22/11/2024

Չի բացառվում` ՀՀ զինված ուժերի և ռուսական ուժայինների բախումներ լինեն. եթե Երևանում ինչ-որ մարդիկ կազմակերպեն խժդժություններ, ռազմաբազան կարող է միջամտել

Եվրոպան, ըստ էության, Հայաստանին հրավիրում է անդամակցել ԵՄ-ին։ Երեկ 504 կողմ, 4 դեմ և 32 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի սերտացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձև։

https://civic.am/ Ի՞նչ նշանակություն ունի այս բանաձևը և անվտանգային ի՞նչ ռիսկեր կարող է այն պարունակել՝ հաշվի առնելով թե՛ արտաքին, թե՛ ներքին այն ուժերի գոյությունը, որոնք վստահաբար կփորձեն հակազդել Հայաստանի եվրոպական ձգտումներին։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը նկատեց, որ այս բանաձևով վերջնական փակվեցին այն խոսակցությունները, թե միայն Հայաստանն է ուզում ԵՄ ինտեգրման ճանապարհով գնալ, իսկ Եվրամիությունը չի ուզում։

«Եկեք բաց ասենք, որ Հայաստանն ուզում է, բայց տպավորություն էր, թե ԵՄ-ն այդքան էլ չի ուզում, կամ այդ թեմայով մանիպուլյացիաներ կային։ Սակայն երեկվանից այդ հարցը փակվեց։ Ընդ որում, շատ կարևոր է, որ ձայների շատ մեծ հարաբերակցությամբ է ընդունվել, և դեմերը շատ քիչ էին։ Սա խոսում է այն մասին, որ այնտեղ չկան ուժեր, որոնք կոնկրետ դեմ են Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին։ Կարծում եմ, որ մենք նույնիսկ այս տարի կդառնանք Եվրամիության թեկնածու»,- ասաց Իոաննիսյանը։

Ի՞նչ խոչընդոտներ կարող են ի հայտ գալ այդ ճանապարհին։ Օրինակ՝ կենսաչափական անձնագրերի չլինելը կարո՞ղ է խոչընդոտ լինել վիզաների ազատականացման համար, սակայն ոչ ԵՄ անդամության թեկնածու դառնալու ճանապարհին։

«ՆԳՆ-ում և ոստիկանությունում այնքան «կազմակերպված» վիճակ է եղել, որ կենսաչափական անձնագրեր չէին տրվում և երկար ժամանակ չեն էլ տրվի, բայց սա չի ազդի թեկնածու դառնալու մեր ուղու վրա։ Ամենամեծ խոչընդոտը, որը նաև տեխնիկական մեծ խոչընդոտ է, մեր ԵԱՏՄ անդամ լինելն է։ Բայց ինձ թվում է, եթե այս տեմպերով մենք ՀԱՊԿ-ից դուրս գանք, ԵԱՏՄ-ն, ինչպես Փաշինյանն էր ՀԱՊԿ-ի կոնտեքստով ասում, մեզնից դուրս կգա։ ԵԱՏՄ-ում մեր անդամակցությունն այլևս ժամանակի հարց է»,- ասաց Իոաննիսյանն ու հավելեց, որ ամենակարևոր ցուցանիշը, որով ԵՄ-ն առաջնորդվելու է, ժողովրդավարության ցուցանիշն է։ Նշեց, որ ինչ-որ հարցերում կա պրոգրես, ինչ-որ հարցերում խնդրահարույց հարցեր կան, որոշ հարցերում պրոգրես չկա. «Մեծ հաշվով այդ ուղղությամբ աշխատանք տարվում է։ Ազնիվ չի լինի ասել, որ այդ առումով շարժում չկա»։

Իոաննիսյանը վստահ է՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը, մեղմ ասած, երջանիկ չեն լինի Հայաստանի՝ ԵՄ գնալու կապակցությամբ, Թուրքիան էլ հարցական է։

«Մեզ համար կարող են խնդիրներ ստեղծել, բայց եկեք հիշենք, որ Ռուսաստանն այլևս հին Ռուսաստանը չէ։ Նա չի կարող ստեղծել շատ մեծ խնդիրներ, խնդիրներ, որ կարող էր նախկինում ստեղծել։ Մեր ամենամեծ խնդիրը Ղարաբաղը կորցնելն էր, հիմա այն արդեն կորցրել ենք։ Միշտ վախենում էինք, ասում էինք՝ ԵՄ գնալու դեպքում ՌԴ-ն մեզ կպատժի, Ղարաբաղը կկորցնենք. դա եղավ»։

Ռուսական ռազմաբազայի՝ Հայաստանում գտնվելուն անդրադառնալով՝ Իոաննիսյանը կարծիք հայտնեց, որ դա ևս ժամանակի հարց է։ Քանի որ ինչ-որ մի պահի մեր գործընկերները այդ հարցը բարձրաձայնելու են մեզ զենք վաճառելիս։

«Հարցը ծավալներն են, որովհետև այն աջակցությունը, որ կա հիմա, այդուհանդերձ բավականին սահմանափակ է։ Երբ մեր ռազմատեխնիկական համագործակցությունը հասնի ինչ-որ մակարդակի, մեզ ասելու են, որ ռազմաբազան խնդիր է», – ասաց Իոաննիսյանն ու հիշեցրեց, որ Ուկրաինայի դեպքում էլ այդ համագործակցությունը դանդաղ էր զարգանում։

Խոսելով ռուսական հնարավոր արձագանքի և հնարավոր սպառնալիքների մասին՝ Իոաննիսյանը չբացառեց ռուսական կողմի անմիջական զինված քայլերի հնարավորությունը։

«Ես չեմ բացառում այնպիսի սցենար, որ Հայաստանի տարածքում լինեն Հայաստանի զինված ուժերի և ռուսական ուժայինների բախումներ։ Իհարկե, պետք է ամեն ինչ անել, որ այդ սցենարը տեղի չունենա, բայց ես, ցավոք սրտի, այդ սցենարը չեմ բացառում։ Ես չեմ բացառում նաև այնպիսի սցենար, որ եթե Երևանում ինչ-որ մարդիկ կազմակերպեն խժդժություններ, ռուսական ռազմաբազան դուրս գա իր տեղակայման վայրից և որոշի, օրինակ, Կառավարության շենքը գրավել ու «խաղաղապահություն» անել»։

Այդ քայլին Ռուսաստանը, ըստ Իոաննիսյանի, կգնա այն ժամանակ, երբ կկարողանա դա անել։ «Եթե անցյալ տարվա սեպտեմբերի 19-20-ի Հանրապետության հրապարակի իրադարձությունները գնային ավելի թեժ ճանապարհով, չեմ բացառում, որ իրենք հենց այն ժամանակ ինչ-որ բան կանեին։ Իհարկե, ամեն ինչ կախված է ներքին կայունությունից»,- եզրափակեց Դանիել Իոաննիսյանը։