08/09/2024

Գյումրիի նախկին քաղաքապետը, որդի Սպարտակը, ևս երեք անձ հրավիրվել են Դատախազություն, ավագանու արտահերթ նիստ կլինի

Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Ղուկասյանը, նրա որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ինչպես նաև ևս երկու շահագրգիռ անձ՝ Մանյա Վարդանի Ղուկասյանն ու Նոնա Սերյոժայի Ղուկասյանը, հուլիսի 24-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Հիշյալ անձինք Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ ծանուցումներ են ստացել, որոնցում նշված է՝ իրենց պատկանղ գույքերի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։

Նշենք, որ Վ. Ղուկասյանի կողմից առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ, հարազատների ներգրավմամբ փողերի լվացում կատարելու բազմադրվագ վարույթի նախաքննությունն անցյալ տարեվերջին է ավարտվել, Հակակոռուպցիոն քրեական դատարանում է Ղուկասյանի, նրա եղբոր, սկանդալային պատմությունների կենտրոնում պարբերաբար հայտնված որդու և ևս երկու անձի՝ Սաշա Հովհաննեսի Զաքարյանի, Արմեն Ալֆիլի Մաթևոսյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը։ Վարդան Ղուկասյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու 38 դրվագներով։ 2001-2011 թվականների ընթացքում նա ուղղակի վաճառքով կամ աճուրդով պետական ու համայնքային մի շարք հողամասեր ու շենքեր է օտարել իրեն կամ այլ անձանց։ Ընդ որում, եղել է գույք, որի օտարումն ընդհանրապես օրենքով արգելված էր։

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ հուլիսի 26-ին, ժամը 14:00-ին, ավագանու արտահերթ նիստ կգումարվի։ Այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։ Օրակարգում մեկ հարց է լինելու՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցեր ներկայացնելու մասին հարցը։

Բանն այն է, որ ՀՀ դատախազության կողմից Գյումրի համայնքի ավագանուն ներկայացվել են առաջարկություններ՝ Գյումրու համայնքի ղեկավարի 24 որոշում անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջներով ՀՀ վարչական դատարան հայցադիմումներ ներկայացնելու վերաբերյալ։ Օրակարգում տեղ գտած երկու տասնյակից ավելի հայցերը, ինչպես տեղեկացնում է Հարությունյանը, վերաբերում են Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի ղեկավարության տարիներին կայացրած որոշումներին։

«Ուսումնասիրության ընթացքում պարզվել է հետևյալը (մեջբերեմ 2 օրինակ). ՀՀ կառավարության 1998 թվականի որոշմամբ ««Կումայրի» արգելոց-թանգարան»»-ը՝ որպես համայնքային գույք, փոխանցվել է Գյումրի համայնքին՝ որպես սեփականություն: 2001թ.-ին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը արգելոց-թանգարանի Աբովյան 143 հասցեում գտնվող շենքը՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնը, ուղղակի վաճառքով՝ 25.000.000 ՀՀ դրամով օտարել է «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին: Կինոթատրոնի շենքը հանդիսանում է պատմամշակութային հուշարձան և ենթակա չէր օտարման»:

Բացի դրանից՝ ՀՀ պաշտպանության նախարարությանն անհատույց օգտագործման հանձնված Գյումրու Ղարսի խճուղի 2/7 հողամասը՝ «Սև Ղուլ» պատմական ամրոցն ու հողամասը, 2018 թվականին Գյումրի համայնքին են փոխանցվել սեփականության իրավունքով՝ որպես բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամաս: Այդ նույն տարում քաղաքապետ Սամվել Բալասանյանի և ավագանու որոշումներով «Սև Ղուլ» պատմական ամրոցն օտարվել է նախ՝ Սիրական Մկոյանին, այնուհետ՝ Սամվել Բալասանյանի որդուն՝ Խաչատուր Բալասանյանին: Եվ սա այն պարագայում, երբ տարածքն ու հողամասը՝ որպես բնապահպանական հատուկ պահպանվող հող, չէին կարող լինել սեփականության իրավունքով այլ անձի փոխանցման առարկա և ենթակա չէին օտարման:

Չնայած դատախազության գրությունը ուղղված է եղել ավագանու բոլոր խմբակցություններին, սակայն այս օրակարգով արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես է եկել միայն «Քաղաքացիական պայմանագիր»-ը։

«Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շահագրգիռ է համայնքային շահերի պաշտպանության հայց ներկայացնել դատարան՝ վիճարկելու համայնքի ղեկավարների այն ապօրինի հրամաններն ու որոշումները, որոնց արդյունքում օտարվել է համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույք՝ դրանք վերադարձնելով համայնքին»,- գրել է Քնարիկ Հարությունյանը: