Հունիսի 14-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած ուժեղ քամու և կարկուտի հետևանքով մի շարք թաղամասեր զգալի վնասներ են կրել։ Քաղաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես տեղեկանում ենք Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Վիտալիևիչ Բեզբորոդովը հեռախոսազրույց է ունեցել փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի հետ։
«Զրույցի ընթացքում ռուս գեներալը հետաքրքրվել է ստեղծված վիճակով և, հանդես գալով սեփական նախաձեռնությամբ, առաջարկել է ռազմաբազայի աջակցությունը՝ տեխնիկայի և մարդկային ռեսուրսների տրամադրման տեսքով՝ քաղաքի մաքրման և վնասների վերացման աշխատանքներին նպաստելու համար։
Փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունից շնորհակալություն է հայտնել ցուցաբերած ուշադրության և պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ նման աջակցությունը վկայում է գործընկերային ջերմ հարաբերությունների և փոխադարձ հարգանքի մասին»,-ասված է հաղորդագրությունում՝ միաժամանակ տեղեկացվում է, որ առայժմ համայնքային ծառայությունները կարողացել են սեփական ուժերով վերահսկել իրավիճակը, սակայն անհրաժեշտության դեպքում ռազմաբազայի օգնությունն անպայման կդիտարկվի։
Hraparak.am-ը նկատել է, որ քաղաքապետարանի էջում հայտնված այս գրառմանը հատկապես ակտիվ են արձագանքել ՔՊ-ականները, բացահայտ ցույց են տվել իրենց դիրքորոշումը հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված։ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն է գրառմամբ կիսվել՝ մեկնաբանություն թողնելով․«Ապապետության հերթական դրսևորումներից մեկը Գյումրու լադիմիրատենչ համայնքային իշխանության կողմից»,-գրել է նա։
Նկատենք, որ նորանշանակ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք նկատելիորեն աշխուժացել են Գյումրիի և ռուսական համայնքի փոխշփումները, կարծես վերականգնվում են նախկին տարիների սերտ կապերը։






Բաց մի թողեք
Ռուս կոմպոզիտորների ամենահայտնի բալետները՝ երգեհոնով. Լուսանկարներ, Տեսանյութեր
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան
Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող…