15/01/2025

Մենք գնում ենք դեպի հանրային եւ անձնական կյանքի տոտալ վերահսկողությու՞ն

Կառավարող մեծամասնությունը խորհրդարանի առաջիկա նստաշրջանում ներկայացնելու է ոստիկանության մասին օրենքի փոփոխություն կամ լրացում, որով տնտեսվարողների մի մեծ շրջանակի պարտադրվելու է տեղադրել տեսախցիկներ, որոնք կապ են ունենալու ոստիկանությունում ստեղծվող կառույցի հետ եւ այդ կառույցը հնարավորություն է ունենալու հետեւել այդ տեսախցիկների արձանագրած պատկերին, նաեւ տնօրինել այն, արխիվացնել եւ այլն:

Բնականաբար, նախաձեռնությունը ներկայացվելու է հանրային անվտանգության ապահովման շահի համատեքստում: Բայց, մեղմ ասած հարց է՝ դա հանրայի՞ն շահն ապահովելու միջոց է, թե՞ հանրությանն առավել սուր հետեւելու միջոցով կառավարող ուժի շահը սպասարկելու միջոց:

Հանրությունը այդ կերպ դառնալու է առավել պաշտպանվա՞ծ, թե՞ պարզապես առավել վերահսկելի, ինչը բնականաբար ցանկացած կառավարող ուժի ցանկությունն է: Նախաձեռնության հետ կապված գոյություն ունեն բազմաթիվ հարցեր:

Ընդ որում, դրանք թերեւս բաժանվում են երկու հիմնական խմբի: Կան մասնագիտական բազմաթիվ հարցեր, թե ինչպես է ապահովվելու այդ տեսահսկման համակարգերի աշխատանքը, որպեսզի Հայաստանի հանրապետության գործարարների, քաղաքացիների գործունեությունը ամենօրյա եւ ամենժամյա ռեժիմով՝ նրանց իսկ անվտանգության պաշտպանվածության «բացատրության» ներքո պատկերող տեսագրությունները չհայտնվեն Հայաստանի ներսում կամ արտերկրում գործող հանցավոր խմբավորումների, հաքերային խմբերի, թշնամի երկրների հատուկ ծառայությունների ձեռքում:

Ինչպե՞ս է ապահովվելու այդ տեսագրությունների ներքին «մանրավաճառությունը», երբ օրինակ որեւէ մեկը՝ բնականաբար «կլորիկ գումարի» դիմաց, ոստիկանության համապատասխան աշխատակցի կամ վերադասի միջոցով չի ստանա իր համար անհրաժեշտ տեղեկատվություն որեւէ երրորդ անձի մասին: Ինչպե՞ս է կարգավորվելու տեսագրությունների օգտագործումը տարբեր տեսակի վեճերի եւ դատական գործընթացների պարագայում:

Այդ, եւ նմանատիպ այլ հարցերը ունեն մասնագիտական մանրակրկիտ քննարկումների կարիք՝ տեղեկատվության անվտանգության մասնագետների, իրավունքի մասնագետների ներգրավմամբ եւ մասնակցությամբ: Կա նաեւ խնդրի մյուս՝ ավելի լայն, արժեհամակարգային, փիլիսոփայական, քաղաքակրթական կողմը: Մենք գնում ենք դեպի հանրային եւ անձնական կյանքի տոտալ վերահսկողությու՞ն:

Ո՞վ է երաշխավորելու, կամ ո՞րն է երաշխիքը, որ հաջորդիվ չեն լինի նախաձեռնություններ՝ դարձյալ հանրային անվտանգության շահի «բացատրությամբ», որոնք պարտադիր կդարձնեն տեսախցիկների տեղադրումը առավել մասնավոր, առավել անձնական տարածքներում: Սա կարեւորագույն հարց է, թե հասարակական համակեցության կազմակերպման ինչպիսի փիլիսոփայություն, արժեհամակարգ է որդեգրում Հայաստանի հանրապետությունը, հետեւաբար՝ տեսախցիկների մասին օրենսդրական այս նախաձեռնությունն ինչպիսի «նախադեպային իրավունք» է ստեղծում կառավարող համակարգի համար:

Եթե Հայաստանը ժողովրդավարության եւ իրավունքի երկիր է, ապա դա պետք է ենթադրի հանրային կյանքի պաշտպանություն, սակայն ամենեւին ոչ անձնական, մասնավոր կյանքի պաշտպանության հիմնարար սահմանափակում ենթադրող ռիսկերի գեներացման միջոցով: Այո, անխոս է, որ հասարակական պաշտպանության, ընդհանուրի անվտանգության պաշտպանությունը միշտ էլ ենթադրել է անհատական իրավունքների շրջանակի որոշակի սահմանափակում:

Ի վերջո, պետություն հասկացությունը, երեւույթը ինքնին կառուցվում է այդ տրամաբանության վրա, երբ անհատները ստանձնում են պարտավորություններ՝ ընդհանուր հարցեր լուծելու կենսունակ մեխանիզմ ստեղծելու համար: Սակայն, այդուհանդերձ, այդ մոդելը գործում է արդյունավետ, եթե ապահովում է հանրայինի եւ մասնավորի ողջախոհ կոմպրոմիսը, այլ ոչ թե ստանում հանրայինի անվան ներքո անհատականի սեղմման ռիսկեր պարունակող միակողմանի միտում:

Սրանք լրջագույն եւ խորքային մասնագիտական եւ քաղաթակրքական, հայեցակարգային քննարկումների կարիք ունեցող հարցեր են, որովհետեւ սահմանը շատ նուրբ է: Այլապես, դա արդեն ոչ թե իրավունքի, ժողովրդավարության եւ ազատության, այլ ըստ էության «Անասնաֆերմայի» ճանապարհն է: