23/12/2024

Ի՞նչ է իրենից ներկայացնելու «ներմիավորված» Թուրքիան

Թուրքական մամուլն ակնկալում է, որ մոտ ապագայում Իրաքի կառավարությունը Քրդական բանվորական կուսակցությունը կճանաչի «ահաբեկչական կազմավորում» եւ իրաքյան բանակը կաջակցի թուրքականին՝ «քրդական զինված խմբավորումների դեմ ռազմական գործողությունների ողջ ընթացքում»:

Այս ֆոնին չափազանց ուշագրավ է Milliyet-ի հրապարակումը, ըստ որի՝ ապրիլի 23-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հռչակման տարեդարձի պաշտոնական արարողության շրջանակներում Էրդողանը «ոտքի վրա հանդիպում է ունեցել» ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուրի հետ: Թուրքիայի նախագահն անձամբ հաստատել է այդ լուրը եւ ավելացրել, թե հույս ունի, որ «հաջորդ շաբաթ տեղի կունենա» արդեն պաշտոնական հանդիպում:

Էրդողանի հետ «մոտ տասը րոպե տեւած» զրույցից հետո ԺՀԿ առաջնորդը մամուլին ասել է, որ «ընդունելություն չի խնդրել, խոսքը գործնական հանդիպման մասին է»: Նրա ձեւակերպմամբ՝ երբ իշխանությունը եւ ընդդիմությունը «թշնամի են, տուժում է ազգը, ազգը կշահի, երբ մենք երկխոսություն սկսենք»: Թուրքական մամուլում տեղեկություն է տարածվել, որ իշխող ԱԶԿ-ն «նախապատրաստվում է արտահերթ համագումարի»: Սպասվում է կառավարության կազմի «արմատական փոփոխություն, միայն երեք նախարար կպահպանի զբաղեցրած պաշտոնը»:

Ըստ երեւույթին, Էրդոաղանը ծրագրում է ոչ թե «հատուկ ռազմագործողություն»՝ ինչպես ներկայացվում է, այլ՝ տեւական պատերազմ, որ պահանջում է ոչ միայն հսկայական ռեսուրսներ եւ արտաքին աջակցություն, այլեւ ներքին համերաշխություն: Մունիցիպալ ընտրություններում ԱԶԿ-ն պարտվել է: Ընդդիմության առաջնորդի հետ հանդիպման պատրաստակամությունը, հավանաբար, պայմանավորված է հնարավոր ներքին դժգոհությունները կառավարելու անհրաժեշտությամբ:

Ընդդիմադիր ԺՀԿ-ն ունի արեւմտամետ ուժի համարում: Շահել նրա համագործակցությունը՝ նշանակում է Արեւմուտքի հետ երկխոսության լուրջ ռեսուրս ունենալ: Էրդողանը կառաջարկի, որ ԺՀԿ-ն ձեւավորվելիք կառավարության մաս կազմի՞:

Պատերազմի նախապատրաստվող երկրի համար ներքին համաձայնությունը վճռորոշ նշանակություն ունի: Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը կհաշտվի՞ «նեոօսմանիզմի» հետ: Ըստ էության, ԺՀԿ առաջնորդն այդ հավանականությունը չի բացառել, երբ ասել է, որ իշխանության հետ թշնամությունից տուժում է ազգը, իսկ նա կշահի, եթե իշխանությունը եւ ընդդիմությունը համագործակցեն:

Բայց այդ դեպքում ի՞նչ է իրենից ներկայացնելու «ներմիավորված» Թուրքիան: Իսկ որ Էրդողանը ձգտում է քեմալական նացիոնալիզմի եւ օսմանյան էքսպանսիոնիզմի սիմպիոզ ստեղծել, կարծես թե ակնհայտ է: Այլապես ինչու՞ հենց Բաղդադ այցի հաջորդ օրն է նա «ոտքի վրա» հանդիպել ընդդիմության առաջնորդի հետ: