Կալլասը պնդում է, որ Պուտինը եվրոպական անվտանգության հարցում վետոյի իրավունք չունի, և զգուշացնում է գործող պայմանավորվածությունները վերանայելու վտանգի մասին
Ուրբաթ օրը Եվրոպան հակադարձեց ԱՄՆ-ի այն ջանքերին, որոնք ուղղված են մայրցամաքի «անվտանգության ճարտարապետության» վերափոխմանը՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով Ռուսաստանի հետ հնարավոր համաձայնագրի շրջանակներում։
Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսեց Մոսկվայի հետ «շատ մեծ» գործարքի կնքումը, որը կընդգրկի ոչ միայն Ուկրաինան, այլև «ամբողջ Եվրոպան»։ Այս հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, նոր մտահոգություններ կառաջացնի Կրեմլի ուղղությամբ քաղաքական շրջադարձի վերաբերյալ։
Միաժամանակ, նրա ներկայացուցիչ և փեսա Ջարեդ Քուշները հայտարարեց, որ Վաշինգտոնն աշխատում է «եվրոպական անվտանգության ավելի ընդգրկուն ճարտարապետության» ուղղությամբ՝ նախապատրաստվելով հաջորդ շաբաթ Աբու Դաբիում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կայանալիք բանակցություններին, որոնցում ԱՄՆ-ն հանդես է գալու որպես միջնորդ։
Այս առաջարկը մտահոգություն է առաջացրել ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցների շրջանում, որոնք վաղուց մերժում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ցանկությունը՝ վերանայելու Եվրոպայի անվտանգության հիմքում ընկած պայմանավորվածությունները։
«Մենք արդեն ունենք եվրոպական անվտանգության գործող ճարտարապետություն», – Վարշավայում լրագրողներին ասաց ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը։
«Խնդիրն այն է, որ Ռուսաստանը շարունակում է խախտել այն պայմանագրերը, որոնց վրա հիմնված է այդ համակարգը։ 2021 թվականին ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար սպառնալիք չէր ներկայացնում, և այժմ էլ չի ներկայացնում։ Պուտինը եվրոպական անվտանգության հարցում վետոյի իրավունք չունի»։
Նա հավելեց, որ «ցանկացած համաձայնագիր, որպեսզի այն իրագործելի լինի, պետք է ներառի նաև Եվրոպական միությունը»։
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին միացավ նրա դիրքորոշմանը՝ նշելով, որ «Ուկրա Տեսակապի միջոցով մասնակցելուց հետո Քուշները առցանց հարթակում գրել է, որ Միացյալ Նահանգներն աշխատում են «եվրոպական անվտանգության ավելի լայն ճարտարապետության» ուղղությամբ, որը կարող է նպաստել տևական խաղաղության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։
Նա նշել է, որ Վաշինգտոնի «նպատակն է մշակել գործնական մեխանիզմներ, որոնք կհասցեագրեն բոլոր կողմերի անվտանգային մտահոգությունները»։
2022 թվականին Ուկրաինայում պատերազմ սկսելուց առաջ Կրեմլը ՆԱՏՕ-ին վերջնագիր էր ներկայացրել՝ կապված Եվրոպայի անվտանգային կարգավորումների հետ․ այն ներառում էր պահանջ՝ դուրս բերել դաշինքի զորքերը Արևելյան Եվրոպայից։
Արևմտյան ռազմական դաշինքը մերժել էր այդ պահանջը։
Ավելի վաղ ԵՄ խոսնակը հայտարարել էր, որ, չնայած Թրամփի արտահայտած մտքերին, Ուկրաինայում խաղաղության հաստատման համար դեռ «մեծ ծավալի աշխատանք» է պահանջվում, և որ Եվրամիությունը ինքնուրույն է որոշելու իր անվտանգությանն առնչվող հարցերը։
ՆԱՏՕ-ի խոսնակն էլ նշել է, որ Ուկրաինայի դաշնակիցները աշխատում են պատերազմի «արդար և կայուն» ավարտի ուղղությամբ։
Եվրոպան վաղուց է ձգտում ավելի մեծ դերակատարում ունենալ ԱՄՆ-ի գլխավորությամբ իրականացվող՝ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված ջանքերում։
Քուշները հայտնել է, որ Աբու Դաբիում ընթացող բանակցությունների շրջանակներում Վաշինգտոնը «սերտորեն խորհրդակցելու է եվրոպացի գործընկերների հետ», և «եթե առաջընթաց գրանցվի, նպատակ ունի անցնել ավելի լայն՝ բազմակողմ ձևաչափի՝ նրանց անմիջական մասնակցությամբ»։


Բաց մի թողեք
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մելանշոնն՝ ընդդեմ Բրյուսելի. նախընտրական ծրագիրը ենթադրում է առճակատում
«Չգիտեմ՝ սա հանգստացրե՞լ է, թե՞ անհանգստացրել է նրանց». Եվրոպական դեսպանները հարցաքննում են Լե Պենին ճաշի ժամանակ
Քննարկվել է Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման հարցը