27/07/2024

Էրդողանը պետք է Ալիեւին փորձի համոզել, որ հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրումը բխում է Թուրքիայի շահերից

Իրանի սահմանադրության Պահապանների խորհուրդը հաստատել է նախագահի թեկնածուներին, որ կմասնակցեն ընտրապայքարին: Գրեթե ակնհայտ է, որ Գերագույն հոգեւոր առաջնորդի նախընտրած թեկնածուն Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում իր հատուկ ներկայացուցիչ Սաիդ Ջալալին է:

Ջալալին, ինչպես Իրանի քաղաքական վերնախավի «խոհամոցին» տեղյակ աղբյուրներն են ասում, վերահսկում է միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները:

Մեկ օր առաջ տեղի է ունեցել Իլհամ Ալիեւի եւ Իրանի առաջին փոխնախագահ, նախագահի պաշտոնակատար եւ նախագահական ընտրությունների պատասխանատու Մոհամադ Մոխբերի հեռախոսազրույցը, որից հետո Ալիեւը մեկնել է Եգիպտոս, որտեղ առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Ադրբեջանը սատարում է անկախ Պաղեստինի հռչակմանը՝ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Այսպիսով նա կանգնել է Պաղեստինի անկախության պաշտպանության առաջին շարքում, ինչից տեւական ժամանակ խոըսափում էր:

Այս զարգացումները հաջորդում են Թուրքիայի արտաքին գործերի նախարարի Չինաստան այցին, որի ընթացքում նա հայտարարել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու ցանկության մասին: ԲՐԻԿՍ-ի գագաթաժողով նախատեսված է հոկտեմբերին, ընդ որում այն կգումարվի Կազանում: Գագաթաժողովի կազմակերպման հարցով հունիսի 10-ին Նիժնի Նոբգորոդում գումարվում է անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպում, որին կմասնակցեն նաեւ Թուրքիայի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

Նույն օրն Ադրբեջանի նախագահը մեկնում է Անկարա: «Թուրան» գործակալությունը, հղելով թուրքական TRT հեռուստաընկերությանը, գրում է, որ Էրդողան-Ալիեւ բանակցությունների օրակարգում կլինի «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղաության պայմանագրի կնքման» հարցը: Ուշագրավ է, որ խոսքը ոչ թե հայ-ադրբեջանական բանակցությունների, այլ՝ խաղաղության պայմանագրի կնքման մասին է:

Ըստ երեւույթին, Իրանի նախագահական ընտրությունների գլխավոր «ինտրիգի բացահայտումը» Թուրքիային մղում է զգուշավորության. Եթե Թեհրանը Միացյալ Նահանգների հետ հասնի իր «սսահմանային միջուկային տերության կարգավիճակի» ֆորմալացմանը, ապա Մերջձավոր Արեւելքում ստեղծվելու է ուժերի բոլորովին այլ դասավորություն:

Իլհամ Ալիեւը Թուրքիա է մեկնում արտգործնախարար Ֆիդանի եւ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ վերջերս Պրահայում հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել է նաեւ հայ-ադրբեջանական կարգավորումը: Երեւան է ժամանում ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Օ՛Բրայանը:

Բանակցություններում քննարկվելու է նաեւ հայ-ադրբեջանական կարգավորումը: Հայաստանի ԱԳՆ հայ-ադրբեջանական պայմանագրի նախագծի վրա մեկամսյա ինտենսիվ աշխատանքի եւ այն ստորագրման նախապատրաստելու պատրաստակամություն է հայտնել, ինչին Ադրբեջանի արտգործնախարարությունը տվել է գրեթե մերժողական պատասխան:

Տպավորություն է, որ Էրդողանը պետք է Ալիեւին փորձի համոզել, որ հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրումը բխում է Թուրքիայի շահերից: Երեւանը հայտնել է Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացների հերթական հանդիպման նախնական պայմանավորվածության մասին: