13/12/2024

Արարատ լեռը բարձրացած ՀՀ քաղաքացին հայտնվել է դիաբետիկ կոմայի մեջ. թուրքական կողմի օժանդակությամբ նրան բերել են Հայաստան

Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը մանրամասներ է հայտնել զգացողությունը վատացած և օդային ճանապարհով Թուրքիայից Հայաստան տեղափոխված ՀՀ քաղաքացու վերաբերյալ:

«Մեր գործընկեր Gevorg Kalloshyan-ի սրտացավ աշխատանքի և Արտաքին գործերի նախարարության օպերատիվության շնորհիվ հնարավոր եղավ գրեթե մեկ օրում կազմակերպել Թուրքիայից օդային ճանապարհով ՀՀ քաղաքացու տեղափոխումը Հայաստան։

Արարատ լեռը բարձրանալուց և իջնելուց հետո քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել էր և հայտնվել էր դիաբետիկ կոմայի մեջ։

Դողուբայազեթի հիվանդանոցում թուրք բժիշկներին հաջողվել էր փոքր-ինչ կայունացնել կնոջ վիճակը։ Բժիշկները պնդել էին, որ Հայաստան տեղափոխումը պետք է իրականացվի միայն օդային ճանապարհով։ Ահա այստեղ էլ օգնության հասավ հայկական սանիտարական ուղղաթիռը, և Կառավարությունն անվճար կազմակերպեց քաղաքացու տեղափոխումը Հայաստան»,- գրել է նա։

Վերջինս նկատել է, որ թուրքական կողմը ևս օպերատիվ արձագանքել է և որևէ խնդիր չի առաջացրել օդային միջանցք տրամադրելու հարցում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայկական և թուրքական կողմերի համագործակցությամբ Թուրքիայում ինքնազգացողությունը վատացած ՀՀ քաղաքացուն օդային ճանապարհով տեղափոխել են Հայաստան:

Թուրքիայի ԱԳՆ-ն օպերատիվ կերպով արձագանքել է, բժիշկները տեղում ցուցաբերել են առաջին և անհետաձգելի բուժօգնություն, այնուհետև՝ կազմակերպել փաստաթղթերի հետ կապված հարցերը:

Պացիենտին բուժհաստատությունից արգելվել է տեղափոխել ցամաքային ճանապարհով: Քաղաքացու վիճակը կայուն ծանր է: