12/12/2024

Գեներալն ու նրա կնոջ՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող բիզնես-պարտնյորները. Արշակ Կարապետյանի անունով գրանցված ՍՊԸ-ն միլիոնավոր դրամների ապրանք է մատակարարել ՊՆ-ին

ՌԴ-ում ունեցած կապերը հաշվի առնելով՝ պաշտպանության նախարար նշանակված, պաշտոնանկությունից հետո էլ (այժմ) ՌԴ-ում գտնվող Արշակ Կարապետյանը, ինչպես հայտնի է, գեներալի ուսադիրներից բացի ունի նաև բիզնես և ՌԴ քաղաքացի հանդիսացող բիզնես-փայատերեր։

Խոսքը «Էլկոմպ» ՍՊԸ-ի մասին է, որը պետական ռեգիստրում գրանցված է Արշակ Կարապետյանի անունով, գրանցման ամսաթիվ՝ 1999 թ., հունիսի 29։ Այս ՍՊԸ-ում, որի իրավաբանական հասցեն է Երևան, Բաղրամյան 76/3, որպես իրական շահառու հանդես է գալիս գեներալի կինը՝ Ռոզա Կարապետյանը։ Կազմակերպության իրական շահառուների վերաբերյալ 2024 թ․ հայտարարագրից civic.am-ը տեղեկացավ, որ Կարապետյանի կինն ունի 33.34 % մասնակցություն, իրական շահառու է դարձել 2003 թվականի հոկտեմբերի 22-ին։ Մյուս իրական շահառուները՝ ՌԴ քաղաքացի Վլադիմիր Ժադանը՝ 33.33 % մասնակցությամբ, և Ռուբեն Սահակյանը՝ 33.33 % մասնակցությամբ։

Վերջիններս նույնպես, ըստ պետռեգիստրի, իրական շահառու են դարձել 2003 թվականի հոկտեմբերի 22-ին։ ՍՊԸ-ն զբաղվում է էլեկտրական սարքերի, անվտանգության համակարգերի ներկրմամբ ու վաճառքով։ Այն տարբեր տարիների պայմանագրեր է կնքել ՀՀ պետական տարբեր մարմինների, իրավաբանական անձանց հետ։ Արշակ Կարապետյանը, ըստ նրա կենսագրական տեղեկանքի, ՀՀ Զինված ուժերում է ծառայել սկսած 1993-ից, զբաղեցրել տարբեր պաշտոններ։

Տարբեր տարիների «Էլկոմպ»-ը տեսահսկման, հակահրդեհային, մուտքի հսկման համակարգեր, ռադիոկապի միջոցներ և այլ տեխնիկա է մատակարարել մասնավորապես Ազգային ժողովին, նախագահի աշխատակազմին, Երևանի քաղաքապետարանին, արտգործնախարարությանը, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին և իրավաբանական տարբեր անձանց։

Արշակ Կարապետյանը, որը ՀՀ-ում իշխանափոխություն անելու հավակնություններ ունի, իր վերջին հարցազրույցում էլ բողոքում էր ՀՀ գործող իշխանությունների կոմպետենտությունից, կառավարման վատ որակից, պարզվում է՝ բավական կոմպետենտ է գտնվել հատկապես սեփական բիզնեսը կառավարելու, դրան զարկ տալու գործում։ Այսինքն՝ այն տարիներին, երբ Կարապետյանը պետական համակարգում տարբեր պաշտոններ էր զբաղեցնում, նրա ընկերությունը ներգրավված էր պետական կարիքների սպասարկման գործում՝ գնման տասնյակ պայմանագրեր կնքելով։

Ֆինանսների նախարարության armeps.am կայքի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ տարբեր տարիների, մասնավորապես, պաշտպանության նախարարության հետ «Էլկոմպ»-ը 15 պայմանագիր է կնքել (թվով այդքան պայմանագիր է զետեղված)։ Մասնավորապես 2017 թվականին կնքած գնման պայմանագրով 20 հատ լիթիումային կուտակիչներ է մատակարարել Բալահովիտի ՀՀ ՊՆ զորամասերից մեկին։

Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 227 հազար դրամ։ 2019-ին կնքված պայմանագրով էլ պաշտպանության նախարարի տեղակալ Մ. Ղամբարյանն ու ՍՊԸ-ի տնօրեն Ա. Հովսեփյանը պայմանագիր են կնքել 4 000 մետր (մետրը՝ 540 դրամ) մալուխ գնելու համար։ Պայմանագրի արժեքն է 2 միլիոն 160 հազար դրամ։

Մալուխի գնման մեկ այլ խոշոր՝ 13 մլն 508 հազար դրամի պայմանագիր էլ ՊՆ-ն կնքել է 2019-ի հունիսի 28-ին։ Երկու տեսակի մալուխները, որոնց ծագման երկիր է նշված Վրաստանը, Կարապետյանի ընկերությունը մատակարարել է մեկի դեպքում՝ մետրի գինը 1284 դրամ (5600 մետր), մյուսի գինը՝ 702 դրամ (9000 մետր)։

Երբ Կարապետյանը իրավունքի ուժով դարձավ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ (2021 թ. ապրիլի 13-ին), այդ շրջանում նրա կնոջ մասնակցությամբ ընկերության հետ ՊՆ-ն շարունակել է պայմանագրեր կնքել։ Մասնավորապես պաշտպանության նախարարի տեղակալ Ս. Սահակյանի և ՍՊԸ-ի տնօրենի միջև 2021 թ. հունիսի 8-ին 11 միլիոն 418 հազար դրամ ընդհանուր արժեքով պայմանագիր է կնքվել 20 հատ միաֆազ շարժիչ (բենզոգեներատոր) և 120 հատ բաշխիչ ցանցի փոխակերպիչ գնելու համար։

Հուլիսի 15-ին էլ Կարապետյանի՝ Պնախարարի առաջին տեղակալ նշանակվելուց օրեր առաջ, ՊՆ-ն պայմանագիր է կնքել 50 Կվտ հզորության 1 էլեկտրակայան գնելու համար։ Պայմանագրի արժեքը՝ 4 մլն 484 հազար 400 դրամ։ Արշակ Կարապետյանը, նկատենք, 2021 թվականի ապրիլի 13-ին նշանակվել է գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, իսկ ապրիլի 20-ին ՊՆ-ն 1 մլն 524 հազար դրամ արժեքով պայմանագիր է կնքել 250 հատ կապարային մարտկոցներ գնելու համար, միավորի գինը՝ 6096 դրամ։ Պայմանագիրը ՊՆ-ի կողմից ստորագրել է նախարարի առաջին տեղակալ Ս. Սահակյանը։

ՊՆ-ին մատակարարված ապրանքներից են նաև փրկարարական կոստյումներ (ջերմաանդրադարձիչ կոստյում ՋԱԿ-200, ток-200. պայմանագիրը կնքվել է 25/05/2020-ին, ընդհանուր գումարը՝ 2 մլն 502 հազար դրամ), մարտկոցների լիցքավորիչներ (պայմանագիրը կնքվել է 19/04/2021-ին, ընդհանուր գումարը՝ 4 մլն 362 հազար դրամ)։