21/12/2024

Վրաստանի խորհրդարանը չեղարկել է «Օտարերկրյա գործակալների» օրենքի վրա դրված նախագահի վետոն․ ընդդիմությունը լքել է դահլիճը

Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ՝ 84 կողմ, 7 դեմ ձայնով չեղարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա դրված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն։

Այս մասին հայտնել է NewsGeogia-ն։

Ընդդիմությունը լքել է նիստերի դահլիճը և միացել Ռուսթավելի պողոտայում խորհրդարանի շենքի դիմացի ցուցարարներին։

Վետոյի չեղարկումից հետո օրենքը կրկին կուղարկվի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլիին, եթե նա նորից հրաժարվի ստորագրել, դա կանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Հրապարակումից հետո այն ուժի մեջ կմտնի։

Վրաստանի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր Գիորգի Վաշաձեի ելույթի ժամանակ մկջադեպ է տեղի ունեցել։ Խորհրդարանական մեծամասնության անդամ Իրմա Զավրադաշվիլին Վաշաձեի վրա ջուր է լցրել։

«Լավ արեցիք, շնորհակալություն: Բրավո։ Սա վայրենության հասած դավաճանների ճանապարհն է։ Սա դավաճանության ճանապարհն է, որով դուք բոլորդ գնում եք։ Հավատացե՛ք, այս ջուրն ինձ ոչինչ չի տա, իսկ ձեր ընտրած դավաճանության ճանապարհը վրաց ժողովրդին ոչինչ չի տա։ Միասնական ու ուժեղ Վրաստանը երբեք չի ծնկի ոչ մի չար մարդու դիմաց, որքան էլ նա հարուստ լինի»,- արձագանքել է Գիորգի Վաշաձեն։

Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո էր կիրառել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նկատմամբայն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։