Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին թիկնապահ Մահիր Մամեդովին մահացած են գտել Թուրքիայի արևմտյան Այդըն քաղաքի Քուշադասի հանգստյան գոտում գտնվող հյուրանոցներից մեկում։ Մահվան ստույգ պատճառը դեռ պարզված չէ։ Տղամարդը մահացել է 50 տարեկանում։
Ինչպես գրում է Haber48-ը, Մահիր Մամեդովը երեք օր առաջ հանգստի էր ժամանել Թուրքիա՝ ընտանիքի հետ։ Նրանք տեղավորվել էին հինգ աստղանի հյուրանոցում։ Մամեդովի մարմինը հայտնաբերել է կինը զբոսնելուց հետո որդու հետ սենյակ վերադառնալիս։
Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ Մահիր Մամեդովը «որոշ ժամանակ» եղել է Իլհամ Ալիևի անձնական անվտանգության աշխատակիցը։ Որ թվականին է դա եղել՝ չի նշվում։
Ադրբեջանի նախագահ Բայրամովը Թուրքիայում իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում հայտարարել է, որ «Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր խոչընդոտը Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ հավակնություններն են»: Բայրամովը «միավորում» է պայմանները, թեեւ դա իհարկե առաջին անգամը չէ, քանի որ ավելի վաղ այդ շեշտադրումներն արել էր նրա ղեկավար Իլհամ Ալիեւը:
Տվյալ դեպքում հատկանշական է շեշտադրումների պահը: Դա տեղի է ունենում Թուրքիա այցի ընթացքում, որը հաջորդում է Պուտինի Բաքու կատարած այցին, ինչի առնչությամբ Թուրքիայի անհանգստությունը շոշափելի էր: Բայրամովը Անկարայում հնչեցնելով Ադրբեջանի պայմաններն ու նաեւ վերստին խոսելով Թուրքիայի «հանդեպ հավակնությունն» էլ պայման դնելու մասին, ըստ էության ազդարարում է, որ Բաքուն չի անի Թուրքիայից «անջատ» ռազմավարական քայլեր:
Այյդ կերպ Ադրրբեջանը թերեւս ակնկալում է, որ Թուրքիան էլ չի անի այդպիսի քայլեր Ադրբեջանի հանդեպ, օրինակ հայ-թուրքական կարգավորման թեմայի շրջանակում: Որքանով է Բայրամով-Ֆիդան զրույցը չեզոքացրել Անկարայի ու Բաքվի միջեւ ի հայտ եկած նկատելի տեղատվությունը, միարժեք բարդ է ասել, քանի որ խնդիրը բավականին նուրբ է իր դրսեւորումներով եւ շերտերով: Ի դեպ, այդ ֆոնին ուշադրության է արժանի այն, որ Բայրամովի այցին զուգահեռ, Թուրքիայի հյուրանոցներից մեկում հայտնաբերվում է Ադրբեջանի նախագահի նախկին թիկնապահներից մեկի դին:
Թե որքան նախկին է այդ թիկնապահը, մանրամասներ գոնե առայժմ հայտնի չեն, բայց նաեւ հասկանալի է, որ թիկնապահները իրենց ծառայության ընթացքում կարող են տիրապետել այնպիսի տեղեկություններ, որ նրանք ըստ էության նախկին չեն էլ լինում: Մահվան հանգամանքներն էլ այս պահի դրությամբ պարզ չեն, իսկ գուցե երբեք էլ չներկայացվեն հանրությանը պաշտոնապես, բայց ինքնին փաստը, որ Թուրքիան Բայրամովին փաստորեն «դիմավորում» է Ալիեւի նախկին թիկնապահի դիով, իսկապես ուշագրավ է:
Ի դեպ, դա էլ այն տեղեկատվության ֆոնին, որին անդրադարձել էի օրեր առաջ, երբ Ալիեւը՝ Բաքու ժամանած Պուտինին հրաժեշտ տալուց երկու օր անց որոշեց «ծառայության ընթացքում աչքի ընկնելու» համար պարգեւատրել իր թիկնազորի աշխատակիցներին, իհարկե այդ պահին գործող, ոչ թե «նախկին»:
Բաց մի թողեք
Բաքվի արձագանքը ՀՀ ԱԳՆ այսօրվա հայտարարությանը
Փարիզի պահվածքը խանգարում է Բաքու-Երևան կարգավորմանը. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ
Բաքուն խաղաղության պայմանագիրը չի ստորագրի Երևանի առաջարկած տարբերակով. Ադրբեջանի ԱԳՆ