Արևմտյան Թրակիայի «թուրքական փոքրամասնության Խորհրդատվական խորհուրդը» Հունաստանի կառավարությանը քննադատել է, որ «առանց տեղի բնակչության հետ նախնական քննարկումների մուֆթի է նշանակել»:
Այս մասին հունվարի 26-ի խմբագրականում գրել է «Անադոլու» պետական գործակալությունը: Լրատվամիջոցը մեջբերել է տեղաշրջանի «թուրք բնակչության» մի ներկայացուցչի հայտարարությունը, ըստ որի՝ «մինչև 1990 թվականը մուֆթին ընտրվել է փոքրամասնության կողմից»:
Ինչպես երևում է, խոսքը գրեթե քառասունամյա վաղեմության «իրավունքների խախտման» մասին է, և Հունաստանի Արևմտյան Թրակիա մարզի «թուրք բնակչության իրավունքների պահպանման» հարցի ակտուալացումն ակնհայտորեն վկայում է թուրք-հունական հարաբերությունների լարվածությունը:
Բաց աղբյուրներից հայտնի է դառնում, որ ոչ միայն Թրակիայի, այլև Հունաստանի տարածքում իրավական տեսակետից թուրք բնակչություն գոյություն չունի: Լոզանի պայմանագրով Հունաստանի տարածքում կա իսլամադավան բնակչություն, ուստի Հունաստանի կառավարությունը երկրում «թուրք փոքրամասնություն» չի ճանաչում:
Այդ խնդիրը Հունաստանի համար չափազանց զգայուն է դարձել հատկապես Կիպրոսի հյուսիսի թուրքական օկուպացիայից հետո, և Հունաստանում օրենք է ընդունվել, ըստ որի երկրի տարածքից դուրս տասը տարի ապրած անձը զրկվում է քաղաքացիությունից: Իրավական այդ ակտի ընդունումից հետո «տասնյակ հազարավոր թուրքախոս իսլամադավան անձինք արտագաղթել են Թուրքիա»: Մինչ այդ Արևմտյան Թրակիայի թուրքախոս բնակչության զգալի մասը «գերադասում էր ապրել և աշխատել Թուրքիայում՝ պահպանելով Հունաստանի քաղաքացիությունը»:
Թուրք-հունական հարաբերությունները ներկայումս լարված են՝ կապված Միջերկրականի արևելյան հատվածում Հունաստանի, Իսրայելի և Կիպրոսի պաշտպանական համատեղ գործողությունների հետ: Անկարան համարում է, որ միջերկրածովյան եռյակը «սահմանափակում է» կարևարագույն տեղաշրջանում իր շահերը և ուղղված է Թուրքիայի «ազդեցության դեմ»:
Պետական լրատվական գործակալության մակարդակով բարձրացնելով Արևմտյան Թրակիայի «թուրք բնակչության իրավունքների ոտնահարման» հարցը, Անկարան պարզորոշ ազդակ է հղում Աթենքին, որ իր տարածքում «դանդաղ գործողության ական ունի»:
Հայտնի չէ, թե Արեւմտյան Թրակիայում ի՞նչ տրամադրություններ են իշխում կամ բնակչության ո՞ր տոկոսն է կազմում «թուրք փոքրամասնությունը», բայց ավելի քան մեկ դար առաջ թուրքախոս բնակչության մեծ մասը զանգվածաբար արտագաղթել է Թուրքիա:
Բացառված չէ, որ պաշտոնական Անկարան ակտուալացնի նրանց «հայրենադարձության» հարցը: Բալկաններում, Միջերկրական ծովում, Սիրիայում և Լիբանանում ազդեցության ամրապնդումը Թուրքիայի համար գերխնդիր է:
Անցյալ շաբաթ Ստամբուլում անցկացվել է «Բալկանյան խաղաղության հարթակի» հերթական նիստը՝ Թուրքիայի և բալկանյան երկրների արտաքին գործերի նախարարների ձևաչափով: Բոսնիա –Հերցեգովինայի արտգործնախարար Էլմեդին Կոնակովիչը Թուրքիան անվանել է «գլոբալ քաղաքականության վրա ազդեցություն ունեցող գերտերություն»: Թուրքիան բացահայտ դավագրգռում է Հունաստանին:






Բաց մի թողեք
Բաքվում «Վելայաթ Խորասանի» և ԻԼԻՊ-ի զինառյալներին բացահայտել է ԱՄՆ հետախուզությունը
Իրանը չի ենթարկվի դրսից պարտադրված թելադրանքին. Աբբաս Արաղչի
Վանդալիզմ՝ Նոր Նորքի թաղապետարանի դիմացի այգում. Լուսանկար