Խաղաղության մասին Բաքվից հնչող հայտարարությունների ֆոնին Ադրբեջանում պատերազմին ընդդիմացող ակտիվիստները քրեական հետապնդումների, ծանր մեղադրանքների են բախվում։
Երիտասարդ գիտնական Բահրուզ Սամադովը, ով հայտնի է իր խաղաղասիրական կոչերով և արևմտյան տարբեր հարթակներում քննադատում էր Ադրբեջանի ռազմական մեքենան, անցած ամիս նախնական չորս ամսով կալանավորվել է հայերի օգտին լրտեսության մեղադրանքով։ Մեղքը հաստատվելու դեպքում 29-ամյա ակտիվիստին ցմահ ազատազրկում է սպառնում:
Հարևան Հայաստանի դեմ պատերազմը հրապարակավ դատապարտող ևս մի խումբ ադրբեջանցի ակտիվիստներ էլ վկայի կարգավիճակ ունեն, նրանց արգելվել է լքել երկիրը։ Մեկ այլ երիտասարդ գիտնական՝ ազգագրագետ Իգբալ Աբիլովը նույնպես կալանքի տակ է հայերի օգտին լրտեսության, պետական դավաճանության մեղադրանքներով։
Ադրբեջանցի վտարանդի լրագրող Արզու Գեյբուլան BBC-ի հետ զրույցում փաստում է՝ ձերբակալությունների նոր ալիքն աննախադեպ է, այս անգամ թիրախում հակապատերազմական ակտիվիստներն են, ընդ որում, նրանց նկատմամբ հետապնդումներ են իրականացվում մի ժամանակաշրջանում, երբ Ալիևի կառավարությունը կլիմայի խնդիրներով ՄԱԿ-ի հեղինակավոր միջոցառումն է հյուրընկալում խաղաղության ուղերձներով, հարևան Հայաստանի հետ էլ խաղաղության շուրջ բանակցություններ վարում՝ հավաստիացնելով, թե նպատակը օր առաջ հաշտության գործարքը կնքելն է:
«Շատ մտահոգիչ է տեսնել, որ հակապատերազմական ակտիվիստների դեմ հետապնդումները թափ են առնում մի ժամանակահատվածում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում են խաղաղության համաձայնագիրը այն վերջնական ստորագրելու համար», – ասում է Գեյբուլան:
Բրիտանացի վերլուծաբան, հայ – ադրբեջանական հակամարտության հարցերով հայտնի փորձագետ Լոուրենս Բրոերսի կարծիքով՝ Սամադովի, պատերազմին ընդդիմացող մյուս ակտիվիստների դեմ գործողություններով Ալիևը փորձում է ասել, որ խաղաղության մասին խոսակցությունները միայն վերևից՝ պաշտոնյաների շուրթերից պետք է հնչեն, իսկ մյուս՝ չվերահսկվող ձայներն ավելորդ են:
«Արտաքին լսարանի համար ուղերձներ, որ կողմերը մոտ են խաղաղությանը քան երբևէ, մինչդեռ ներքին լսարանին բոլորովին այլ բան է մատուցվում՝ թշնամին դեռ մեր դռանն է, և հասարակությունը պետք է համախմբվի այդ հակամարտության շուրջ։ Շատ հակասական ենթատեքստ ունի այս ամենը՝ մեկ լսարանին պատմում են, որ հակամարտությունն այլևս անցյալում է, մյուսին՝ ոչ, հակամարտությունն ավարտված չէ, և մարդիկ կարող են ձերբակալվել, դատապարտվել հայերի հետ շփումների համար», – ընդգծում է Բրոերսը:
Բաց մի թողեք
Սրբուհի Գալյանը սպառնացել է, որ այսուհետ ցանկացած «վատ պահվածքի» դեպքում ցմահները պատժի են արժանանալու
Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր
Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ