26/12/2024

Ոչ պաշտոնական պարետային ժամ. կիրանցեցիներին արգելում են երեկոյան երթևեկել նորակառույց ճանապարհով

Մինչ իշխանությունը խոսում է «Խաղաղության խաչմերուկ» անիրական թվացող նախագծից, Հայաստանի հյուսիսարևելյան դարպասը՝ Կիրանցը դարձել է երկրից կղզիացած գյուղ, որտեղ ամեն օր նոր զարգացումներ են տեղի ունենում։ Կիրանցի «ճակատագիրը» հուզում է միայն հարևան գյուղերի բնակչությանը։

Կիրանցում նոր, բայց ժամանակավոր կարգ ու կանոն է հաստատվում։

«Ոստիկանությունը թույլ չի տալիս երեկոյան ժամերին երթևեկել Կիրանցի նորակառույց ճանապարհով»,- MediaHub-ին փոխանցեց Աճարկուտ գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, նշելով, թե ոստիկանությունը պարզաբանել է՝ «անվտանգային հարցեր կան»։

«Ասում են՝ ձեր անվտանգությունից ելնելով ենք ասում, շատ ուշ ժամերին ելումուտ մի արեք, որովհետև կարող ա բռնեն։ Ոստիկանությունը բնակիչներին տեղեկացրել է, որ այս ամենը ժամանակավոր է, և որ հետո ամեն ինչ կկարգավորվի։ Այսինքն, լուրջ հսկողություն չկա։ Չնայած, ոստիկանությունն էլ է պարեկային ծառայություն իրականացնում, սահմանապահներն էլ են իրենց տեղում, բայց մտավախություն կա»,-նշեց նա։

Կիրանցի բնակիչներն առ այսօր չգիտեն՝ գյուղի դպրոցն արդյո՞ք կգործի այս տարվա սեպտեմբերից թե՞ պարապմունքները կշարունակվեն հին դպրոցում, որը վթարային վիճակում է։

«Մենք նախապես ասում էինք, բարձրաձայնում էինք, որ կյանքը կանգ կառնի Կիրանցում, ասում էին՝ «խաղաղության ենք գնում»։ Է՞ս ա խաղաղությունը, որ բնակիչը երեկոյան վախենա շրջել իր գյուղի տարածքում»,-հավելեց մեր զրուցակիցը։