«Ընդդիմությունը ուղերձի նախագծով արտահերթ նիստի առաջարկ էր ներկայացրել, որը իրավունքի ուժով, եթե չեմ սխալվում պետք է գումարվի ամսի 17-ին, առաջարկ կար, որպեսզի դա տեղի ունենա ավելի շուտ, խորհուրդը չընդունեց այդ առաջարկը»:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է խորհուրդը մերժել, Կոնջորյանը պատասխանեց. «Որովհետև ուղերձի տեքստում 2 հատված կա․ կան հարցեր, որոնք քաղաքական բնույթի են, վերաբերում են անվտանգային հարցերին՝ սահմանազատմանը, սահմանագծմանը և այլն։ Ես առաջարկեցի, որ մեր գործընկերները գան, և վաղը մեկնարկող քառօրյայի ընթացքում հարցերը կքննարկենք և թող գան օգտվեն Կառավարության հետ հարցուպատասխանի հնարավորությունից ու իրենց բոլոր մտահոգություններն ուղղեն ՀՀ ընտրված վարչապետին և Կառավարությանը։ Մյուս հատվածով այս ուղերձում տեղ գտած հարցի մասով մենք նման օրակարգ չունենք»։
Նա ևս մեկ անգամ նշեց, որ հունիսի 17-ին իրավունքի ուժով գումարվելու է արտահերթ նիստ. «Այդ արտահերթ նիստը կարող է տեղի ունենալ, կարող է տեղի չունենալ, նորից նշեմ՝ մենք նման օրակարգ չունենք, հետևաբար այդ օրակարգը մեզ համար քննարկելի չէ»:
Հիշեցնենք՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր միջնորդություն էին ներկայացրել Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։
Ավելի վաղ, սակայն, ընդդիմությունը հայտարարել էր, որ պատրաստվում են վարչապետի իմփիչմենթի գործընթաց սկսել: Դրա համար նրանց անհրաժեշտ էր առնվազն 36 ստորագրություն։
Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին ուղերձ ընդունելու իմաստը չի տեսնում, քանի որ Կառավարությունն ու վարչապետը վայելում են ժողովրդի վստահությունը։
Բաց մի թողեք
«Ուղեղի ցնցում»․ Երևանի նախկին քաղաքապետի նախկին խոսնակը՝ Աննա Հակոբյանի օգնականին
Վարդանյանի որդին հայտարարել է ադրբեջանական բանտում նրա «լիակատար մեկուսացման» մասին
Աղբանոցը ոչ թե լրատվական դաշտն, այլ քաղաքական միջավայրն է. Նավասարդյան