Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մասնակցել հոկտեմբերին Ռուսաստանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին: Այս տեղեկատվությունը Հայաստանում առաջացրել է որոշակի բուռն քննարկումներ:
Ընդ որում, այդ քննարկումները գերազանցապես կենտրոնացած են Ռուսաստան-Արեւմուտք «ավանդական» տրամաբանության մեջ, այն դեպքում, երբ Ռուսաստանից բացի ԲՐԻԿՍ անդամ են երկրներ, որոնց հետ Հայաստանն ունի ընդհանուր քաղաքական շահեր, կարեւոր տնտեսական եւ ռազմական գործակցություն, պատմա-քաղաքական, մշակութային, քաղաքակրթական բնույթի հարաբերությունների էական հետագծեր՝ Հնդկաստան, Եգիպտոս, Իրան, Չինաստան:
ԲՐԻԿՍ անդամ է Բրազիլիան, որ Հայաստանի հետ ունի ավանդական սերտ բարեկամական հարաբերություն: Հարցն այն չէ անշուշտ, որ այդ ամենը «փոխհատուցում» է Ռուսաստանի անդամության հանգամանքը: Հայաստանը պետք է արդյունավետ հարաբերության ձգտի համաշխարհային քաղաքականության բոլոր առանցքային խաղացողների, այդ թվում Ռուսաստանի հետ:
Հարցն այն է, որ ԲՐԻԿՍ սահմանափակ, նեղ դիտարկումը թույլ չի տա տեսնել համաշխարհային պրոցեսների մի էական, կարեւոր մաս, որ ծավալվում է նաեւ այդ հարթակի ընդգրկումով: Առավել եւս, որ այդ հարթակը ըստ էության գերազանցապես կազմավորված է այն անմիջական աշխարհագրական միջավայրով, որը Հայաստանի կենսագործունեության տարածությունն է:
Ավելին, թերեւս քչերն են հիշում, որ նախորդ տարի ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցելու ցանկություն հայտնել էր ընդհուպ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն այդ նպատակով դիմել էր 2023 թվականի գագաթնաժողովը հյուրընկալող Հարավաֆրիկյան հանրապետության նախագահին:
Մակրոնի մասնակցությանը դեմ էր արտահայտվել Ռուսաստանը: ԲՐԻԿՍ կազմակերպությունը դիտարկել հակաարեւմտյան հարթակ, ըստ էության կլինի կամ քաղաքական մոլորություն, կամ քաղաքական անհամարժեքություն:
Այդ կազմակերպությունը ուժերի հարաբերակցության գլոբալ փոփոխություն վերապրող համաշխարհային քաղաքականության հարթակներից մեկն է, որտեղ ներգրավված երկրները անգամ միմյանց հետ ունենալով ռազմավարական մրցակցային հարաբերություններ, այդուհանդերձ դիտարկում են հարթակը որպես աշխատանքային միջավայր, որտեղ խմորում են ուժերի գլոբալ բալանսի վերափոխմանն առնչվող տարբեր մոտեցումներ ու տեսակետներ: Այո, այնտեղ ակտիվ ներգրավվածություն չունի եվրաատլանտյան թեւը, բայց միեւնույն ժամանակ, արդյո՞ք եվրաատլանտյան թեւում եղած հարթակներին, միջոցառումներին մասնակցությունը ենթադրում է հակառուսականության տրամաբանություն:
Հայաստանի մասնակցությունը պետք է ենթադրի, եւ թերեւս ենթադրում է պարզապես նաեւ այդ թեւում տեղի ունեցող պրոցեսների հետ սերտ աշխատանք, գլոբալ վերափոխումների համատեքստում անհրաժեշտ պետական աշխատանքի շրջանակում:
Այդ իմաստվ, Հայաստանի համար կարեւոր են աշխատանքային բոլոր ուղղությունները, եւ ավելին՝ հոկտեմբերին Կազանում կայանալիք գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը պետք է թերեւս հագեցվի նաեւ երկկողմ հանդիպումների ընդգրկուն օրակարգով, եւ անհրաժեշտ է իրականացնել այդ ուղղությամբ դիվանագիտական կազմակերպական ակտիվ աշխատանք:
Գագաթնաժողովը այդ իմաստով կարող է լինել առիթ Հնդկաստանի, Իրանի, Եգիպտոսի, Չինաստանի, Բրազիլիայի նախագահների հետ հանդիպումների համար, եւ պետք է օգտագործել այդ առիթն ու անել առավելագույնը, այդպիսի հնարավորինս շատ հանդիպման համաձայնության հասնելու ուղղությամբ:
Իհարկե կազանյան գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության հիմնական ինտրիգ կդիտվի այն, թե արդյո՞ք կլինեն շփումներ գագաթնաժողովին մասնակցելու մասին հայտարարած Ալիեւի եւ Էրդողանի հետ:
Բաց մի թողեք
Ռուսաստանը հասկանում է, որ Ադրբեջանում դինաստիական իշխանության երաշխավոր միայն ի՞նքը կարող է լինել
Բաքուն Հայաստանից պահանջում է տվյալներ տրամադրել անհետ կորած ադրբեջանցիների մասին. Երևանից արձագանքում են
Ալիևը կունենա արևմտյան Ադրբեջան, քանի դեռ չի «բռնվել կառավարության վախը»