Ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ ՀՀ որևէ ներկայացուցիչ երբեք չի այցելի Բելառուս, քանի դեռ Բելառուսի նախագահը Լուկաշենկոն է։
Օրերս այս մասին հայտարարեց ինքը՝ ՀՀ վարչապետը, խորհրդարանում 2023-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ՝ անդրադառնալով Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին։ Փաշինյանը, ըստ ԱԳՆ կայքի, վերջին անգամ Բելառուսում եղել է երկու տարի առաջ՝ 2022-ի հունիսին, աշխատանքային այցով։
ՀՀ վարչապետի վերոհիշյալ հայտարարությանն ուղղված պաշտոնական Մինսկի արձագանքը չուշացավ: «Եթե ինչ-որ մեկը որոշել է ներքին խնդիրներից ուշադրությունը շեղել արտաքին թշնամու կերպարով, ապա դա շատ անհեռատես դիրքորոշում է։ Չենք հասկանում, թե ի՞նչ կապ ունի Բելառուսը Հայաստանի ներքին գործընթացների հետ»,- արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը՝ հայտարարեց Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։
ՀՀ կառավարության ղեկավարի հայտարարությանը շտապեց արձագանքել նաև ՌԴ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Շպակովսկին՝ տելեգրամի իր ալիքում գրելով. «Մենք հանգիստ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ հայտարարությունները, շարունակում ենք հարգել եղբայրական հայ ժողովրդին, որի հետ Բելառուսը դարավոր պատմական կապեր ունի»։ Սույն պաշտոնյան նշել էր նաև, որ «Մինսկը չի միջամտում Երևանի ներքին գործերին, նույնն էլ ակնկալում էր Հայաստանի իշխանություններից»։
«Իմպուլսիվ հայտարարությունների» «բելառուսական նմուշներին» դեռ կանդրադառնանք, հընթացս արձանագրենք, որ ՀՀ-Բելառուս դիվանագիտական «սառը պատերազմը» նոր չէ, որ սանձազերծվել է, ՀԱՊԿ անդամ երկրի «հավերժական նախագահն» էլ մեկ անգամ չէ, որ հանդես է եկել ՀՀ-ի հասցեին «իմպուլսիվ», ավելի ճիշտ՝ ցինիկ, ոչ թե երկրի, այլ՝ «կոլխոզի նախագահին» սազական հայտարարություններով։ Արձանագրենք, սակայն, որ երեկվա դիվանագիտական «փոխհրաձգության» արդյունքում «զոհ» ունեցանք, որը դարձավ մեր երկրում այդ երկրի արտակարգ և լիազոր դեսպանը՝ հետ կանչված Ալեքսանդր Կոնյուկը։
Վերջինս դեսպան էր նշանակվել 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թ. դեկտեմբերին։ Բելառուսում 2021-ի սեպտեմբերին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակված Ռազմիկ Խումարյանն էլ, նկատենք, կանչվեց Երևան՝ խորհրդակցությունների։ Ի դեպ, Բելառուսի դեսպանը իր մասին ՀՀ քաղաքացիներին հիշեցրեց դեռ 2022-ի դեկտեմբերին՝ խոսելով ՌԴ-Բելառուս «Միութենական պետության» մասին՝ «Հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման արդիական ուղղությունները» համաժողովի ժամանակ հայտարարելով՝ «Միութենական պետությունում երրորդ երկիրը պակասում է»։
«Ես հետևել և նայել եմ, թե ինչպես են մեր հայ եղբայրներն արձագանքում, և նրանք ինձ աջակցել են»,- հայտարարել էր երեկվանից արդեն հետ կանչված արտակարգ և լիազոր դեսպանը, բայց այդպես էլ չէր մանրամասնել՝ այդ ովքե՞ր են իր այդ «հայազգի եղբայրները»։ Ի դեպ, «Միութենական պետություն» ՀՀ-ին «քարշ տալու» մասին անթաքույց հավակնություններ մեկ անգամ չէ, որ դրսևորվել են այդ թվում Բելառուսի կողմից, առայժմ, սակայն, հայտարարությունների տեսքով, և հատկապես 44-օրյա պատերազմից հետո՝ ոչ պաշտոնական խողովակներով։
Նման «թափանցիկ ակնարկներին», նկատենք, պաշտոնական Երևանը մշտապես պատասխանել է «ոչ» ասելով՝ «ՀՀ օրակարգում չկա նման օրակարգ»։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, մասնավորապես, ժամանակ առաջ հայտարարեց՝ «Միութենական պետությունը սուվերենության վերացում է ենթադրում, և ՀՀ-ում ընթացող ժողովրդավարական պրոցեսները սահմանափակում են այդպիսի հնարավորությունները, նույնիսկ այդ հարցը քննարկելու հնարավորությունները»։
Ի դեպ, դեսպան Կոնյուկից առաջ այդ ֆորմատին միանալու թեման շրջանառել էր «իմպուլսիվ հայտարարությունների» գծով անգերազանցելի չեմպիոն Լուկաշենկոն, որին, այո՛, հաջողվում է ժամանակ առ ժամանակ արժանանալ հայ ժողովրդի նեգատիվ էմոցիաներին։ Վերջինս 2022-ի փետրվարին «Միութենական պետության» և դրան հետխորհրդային այլ երկրների միանալու հեռանկարների մասին խոսելիս իրեն հատուկ ոճով նետել էր՝ «Հայաստանը գնալու տեղ չունի», ապաև՝ հավելել. «Հայաստանը ինչ-որ մեկին պե՞տք է… Նիկոլ Վովաևիչը տեսել է դա»։
Նրա այս լպիրշ հայտարարությունից հետո ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան առաջ բողոքի ակցիա տեղի ունեցավ՝ ակցիայի մասնակիցները մեկ պարկ կարտոֆիլ էին բերել դեսպանատան մոտ, որի վրա փակցված էր Բելառուսի նախագահի նկարը, ինչպես նաև ծաղրանկարներ։ Բելառուսի նախագահին ակցիայի մասնակիցներն անվանեցին «կոլխոզեն-ֆյուրեր», «կոլխոզնիկ»՝ պահանջելով ներողություն խնդրել իր ցինիկ հայտարարության համար։
Հարկ է հիշեցնել Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արած մեկ այլ հայտարարություն ՀՀ-Բելառուս «սառը պատերազմի» համատեքստում։ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան իշխող ուժի պատգամավորի հարցի, գործադիրի ղեկավարն արձագանքեց նաև Բելառուսի նախագաhի՝ Բաքվում Ալիևի հետ ունեցած զրույցի ժամանակ արած հայտարարությանը, թե՝ «հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, Ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եզրակացրեցինք, որ պատերազմում կարելի է հաղթել»:
Մայիսի 17-ին, հիշեցնենք, Ադրբեջանում գտնվող Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել էր Ֆիզուլի, Շուշի, խոսել Ղարաբաղում իրենց ծրագրերի՝ շինարարական պրոյեկտներում ներգրավվելու հնարավորության մասին։ Ի պատասխան Լուկաշենկոյի «ճաշի սեղանի շուրջ ունեցած փիլիսոփայությանը»՝ Փաշինյանն արձագանքեց՝ Բելառուսի նախագահը ասել է այն, ինչ ինքը փորձում է 4 տարի այլաբանորեն ասել։
«2020-ի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են, ոչ մեր կողմից, մեր դաշնակիցները։ Ես ՀԱՊԿ-ի անդամ առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել են մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Էդ պատերազմի նպատակը եղել է Հայաստանի անկախ պետության չգոյությունը»։
Փաշինյանը շեշտեց՝ այդպիսի փորձեր 2020-ի պատերազմից հետ էլի են եղել՝ 2021-ի մայիսին, 2022-ի սեպտեմբերին, 2023-ի սեպտեմբերին, բայց չի ստացվել։ «Մի հատ էլ փորձեցին 2024-ի մայիսի 9-ին, էլի չստացվեց, ու էլի չի ստացվելու»,- հայտարարեց վարչապետը։
Սկանդալային ձայնագրություն՝ «Բածկայի» մասնակցությամբ
Ի դեպ, Լուկաշենկոն հայ հասարակությանը ցնցեց նաև 44-օրյա պատերազմից հետո, երբ համացանցում տարածվեց վերջինիս և Սերժ Սարգսյանի զրույցի գաղտնի ձայնագրությունը, որն արվել էր 2016-ին, ՀՀ-ում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ, «նեղ կազմով նախագահների հանդիպման ոչ հրապարակային զրույցի» ընթացքում։ Դատելով ձայնագրությունից՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Սերժ Սարգսյանի հետ բառի բուն իմաստով «բազառ» է արել ԼՂ-ին հարող 7 շրջանը 5 միլիարդի դիմաց Ալիևին վերադարձնելու շուրջ։
Սարգսյանն էլ, ի դեպ, առարկել էր Լուկաշենկոյի առաջարկին՝ 5 միլիարդի դիմաց Ադրբեջանին վերադարձնել 7 շրջան, քանի որ այդ հողերի համար հայկական կողմը 5 հազար զոհ է տվել, ապա նշել՝ ինքն էլ 6 միլիարդ է առաջարկում Ալիևին այդ շրջաններից հրաժարվելու դիմաց։ Այս գաղտնազերծումից ժամանակ անց Լուկաշենկոն կրկին անդրադարձավ թեմային և մասնավորապես 2022-ի նոյեմբերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը խոստովանեց, թե ինչպես է ժամանակին միջամտել ԼՂ խնդրի կարգավորմանը։
«Երբ ՀԱՊԿ-ում նախագահում էր Բելառուսը, ես զբաղվել եմ այդ խնդրով։ Ալիևի հետ բանակցելիս ես իրեն կատակով հարցրի. «Իլհամ Հեյդարովիչ, պետք է օգնենք Հայաստանին, եթե պայմանավորվեք»։ Խոսքը 6 շրջանների մասին էր։ Հայերը խոստովանել էին, որ դա իրենց հողերը չեն։ Եվ եթե այդ ժամանակ հայերը համաձայնեին վերադարձնել դրանք, ապա պատերազմ չէր լինի Ղարաբաղում, իսկ ԼՂ կարգավիճակի հարցը հանգիստ ռեժիմով կկարգավորվեր, բայց այդ ժամանակ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեցին»։
«Կոլխոզնիկը»՝ Ադրբեջանի զենքի մատակարար
Նշենք, որ ՀԱՊԿ անդամ երկիր Բելառուսի կողմից Ադրբեջանին մատակարարված զենքերի և ռազմական օգնության մասին հրապարակմամբ է հանդես եկել Politico-ն։ Հղում անելով բելառուսական կողմի դիվանագիտական և ռազմական փաստաթղթերի արտահոսքին՝ հեղինակավր պարբերականը գրում է 2018-2022 թվականներին ԼՂ-ում Բաքվի և Երևանի միջև հակամարտության սրման ժամանակահատվածում Ադրբեջանին ռազմական մատակարարումների մասին։ Ինչպես գրում է Politico-ն, «մատակարարումների վերաբերյալ ՀԱՊԿ դաշնակցի որոշումը, որը Ադրբեջանին զգալի առավելություն է տվել ռազմական հակամարտությունների շարքում, Երևանի կողմից կգնահատվի որպես «դառը դավաճանություն»»։
Ավելի վաղ էլ՝ 2021-ին, Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտը (SIPRI), որը հայտնի է զենքի վաճառքի մասին իր հետազոտություններով և վիճակագրությամբ, ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո անդրադարձել էր Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերին և գնումներին: Ադրբեջանին զենքի մատակարարները եղել են մասնավորապես ՌԴ-ն՝ 60,1 %, Իսրայելը՝ 26,6 %, Թուրքիան՝ 2,9 % (նշենք, որ խոսքը ոչ թե ձեռք բերված զենքի քանակի կամ դրամական արժեքի մասին է, այլ «SIPRI»-ի կողմից կիրառվող չափման միավորի՝ TIV-ի (trend-indicator value), որով չափվում են երկրների միջև սպառազինության հոսքերի միտումները կոնկրետ ժամանակահատվածում):
ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի գործընկեր համարվող Բելառուսին էլ 2011-2020 թթ. բաժին է հասել Ադրբեջանի ռազմական ներկրումների 7,1 %-ը: Լուկաշենկոյի ռեժիմը բարեկամ Ալիևին վաճառել է գրոհային ինքնաթիռներ, ՀՕՊ համակարգեր, տանկեր, հրետանի, կառավարվող հրթիռներ: «SIPRI»-ն նշում է, որ զենքի նման վաճառքը երկու երկրների միջև հարաբերությունների կարևոր բաղադրիչ է նաև այն պատճառով, որ Բելառուսում աճում է ադրբեջանական նավթի պահանջարկը, և փորձ է արվում նվազեցնել կախումը ռուսական նավթից: Շվեդական հետազոտական ինստիտուտը 2011-2020 թթ. Բելառուսից Հայաստան զենքի մատակարարում չի արձանագրել:
Այդուհանդերձ, «SIPRI»-ն նշել էր, որ երկու երկրները համագործակցում են մարտական պատրաստության և օպերատիվ պլանավորման ոլորտներում, իսկ հետագա ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է ներառել ռազմատեխնիկայի առաքում կամ այդպիսի սարքավորումների վերանորոգման և տեխսպասարկման ծառայությունների մատուցում:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ. հունիսի 12-ին: Հայաստանի և Բելառուսի հարաբերությունները կարգավորվում են 32 միջպետական ու միջկառավարական, ինչպես նաև 21 միջգերատեսչական համաձայնագրերով: Այդ թվում՝ Հայաստանի և Բելառուսի միջև 2001թ. մայիսի 26-ին կնքվել է համաձայնագիր բարեկամության և համագործակցության մասին։
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև ստորագրվել է ընդհանուր շուրջ 90 փաստաթուղթ:
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
Քանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում. Լուսանկարներ
ՌԴ ուժայինների կողմից մինչև $15 մլն է հատկացվե՞լ. «Պերեվառոտ»՝ Զանգեզուրի միջանցքը բացելու համա՞ր
Սուխումը կենթարկվի՞ Մոսկվայի «հորդորներին» ու կվերադառնա՞ Թբիլիսիի ենթակայության տակ