Մոնղոլիայում բանակցությունների ավարտից անմիջապես հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Վլադիվոստոկ, որտեղ գումարվում է տնտեսական համաժողով: Նրա այդ քայլը հիմնականում քաղաքական է.
Հեռավոր-արեւելյան դաշնային օկրուգը միշտ էլ առանցքային է եղել, այսօր, երբ հարակից տարածաշրջաններում Ճապոնիան եւ Հարավային Կորեան Միացյալ Նահանգների աջակցությամբ բավական հավակնոտ տնտեսա-աշխարհաքաղաքական ծրագրեր են իրականացնում, Մոսկվան պարտադրված է հիշեցնել, թե «այնտեղ ով է տանտերը»։
Բավական արտառոց է, սակայն, որ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տնտեսական խորհրդաժողովի մեկնարկին լրագրողների հետ խոսել է եկող մայիսին ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի տոնակատարության արարողակարգի մասին: «Ոչ բարեկամական երկրները չեն հրավիրվի, իսկ առհասարակ ցուցակը շատ, շատ ներկայացուցչական կլինի: Բայց առաջին հերթին, իհարկե, կլինի ԱՊՀ-ն,»— ասել է Պեսկովը:
Տոնակատարությունից ինը ամիս առաջ հայտարարել, որ «ոչ բարեկամական երկրները չեն հրավիրվի», նշանակում է անոնսավորել, որ մինչ այդ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում ոչ մի փոփոխություն նույնիսկ ակնկալելի չէ, իսկ ԱՊՀ-ն կմնա ընդհանրության մեջ բարեկամ:
Կարեւոր է նկատել, որ Պուտինի Մոնղոլիա մեկնելու նախօրեին Պեսկովը չափազանց ինտրիգային հայտարարություն է արել, նշելով, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Մոսկվան նախապատվությունը տալիս է դեմոկրատական կուսակցությանը «եւ, իհարկե, Հարիսին»: Կրեմլի խոսնակն այդ դիրքորոշումը կարճ հիմնավորել է նրանով, որ «դեմոկրատներն ավելի կանխատեսելի են»:
Կարելի է ենթադրել, որ Հարիսին «աջակցելով», Պուտինը ձգտում է նրան «հեղինակազրկել» եւ այդ կերպ իրականում նպաստել Թրամփի ընտրությանը, բայց նման տեխնոլոգիաները սովորաբար պետության առաջին դեմքի մակարդակով չեն կիրառվում:
Ըստ երեւույթին, գործ ունենք ինչ-որ խորքային խմորումների հետ, որ առայժմ դրսեւորվում են Կիեւում պաշտոնաթողությունների տեսքով: Եթե Ուկրաինայի կառավարության տնտեսական եւ սոցիալական բլոկի նախարարների հրաժականը հնարավոր է բացատրել ճգնաժամային կառավարման հարցում «պրոֆանպիտանիությամբ» եւ արտառոց չհամարել, ապա արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի պարագայում նման մոտեցումը զավեշտ կլինի:
Իսկ որ Կուլեբան հրաժարականի դիմում է ներկայացրել, այլեւ տեղեկատվական արտահոսք չէ, այդ մասին սոցիալական X հարթակում գրել է Գերագույն ռադայի նախագահ Տրոֆիմչուկը: Ուկրաինայի սահմանադրությամբ՝ նախարարները նշանակվում են խորհրդարանի համաձայնությամբ, ուստի նույն կարգով էլ տեղի է ունենում պաշտոնանկությունը:
Ինչո՞վ է պայմանավորված Կուլեբայի հրաժարականը, դա իր նախաձեռնությու՞նն է, թե՞ նախագահ Զելենսկին է «խնդրել», դեռեւս տեղեկություն չկա: Փաստ է, որ ուկրաինական կարգավորման միջազգային նոր խորհրդաժողով գոնե տեսանելի ապագայում չի հրավիրվի, առաջարկություններ չկան, եւ եղածը կողմերի համար անընդունելի է:
Այս համատեքստում ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի տոնակատարության անոնսը, թերեւս, մի բան է նշանակում: Մոսկվան ծրագրել է, որ այն լինի Ուկրաինայում հաղթանակի շքահանդես, որտեղ, բնականաբար, ներկա չեն լինի «պարտված երկրները»:
Նախօրեին Ուկրաինայի նախագահը ասել է, որ Կուրսկում տարածքները կվերահսկվեն այնքան, մինչեւ Պուտինը կնստի բանակցությունների սեղանի շուրջ: Նա ռազմագերիների եւ պատանդների փոխանակումը նույնակացրել է տարածքների փոխադարձ վերադարձի հետ:
Դմիտրի Պեսկովն, ամենայն հավանականությամբ, ասում է, որ այդ սկզբունքով կարգավորում չի լինելու: Իսկ ի՞նչ է լինելու: Ուկրաինայի անվերապահ կապիտուլյացիա՞, թե՞ ռուս-ամերիկյան «աշխարհաբաժանում»:
Կուլեբայի հրաժարականին հաջորդած իրադարձությունները թույլ կտան որոշակի կռահումներ անել:
Բաց մի թողեք
Պուտինին «չի հաջողվել ԲՐԻԿՍ-ին Թուրքիայի անդամակցության հարցում համոզել Հնդկաստանի վարչապետին»
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայություններն ի՞նչ են կորցրել Բաքվում
Ո՞ր երկրները եւ ի՞նչ պատճառաբանությամբ են դեմ եղել ԲՐԻԿՍ-ին Ադրբեջանի իրավահավասար անդամակցությանը