակված չէ Դատալեքսում, այլ նաեւ ուղարկված չէ հայցվորին։






Բաց մի թողեք
Ռուս կոմպոզիտորների ամենահայտնի բալետները՝ երգեհոնով. Լուսանկարներ, Տեսանյութեր
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան
Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող…