17/04/2026

EU – Armenia

Ներշնչես, որ դու եւ քո օրապակաս թիմն «արդեն ընտրված եք», եւ ոչ մի ուժ չի կարող այս «սարանչայի» դեմն առնել

8 տարի կառավարես երկիրն ու չհասկանաս, որ դու ոչ միայն քեզ ընտրողների վարչապետն ես, այլ նաեւ քեզ չընտրողների, քեզնից զզվողների, քո հեռացումը երազողների, քեզ քննադատողների, քեզ ընդդիմացողների։

Հրապարակ թերթը գրել է․ Ծամածռվես ու ծաղրես ընդդիմադիրներին, քո անդաստիարակ թիմին քսի տաս ընդդիմության եւ ընդդիմախոսներիդ վրա։

Տափակ հումորներ անես, անօրինական սպառնալիքներ հնչեցնես։ Զերծ չմնաս հայ ազգի ազգային արժանապատվությունը վիրավորելուց, նրա սրբություններին ու նուրբ զգացումներին դիպչելուց։

Ակնհայտորեն պաշտպանես մեր դարավոր թշնամիների վտանգավոր թեզերն ու խոցես հայի ինքնասիրությունը։ Վախեցնես պատերազմով ու տարբեր արհավիրքներով, երբ արհավիրքն այս ժողովուրդն արդեն զգացել ու տեսել է՝ հանձինս 2018-ից հետո տեղի ունեցած դեպքերի, եւ լավ գիտի, թե ով է դրանք բերել իր գլխին։

Փորձես սահմանափակել տարբեր քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրություններին, տեռորով ու ապօրինի քրեական գործերով վախեցնես մրցակիցներիդ։

Ներշնչես, որ դու եւ քո օրապակաս թիմն «արդեն ընտրված եք», եւ ոչ մի ուժ չի կարող այս «սարանչայի» դեմն առնել։ Փորձես համոզել, որ նախկին իշխանությունները ոչ մի շանս չունեն ընտրվելու՝ անտեսելով, որ ընտրողը դու չես, այլ՝ ՀՀ քաղաքացին, եւ ցանկացած նորմալ իշխանություն թողնում է, որ արդար ընտրություն լինի, ու հասարակությունը որոշի, թե ում է ուզում իշխանության գլխին տեսնել։

8 տարի շարունակ խոսես ազատ, արդար ընտրություններից, ընտրակեղծիքների էջը փակելուց եւ անգամ համայնքային ընտրություններում խանգարես, որ արդար ընտրություններ կայանան, ու քաղաքացու քվեն տեղ հասնի։ Դրժես բոլոր նախկին խոստումներդ, խախտես նախկինում հնչեցրած բոլոր սկզբունքներդ՝ հանուն մի բանի, որ շարունակես իշխել ու երկիրը մինչեւ վերջ քանդել։