Ըստ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ քննարկվում է տրանսպորտի բոլոր հնարավոր տարբերակները «Ակադեմիական քաղաք» հասնելու համար, քանի որ նմանատիպ նախագծերի իրականացման փորձը տարբեր երկրներում ցույց է տալիս, որ հաջողության ամենակարևոր գրավականը տրանսպորտային հասանելիությունն է։
Այս մասին նա հայտնել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։
«Հետևաբար մեզ համար շատ կարևոր է, որ «Ակադեմիական քաղաքը» լինի հասանելի ոչ միայն մեկ տեղից և մեկ ձևով, ինչը կնշանակի, որ այն հասանելի չէ, այլ տարբեր ձևերով, տարբեր ուղղություններով ու տարբեր տրանսպորտային տարբերակներով»,- նշել է նա։
Նախարարի խոսքով՝ մինչև ս․թ․ հունիս ամիսը պատրաստ կլինի «Ակադեմիական քաղաքի» ամբողջությամբ մշակված հատակագիծը, և զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում լանդշաֆտային դիզայնի ուղղությամբ, ճանապարհային ցանցի ու անհրաժեշտ ենթակառուցվածքների նախագծման ուղղությամբ, ինչից հետո իրականացումը լինելու է փուլային սկզբունքով։
Ընդ որում՝ առաջին փուլի հիմնական կետերից մեկը լինելու է երկաթուղու գործարկման ուղղությամբ աշխատանքներ սկսելը․ ««Ակադեմիական քաղաքի» տարածքով երկաթուղային գիծ է անցնում, որն այս պահին ավելի շատ օգտագործվում է իբրև բեռնատար։ Մենք դա վերափոխելու ենք ուղևորատար նպատակներով կիրառելու։ Մենք ուզում ենք դարձնել դա «Ակադեմիական քաղաքի» հիմնական տրանսպորտային հանգույցը, որը «Սասունցի Դավիթ» կայարանից կգնա դեպի «Ակադեմիական քաղաք», և այնտեղ կլինի կայարան»։
Ինչ վերաբերում է մետրոյի զարգացմանը, ապա ըստ նախարարի՝ իրենք դա պատկերացնում են «Աջափնյակ» կայարանից։ Տրանսպորտային հասանելիությունն ապահովվելու է մի քանի եղանակով, և երկաթուղուց ու մետրոյից բացի նախատեսվում է նաև տրամվայ և տրանսպորտային այլ միջոցներ գործարկել։
Բաց մի թողեք
Ռուբեն Քոչարի՝ «Ինքնադիմանկար»-ի վերաբերյալ հնչեցրած կարծիքը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ. Լուսանկարներ
Ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջին. ինչպե՞ս կանխել վտանգավոր սննդի մատակարարումը մանկապարտեզներին
ԵՄ-ն մեծ ներդրումներ է կատարել հօգուտ Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերի կրթության ոլորտում