Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, որ «ժամը 06:45-ին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները …հրաձգային զինատեսակներից գնդակոծել են Նախիջեւանի ԻՀ Սադարակի շրջանի Հեյդարաբադ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերը»։
Այդ հատվածը գրեթե ուղղակիորեն հարում է Թուրքիայի հետ Նախիջեւանի սահմանին: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը «հրադադարի խախտում արձանագրել է» Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցություններից կարճ ժամանակ անց, ինչը նույնիսկ լավագույն ցանկության դեպքում հնարավոր չէ «պատահական զուգադիպություն» համարել:
Մնում է փորձել հասկանալ, թե ո՞րն է Բաքվի հերթական ապատեղեկատվության պատճառը կամ շարժառիթը: Նախօրեին Անկարայում տեղի ունեցած Ֆիդան-Բայրամով բանակցությունների մասին տեղեկատվությունը սուղ է: Աչքի է զարնում նաև Ադրբեջանի փորձագիտական հանրության լռությունը:
Բանակցությունների ավարտին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը հայտարարել է, որ «պայմանագրի նախագծի մեծ մասը համաձայնեցված է» եւ անմիջապես հավելել, որ Հայաստանի սահմանադրությունը եւ նորմատիվ-իրավական ակտերը «տարածքային պահանջներ են ներկայացնում Ադրբեջանին»: Բայրամովի ներկայացմամբ՝ «մինչև այդ խոչընդոտները չվերացվեն, խաղաղության պայմանագիր չի ստորագրվի»:
Բաքուն վերջին ամիսներին այդ մասին մի քանի անգամ է հայտարարել, այդ թվում՝ Իլհամ Ալիեւի մակարդակով: Բայրամովի հայտարարությունն այս առումով ստանդարտ դեմագոգիա է: Ինտրիգը նրանում է, որ Ադրբեջանի արտգործնախարարն իրեն թույլ է տվել հուշում անել, որ Հայաստանի «սահմանադրությունը տարածքային պահանջներ է ներկայացնում նաև Թուրքիային»:
Տպավորություն է, որ առկա իրավիճակում Թուրքիան Հայաստանի սահմանադրության խնդիրը սկզբունքային չի համարում, եւ դա Ադրբեջանին լրջորեն անհանգստացնում է: Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ բանագնացների վերջին հանդիպման շուրջ փորձագիտական տեսակետ է շրջանառվել, որ Իլհամ Ալիեւը «Ռուսաստանից վախենալով՝ խոչընդոտում է հայ-թուրքական սահմանի բացմանը»:
Ռուսաստանի նախագահ Պուտինի Բաքու այցը, ռուս-ադրբեջանական հարաբերությունները նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելու պայմանավորվածությունը, հավանաբար, Անկարային անհանգստացնում է: Որքանո՞վ է իրականությանը մոտ թուրք-ադրբեջանական հարաբերություններում «սառնության» մասին ընկալումը:
Այս համատեքստում հայ-ադրբեջանական կարգավորումը Թուրքիայի համար ճակատագրական նշանակություն, թերևս, չունի: Այն, ինչ պետք է արվեր, արվել է: «Մենք մտել ենք Ղարաբաղ»,— հայտարարել է Թուրքիայի նախագահը: Դա, ամենայն հավանականությամբ, պետք է հասկանալ «մենք Ղարաբաղից դուրս չենք գա» իմաստով:
Ադրբեջանը, սակայն, ռուսաստանյան «էշելենում» է: Բաքվի այդ ընտրությունը, երևում է, Թուրքիային կաշկանդում է, բայց Ալիևն էլ իր հերթին Ռուսաստանի «կոշտ գրկախառնումներից» խուսափելու առարկայական տարբերակ չունի: Եվ, կարծես, ընտրել է Թուրքիային Հայաստանի հետ պատմական հակասություններով դավագրգռելու տարբերակը: Եթե, իհարկե, չկան ռուս-թուրք-ադրբեջանական խորքային պայմանավորվածություններ, և Մոսկվա-Անկարա, Բաքու-Անկարա «սառնությունը» դիվանագիտական խարդախամտություն և Հայաստանի համար ծուղակ չէ:
Բաց մի թողեք
Հակասանիտարական վիճակ՝ Երևանում հայտնի դպրոցներից մեկի բակում. Լուսանկար
Ինչ կտա հանրությանը դատավարական նոր շոուն
Ավտոսպորտը՝ Բաքվի հանցավոր քաղաքականությունը քողարկելու միջոց