22/11/2024

Գորիսի քաղաքապետը կա՛մ հրաժարական է տալիս, կա՛մ ավագանին անվստահություն է հայտնում. Մինասյան

Առուշ Առուշանյանի հետ կապված կա դատական ակտ, որի երեք հատվածներից մեկի հետ Գորիսի քաղաքապետը համաձայն չի եղել։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ մանրամասնելով, որ խոսքը նրա կողմից պաշտոն զբաղեցնելու արգելքի մասին է։

Ըստ նախարարի՝ Առուշանյանը տուգանքը վճարել է, մնացած մասով էլ՝ համաձայնել:

«Ներկայացրել է Սյունիքի մարզային պրոբացիայի ծառայություն, ծանուցվել է։ Այնտեղ նրանց փաստաբանները հարցեր են առաջ քաշում, որի հետ ես, որպես նախարար և պրոբացիայի ծառայության անունից խոսող մարդ, համաձայն չեմ, բայց այստեղ մի կարևոր նրբություն կա․ ընթացիկ դատական գործ կա, ուստի հատուկ կարծիք չասեմ»,- նշեց Մինասյանը՝ հորդորելով սպասել առաջիկա նիստին։

Մինասյանի խոսքով՝ կա դատարանի վճիռ, որտեղ հստակ գրված է, որ Առուշանյանը չպետք է լինի քաղաքապետ:

«Այստեղ 2 տարբերակ կա՝ կա՛մ հրաժարական է տալիս մեր հարգարժան քաղաքապետը, կա՛մ ավագանին, իմ կարծիքով, լիազորություն ունի այդ հիմքով անվստահություն հայտնել»,- մանրամասնեց նախարարը:

Հիշեցնենք՝ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ նշանակված պատիժը՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը, ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժը կրելու ուղարկելու վերաբերյալ:

Քրեական գործը, որի շրջանակներում մեղավոր է ճանաչվել Առուշանյանը, վերաբերում է «պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի բողոքը՝ Պրոբացիայի ծառայության գործողությունների դեմ և մերժել այն:

Դատարանը Առուշ Առուշանյանին ազատազրկելու Պրոբացիոն ծառայության միջնորդությունը կքննի սեպտեմբերի 3-ին: