Նախ, բացակայել է Թուրքիայի նախագահ Էրդողանը: Գագաթաժողովին չի մասնակցել Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովը: Ճիշտ է, Թուրքմենստանը ԹՊԿ-ում միայն դիտորդ է, բայց նույն կարգավիճակ ունեցող Հունգարիան ներկա էր վարչապետի մակարդակով:
Չի ստացվել նաեւ Կիպրոսի հյուսիսի թուրքական օկուպացիոն ռեժիմի ղեկավար Թաթարի քաղաքական բենեֆիսը: Երեւում է «Կենտրոնական Ասիայի» թուրքախոս պետությունները, բայց ավելի շատ՝ Ղազախստանը, չեն ընդունում «ՀԿԹՀ» լեգիտիմացման Էրդողանի առաջարկությունը: Եւ, գուցե, այդ պատճառով է, որ նա Շուշի չի այցելել: ԹՊԿ նախարարական խորհրդաժողովում թուրք-ադրբեջանական տարաձայնություն է բացահայտվել:
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն արտահայտվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների շուտափույթ կարգավորման օգտին, իսկ նրա ադրբեջանցի պաշտոնակից Բայրամովը կրկնել է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների մանտրան:
Ֆիդանը, ճիշտ է, դժգոհել է որոշ արեւմտյան երկրներից, որ հաշվի չեն առնում Ադրբեջանի անհանգստությունները, բայց, երեւում է, Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ձգտում է ներկայանալ հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղարարի կերպարով:
Ղազախստանի նախագահ Տոկաեւը եղբայրական երկրներին հրավիրել է սեպտեմբերին կայանալիք, այսպես կոչված «քոչվորական խաղերին». Դրանք կազմակերպվում են «թուրքական մշակույթի քարոզչության նպատակով»: Ղազախստանի նախագահը համարում է, որ թուրքական քաղաքակրթությունը ձեւավորվել է Մեծ տափաստանում։
Անցյալ դարի 50-ական թվականներից սկսած, Բաքվում ձեւավորվել-ներդրվել է պատմագիտական թեզ, որ ադրբեջանցիները Հարավային Կովկասում նախաբնիկ են: Ղազախստանը կազմակերպում է «քոչվորական խաղեր». Եթե Ադրբեջանը մասնակցի, ապա պետք է ներկայանա կյանքի իր առանձնահատկությամբ: Իսկ դա նշանակում է ընդունել, որ չկա ադրբեջանցի, որպես Հարավային Կովկասի նախաբնիկ էթնոս։
Թեեւ կողմերը փորձում են ամեն կերպ նրբաքողարկել, բայց դիտարկվում է, որ թուրքական աշխարհի երկրորդության հարցում Ղազախստանը եւ Ադրբեջանը մրցակցության մեջ են: Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը Տոկաեւին խոստացել է ամեն կերպ օժանդակել, որպեսզի Ղազախստանը միջազգային քաղաքական դերակատար լինի: Ադրբեջանը առայժմ «երկրորդ լիգայի, խաղացողի փորձաշրջան» պիտի անցնի:
Ուշագրավ է նաեւ, որ Վիկտոր Օրբանը չի ստորագրել գագաթաժողովի այսպես կոչված «Ղարաբաղյան հռչակագիրը»: Ընդսմին, Բաքվի իշխանական մամուկն այս մասին որեւէ տեղեկություն չի տարածել: Միայն «Թուրան» գործակալությունն է Իլհամ Ալիեւի պաշտոնական կայքից տեղեկատվություն փոխանցել եւ իր կողմից ավելացրել, որ «հռչակագրի տեքստը դեռեւս հրապարակված չէ»:
Ի տարբերություն Ուզբեկստանի եւ Կիրգիզիայի նախագահների, որ Շուշիում էին հուլիսի 5-ին, Ղազախստանի առաջնորդն, ինչպես tengrinews-ն է ձեւակերպել՝ «Ադրբեջան է այցելել» հաջորդ օրը եւ իր ելույթում ընդգծել, որ հակամարտությունների կարգավորման «միայն մեկ գործունակ միջոց կա, դա երկխոսությունն է,»։
Տոկաեւը կարեւորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման «դրական միտումները,» եւ «ցանկացած պահի խաղաղ բանակցությունների հարթակ տրամադրելու,» պատրաստակամություն հայտնել: Թուրքական աշխարհում, կարծես, Ալիեւը եւ Տոկաեւը մրցակից են։
Բաց մի թողեք
Իրանի միջուկային ծրագրերի դեմ արևմտյան կոնսոլիդացիան չի դրսևորվի նաև Ուկրաինայի հարցում
Ադրբեջանը պատրաստվել է 2025-ին, Հայաստանը իրավունք չունի «սպասել»
Իսրայելն արդեն հարվածում է՝ ինչ սպասել մեր տարածաշրջանում