16/09/2024

Պուտինը մերժել է ռուս-ուկրաինական կարգավորման Հնդկաստանի միջնորդությունը

«Այսօր Պուտինը Կրեմլում է աշխատում: Տառացիորեն մեկ ժամ առաջ նա միջազգային հեռախոսազրույց է ունեցել, շփվել է Հնդկաստանի վարչապետ պարոն Մոդիի հետ»,- օգոստոսի 27-ին ՌԻԱ-Նովոստիին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունից հասկացվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ:

Կրեմլի կայքը տեղեկացնում է, որ Հնդկաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին տեղեկացրել է Կիև կատարած այցի մասին և ընդգծել է «ուկրաինական հակամարտության հնարավոր դիվանագիտա-քաղաքական կարգավորմամբ (Հնդկաստանի) հետաքրքրվածությունը»:

«Իր կողմից Վլադիմիր Պուտինը սկզբունքային գնահատական է տվել Կիևյան իշխանությունների և նրանց արևմտյան հովանավորների ապակառուցողական գծին՝ շարադրելով հակամարտության հանգուցալուծման ուղիների ռուսաստանյան մոտեցումները»,- տեղեկացնում է Կրեմլի կայքը:

Դրանք հայտնի են, ՌԴ նախագահն այդ մասին հայտարարել է հունիսի 14-ին: Ավելին, Կուրսկի մարզում ուկրաինական զորախմբի ներթափանցումից հետո Մոսկվան մի քանի խողովակներով հասկացրել է, որ հրադադարի և հաշտության այդ պայմաններն այլևս չեն կրկնվի:

Խնդիր է դրված հասնել ուկրաինական պետականության կազմալուծմանը, տարածքի ամբողջական անեքսիային: Այս իմաստով ուշագրավ է, որ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետի հետ հեռախոսազրույց է նախաձեռնել նախօրեին Բայդեն-Մոդի հեռախոսազրույցից հետո:

Ակնառու է, որ Պուտինը Մոդիի Կիև այցից և ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցից խիստ դժգոհ է: «Կիևյան իշխանությունների և նրանց արևմտյան հովանավորների ապակառուցողական գծի» մասին շեշտադրումը, հավանաբար, որոշակի իմաստով հասցեագրված է նաև Հնդկաստանի վարչապետին:

Ուկրաինայի նախագահը, ինչպես աղբյուրներ են ասում, վարչապետ Մոդիին առաջարկել է, որ Հնդկաստանը «կազմակերպի Ուկրաինայում խաղաղության հաջորդ խորհրդաժողովը»: Մոդիի արձագանքը հայտնի չէ, բայց Պուտինի դիվանագիտական տիրադայից հասկացվում է, որ նա այդ գաղափարն անընդունելի է համարում:

Այս ֆոնին ռուս-ուկրաինական պատերազմում բոլոր գծերը հատված են, բացի երկուսից. Ուկրաինան առայժմ Ռուսաստան-Եվրոպա գազամուղը չի թիրախավորել, Ռուսաստանը տակտիկական միջուկային զենք չի կիրառել: Գուցե դա ռուս-ամերիկյան «կարմիր գիծ» է: Համենայն դեպս, պարզ է, որ Վլադիմիր Պուտինը մերժել է ռուս-ուկրաինական կարգավորման Հնդկաստանի միջնորդությունը: