25/05/2024

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Փաշինյան

«Ժամանակն է հստակ արձանագրել մեր եզրակացությունը, որ շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է տնտեսությունն ու սխալ մոտիվացիաներ ստեղծում»:

Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին։

Նրա խոսքով՝ տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը:

«Մեզ թվացել է, թե արտոնյալ պայմաններ ստեղծելով՝ պետք է մարդկանց մոտիվացիա, ստարտային հնարավորություն տանք, տրամպլին ստեղծենք մարդկանց համար, որպեսզի նրանք աճեն, տնտեսությունն աճի, բիզնեսն աճի, և նրանք փուլերով անցնեն՝ հասնելով ԱԱՀ-ով հարկվելու դաշտ։ Բայց երբ որ ուսումնասիրում ենք, թե պրակտիկայում ինչ է տեղի ունենում, տրամպլինի տրամաբանությամբ ասած՝ տեսնում ենք, որ տնտեսվարողները այդ տրամպլինով սկսում են ստարտը, բայց հենց թռչելու պահը գալիս է, արգելակները միացնում են։ Այսինքն՝ մենք ստեղծել ենք համակարգ, որը աճելու մոտիվացիա չի տալիս, ընդհակառակը, չաճելու և ստվերային տնտեսությունը զարգացնելու մոտիվացիա է տալիս, որովհետև հնարավորություն ենք տալիս այդ դեպքերում շրջանառությունն ու ապրանքների մատակարարումը պատշաճ չձևակերպել։ Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ, և մեր ռազմավարությունն է փուլ-փուլ հրաժարվել շրջանառության հարկի համակարգից»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ սա կարևոր արձանագրում է, որպեսզի ճիշտ մոտիվացիաներ դնեն բիզնեսի համար, որ բիզնեսը աճելու ճանապարհին պետական քաղաքականության խոչընդոտներ ուղղակի կամ անուղղակի չունենա: