23/12/2024

Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը կարող է դիտարկվել որպես «չարյաց փոքրագույն»

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածությունների փաթեթը շարունակում է մնալ արդիական եւ կողմերից որեւէ մեկը չի հայտարարել դրանց չեղարկման մասին:

Դե ֆակտո, եռակողմ պայմանավորվածությունների փաթեթը որեւէ կերպ չի արտացոլում այն իրավիճակը, որ կա գետնի վրա, եւ դա ակնառու է աներկբա, բայց իրապես ուշագրավ է, որ կողմերից որեւէ մեկը չի հայտարարում փաթեթի գոյությունը դադարեցնելու, այն առոչինչ դարձնելու մասին:

Երբ դա չի անում Ադրբեջանը, հասկանալի է: Բաքուն դե ֆակտո չեղարկել է եռակողմ պայմանավորվածությունները, մնացել է այսպես ասած 9-րդ կետը եւ Ալլիեւը, ինչպես տեսնում ենք, պարբերաբար հայտարարում է դրա մասին:

Երեւանը հայտարարել է, որ ըստ էության նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները չեղարկված են, սակայն մի բան է այդօրինակ հայտարարությունը, մեկ այլ բան ուղիղ արձանագրումը, որ Հայաստանը այլեւս առոչինչ է ճանաչում դրա, ինչպես նաեւ հաջորդից մյուս եռակողմ հայտարարությունների ներքո առկա իր ստորագգրությունը:

Հասկանալի է նաեւ, որ չեղարկման, առոչինչ ճանաչելու մասին չի հայտարարում նաեւ Ռուսաստանը, քանի որ Մոսկվայի համար էլ թեկուզ մեկ կետով առաջ գնալը ունի էական նշանակություն, առավել եւս՝ 9-րդ կետով: Ինչու՞ ստորագրության հետկանչման կամ առոչինչ լինելու մասին պաշտոնապես չի հայտարարում Երեւանը, հարց է, որ հնչում է բավականին հաճախ:

Արդյո՞ք այդ հանգամանքը վկայում է այն մասին, կամ ցուցիչ է այն մտայնության, որ Երեւանն ունի իրադարձությունների զարգացման որեւէ առավել անցանկալի սցենարի առնչությամբ, ինչի պարագայում նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը կարող է դիտարկել նույնիսկ որպես «չարյաց փոքրագույն»:

Համենայն դեպս, բավականին բարդ է գտնել վարքագծի այլ տրամաբանություն: Կրկնեմ, մի բան է հայտարարել, որ եռակողմը ըստ էության գոյություն չունի, մեկ այլ բան է հայտարարել, որ Հայաստանը պաշտոնապես դուրս է գալիս այդ հայտարարություններից եւ առոչինչ է ճանաչում 9-րդ կետը:

Եվ լռություն է այն դեպքում, երբ նախօրեին դրա մասին դարձյալ հայտարարել է Ալիեւը: Անշուշտ, պատկերը վկայում է բավականին բարդ վիճակի մասին: