21/07/2024

Հայաստանի խնդիրը շարունակում է լինել նույնը ․․․

Ադրբեջանում սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի իրականացրած հարցման արդյունքից պարզ է դարձել, որ ադրբեջանցիների 83,8 տոկոսը կողմ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն: Դեմ է 13 տոկոսից քիչ ավելին:

Ավելորդ է ասել, որ Ադրբեջանում չի լինում անկախ սոցիոլոգիա, հետեւաբար պարզ է, որ սոցհարցումը իրականացվում է պաշտոնական հովանու ներքո:

Արդյո՞ք Բաքուն այդ կերպ փորձում է հասարակական կարծիքը նախապատրաստել ինչ որ ստորագրության կամ իրադարձության: Հիշենք, որ օրեր առաջ Իլհամ Ալիեւը առաջարկել էր նախաստորագրել խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքները, իսկ տեքստի վրա աշխատանքը շարունակել: Մյուս կողմից, այն, որ Ադրբեջանում կա խաղաղության պայմանագիր ստորագրելու ավելի քան 83 տոկոս հանրային հավանություն, դեռ չի նշանակում, որ Ադրբեջանի իշխանությունը վաղը պատրաստ է ստորագրել այդ պայմանագիրը:

Բաքուն պայմանագիրը կստորագրի, եթե հանրային հավանությունը լինի նույնիսկ 3 տոկոս, բայց այդ պայմանագրում արտացոլվի այն քաղաքական պահանջների ամբողջությունը, որ ունի Ադրբեջանը Հայաստանի հանդեպ: Հետեւաբար, եթե Ադրբեջանի հանրությունը կողմ է խաղաղության պայմանագրին, դա ըստ էության կարող է դառնալ Ադրբեջանի տակտիկական խաղաքարտերից մեկը՝ ոչ ավելի:

Իսկ Բաքվի առավելապաշտությունը թերեւս շարունակվելու է այնքան, որքան կլինի դրա հնարավորությունը: Հետեւաբար, Հայաստանի խնդիրը շարունակում է լինել նույնը՝ ձեւավորել այդ առավելապաշտության հեռանկարները կարճելու համար անհրաժեշտ իրողություններ, բերելով իրավիճակը այնտեղ, որ Ադրբեջանի համար լինի պարզ՝ առավելապաշտությունը հեռանկար չունի, եւ հեռանկար չունի նաեւ նոր պատերազմը:

Խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը կախված է դրանից: Այդ հեռանկարը ձեւավորելն անկասկած բարդ է, հաշվի առնելով այն ռեսուրսային սղությունը, որ առկա է Հայաստանի պարագայում, ուժերի այն անբարենպաստ հարաբերակցությունը, որ գոյություն ունի թե հակամարտող կողմերի միջեւ, թե ռեգիոնում ընդհանուր առմամբ:

Այդ իրավիճակում, Ադրբեջանի հանրային կարծիքի հրապարակումը կարող է լինել խաբկանք, հատկապես, եթե հաշվի առնենք այն, որ դրան զուգահեռ Կարսում կազմակերպվում է «Վերադարձ դեպի Արեւմտյան Ադրբեջան» թեմայով համաժողով, որի կազմակերպիչների շարքում է սփյուռքի հարցերի Ադրբեջանի պետական գործակալությունը: