22/11/2024

Մարտի 15-22-ը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերվել է առանց լիցենզիայի ուղևորափոխադրում կատարած 20 մեքենա

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ խստացված վերահսկողություն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ։

Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

2024 թ․ մարտի 15-22-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած մշտադիտարկման արդյունքում Տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի մասնագետների կողմից ուսումնասիրվել է 24 տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոց, որի արդյունքում հայտնաբերվել է առանց համապատասխան լիցենզիայի առկայության ուղևորափոխադրում կատարող 20 տրանսպորտային միջոց։

Վարչական իրավախախտում թույլ տված տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։

ՔՏՀԱ տեսչական մամինը կրկին զգուշացնում է՝ տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարող անհատ տաքսիներին ու մասնավոր ընկերություններին փոխադրումներն իրականացնել սահմանված լիցենզավորման կարգին համաձայն։