21/12/2024

Պուտինյան նոր կեղտոտ խաղը Աբխազիան Վրաստանին վերադարձնելու ու ամբողջը ստանալու սցենարով

Ռուս-ուկրաինական պատերազմում Վրաստանի իշխող կուսակցության եւ կառավարության «պոզիտիվ չեզոքության» շուրջ մեր դիտարկումներում ավելի քան կես տարի առաջ վարկածաբար ենթադրել էինք, թե հնարավոր է՝ կա ռուս-վրացական գաղտնի համաձայնություն, որ Ուկրաինայում հաջողության հասնելով՝ Մոսկվան Թբիլիսիի «կովկասյան հյուրասիրությունը» կփոխհատուցի տարածքների վերադարձով:

Apsny.ge-ի հեղինակը, հղելով Սուխումիի իր աղբյուրներին, խոսում է Աբխազիայի վերնախավում եւ հանրային որոշակի շրջանակներում տիրող անհանգստության մասին: Ըստ նրա, Աբխազիայում գտնում են, որ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ նման բաց առճակատման գնալու համար Բիձինա Իվանիշվիլին երկու նպատակ կարող է հետապնդել:

Մեկը շվեյցարական բանկին վստահած եւ անբարեխիղճ վարկառուների կողմից երկու միլիարդ դոլար սեփական միջոցները ետ վերադարձնելու «զուտ մերկանտիլ շահն» է, մյուսը՝ «Աբխազիայի վերաինտեգրումը»:

Ընդ որում, ինչպես հրապարակման հեղինակն է համոզված, Իվանիշվիլին ամեն դեպքում «այդ գումարներն ստացողն է, քանի որ դատարանի վճիռ ունի»: Խնդիրը շվեյցարական բանկը «սնանկ ճանաչված լինելու» մեջ է, բայց դա «կարգավորելի հարց է»: Այսպիսով իշխող է մնում տպավորությունը, որ Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան»: Բայց միամտություն կլինի ասսել, թե Վրաստանի «պոզիտիվ չեզոքությունը» Մոսկվայի համար այնքան թանկ է, որ պատրաստ է փոխհատուցել Աբխազիայով:

Եթե apsny.ge-ի հրապարակումը միայն հիպոթեզ չէ եւ Սուխումիում իրոք վերնախավային անհանգստություն կա, ապա պետք է ենթադրել, որ խոսքն առավել ընդգրկում, ռազմա-աշխարհաքաղաքական նշանակության նախագծումների մասին է, որ, եթե պարզ եւ հակիրճ ձեւակերպվի, ապա կստացվի, որ Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որպեսզի ստանա ամբողջական Վրաստան, իսկ այդպիսով՝ Սեւծովյան-Կասպյան ավազանի պարեկություն»: Ինչպես եղել է երկու հարյուր տարի առաջ՝ «ահա Կովկասն իմ ոտքի տակ»:

Լեռնային Ղարաբաղի հանձնումով Ռուսաստանն, ըստ էության, ստացել է ամբողջական Ադրբեջան: Ամենեւին էլ պատահական չէ, որ ԼՂ հայաթափմանը հաջոդեց Մերձդնեստրի եւ Ռուսաստանի միջեւ սառնություն: Աբխազիայի պարագան այլ է: Արդյունավետ կառավարման եւ արտաքին բավարար ներդրումների դեպքում վրացական ինքնավարությունը կարող է ունենալ կես միլիոն բնակչություն, զարգացած, հատկապես՝ զբոսաշրջային ենթակառուցվածքներ եւ արդիական ագրո-արդյունաբերական համալիր:

Ասվածին պետք է գումարել նաեւ այլ, ոչ պակաս կարեւոր, ռեսուրս. Աբխազիան Թուրքիայում ունի ազդեցիկ սփյուռք: Նրանք 1860-ականներին Ռուսաստանից բռնատեղահանվածների ժառանգներն են, չեն կորցրել պատմական հայրենիքի զգացողությունը եւ ազգային ինքնությունը: Թուրքիան այդ հանգամանքը բավական արդյունավետ օգտագործել է: Ունենալով Աբխազիայի հետ ծովային հաղորդակցություն՝ Թուրքիան որոշակի առեւտրա-տնտեսական կապեր ունի Սուխումիի հետ:

Թուրքիան եւ Վրաստանը ռազմավարական գործընկերներ են: Հարավային Կովկասից Արեւմուտքի «արտաքսումը» լիովին ներգրվում է այս փուլում Թուրքիայի արտաքին քաղաքականությանը:

Չպետք է բացառել, որ Աբխազիայի հարցում Ռուսաստանը եւ Թուրքիան Վրաստանի հետ կարող են հասնել բոլոր կողմերին բավարարող պայմանավորվածության. Վրաստանը վերականգնում է տարածքային ամբողջականությունը եւ ֆորմալ սուվերենությունը, Ռուսաստանը պահպանում է ռազմական հենակայանները եւ ֆորմալացնում ռազմածովային բազան, Թուրքիան՝ ստանում ազատ առեւտրի եւ քաղաքակրթական «փափուկ ուժի» կիրառման հնարավորություն:

Այդ հարցում Վրաստանի իշխանություններին չես մեղադրի. եթե ԱՄՆ-ը եւ Եվրամիությունն առաջարկում են վերջնականապես հաշտվել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կորստի հետ, դառնալ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ, իսկ դա նշանակում է վերածվել Ռուսաստանի հետ դիմակայության պլացդարմի, իսկ Ռուսաստանն առաջարկի Աբխազիայի վերադարձ եւ անվտանգության երաշխիքներ, ապա Թբիլիսին ինչու՞ չընտրի երկրորդ տարբերակը: Ի վերջո՝ «Խվանչկարա» խմելուն եւ «Ջամսուլո» երգելուն դա բնավ չի խանգարի: Իսկ վրացական դեմոկրատիան Թամար թագուհու ժամանկներից դա է: