16/09/2024

Պուտին-Ալիեւ բանակցություններում «այլ թեմաների առկայության» մասին Ուկրաինայի նախագահի բազմանշանակ հիշեցումը

Ինձ հայտնի չէ, թե Ադրբեջանում ինչ է խոսել Պուտինը: Վստահ չեմ, որ գազի մասին է խոսել: Կարծում եմ, կան այլ հարցեր»,«հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին:

Անշուշտ, պարզունակ կլներ ասել, որ Պուտինը եւ Ալիեւը քննարկել են Ռուսաստանից Ադրբեջան գազի տարանցման կամ ռուսական գազն ադրբեջանականի անվան տակ Ուկրաինայի տարածքով ԵՄ մի քանի երկրներ արտահանելու հետ կապված հարցեր: Մանավանդ որ Պուտինի գլխավորած պատվիրակության կազմում Բաքու է մեկնել նաեւ «Գազպրոմի» գլխավոր տնօրեն Միլերը:

Ուկրաինայի նախագահի խոսքի ենթատեքստը տպավորություն է թողնում, որ նա գիտի կամ առնվազն բավարար տեղեկացվածությամբ կռահում է, թե ինչ «այլ հարցեր» են քննարկել Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները:

Զելենսկին հասկացնում է, որ դրանք մի մասով առնչվում են Ուկրաինային, ռուս-ուկրաինական պատերազմին: Այդ մասին նա բարձրաձայնում է անկախության օրվա առթիվ Իլհամ Ալիեւից ստացած շնորհավորանքից մի քանի օր անց:

Իսկ Ալիեւի ուղերձի էական ասելիքը հետևյալն է. «Ադրբեջանը կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի Ուկրաինային եւ նրա բարեկամ ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերի»: Կարելի է բավարար վստահությամբ ասել, որ Պուտինը բարձրացրել է Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցը:

Պուտինի Բաքու այցից մոտ մեկ ամիս առաջ շատ արտառոց հայտարարություն է արել Սերբիայի նախագահ Վուշիչը: Նա գաղտնազերծել է, որ Բելգրադն Ադրբեջանին ինքնագնաց հրետանային սարքավորումներ եւ համապատասխան ռազմամթերք է վաճառել, բայց թե վերջնարդյունքում ինչ է կատարվել՝ պատասխանատու չէ:

Մամուլում այդ կապակցության տեղեկություն է տարածվել, որ սերբական սպառազինությունն առաքվել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Ադրբեջանը տարեսկզբից ԱՄԷ-ի հետ աննախադեպ ջերմ եւ գործնական հարաբերություններ է զարգացնում: Պուտին-Ալիեւ բանակցություններում «այլ թեմաների» մասին Ուկրաինայի նախագահն ակնարկում է Փարիզում Telegram-ի սեփականատեր Դուրովի ձերբակալությունից երկու օր հետո:

Վերջինս նաեւ ԱՄԷ քաղաքացի է, օգոստոսի 11-ին Բաքու է մեկնել Դուբայից, որպեսզի մեկ շաբաթ հետո հանդիպի Վլադիմիր Պուտինին: Այդ հանդիպումը տեղի՞ է ունեցել, թե՞՝ ոչ, ենթադրությունների ոլորտի հարց է: Փաստ է, որ Դուրովը Բաքվից է մեկնել Ֆրանսիա: Որոշ տեղեկություններով՝ նրա անձնական ինքնաթիռը Ռեյմսի շրջանում փորձել է շեղվել երթուղուց, բայց «հինգ րոպե անց վերադարձել է Փարիզ տանող օդային միջանցք»:

Հնարավոր է, որ սերբական սպառազինություններն Ադրբեջանը հասցրել է ԱՄԷ, որպեսզի վերամատակարարի Ուկրաինային: Հավանական է, որ Վլադիմիր Պուտինը Բաքվում պահանջել է գործարքը չեղյալ հայտարարել կամ անգամ սերբական հաուբիցները տրամադրել Ռուսաստանին:

Պավել Դուրովը այդ մասին տեղյա՞կ է: Ուկրաինայի նախագահը դա՞ է ակնարկում: Սերբիայի նախագահ Վուչիչը խիստ քննադատաբար է արտահայտվել Պավել Դուրովի ձերբակալության թեմայով: Դուրովին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու միջնորդություն նաև ԱՄԷ-ն է հարուցել:

Տեղեկատվական այս «գեղադիտակում» Պուտին-Ալիեւ բանակցություններում «այլ թեմաների առկայության» մասին Ուկրաինայի նախագահի բազմանշանակ հիշեցումը, կարծես, Իլհամ Ալիեւի «կոշտուկը տրորելու» դիվանագիտական ազդակ է: