Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն սեպտեմբերի 13-ին ժամանելու է Հայաստան: Այստեղ նա հանդիպում կունենա հանրային տարբեր խմբերի հետ, պատասխանելով նրանց հարցերին:
Օկամպոն հայ հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել Արցախի խնդրի համատեքստում, երբ միջազգային ասպարեզում ըստ էության ստանձնել է Արցախի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի իրավական բնորոշման հանձնառությունը, տեղի ունեցողը դեռեւս Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր գնահատելով որպես ցեղասպանություն, ընդ որում հղում անելով միջազգային սահմանումներին:
Անշուշտ, երբ Ադրբեջանի համար ընդամենը թուղթ է Հաագայի միջազգային դատարանի որոշումը, միամտություն է մտածել, թե Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազի գնահատականներն ու գործունեությունը կարող է լուրջ խնդիր լինել Բաքվի համար: Սակայն, միեւնույն ժամանակ հարկ է թերեւս արձանագրել մի կարեւոր բան: Այսօր հայ հանրության համար Բաքվի առաջ խնդիր ստեղծելը չէ առանցքային հարցը, այլ Արցախի խնդրի միջազգային իրավա-քաղաքական «քեյսի» ձեւավորումը:
Սա պահանջում է ոչ թե հայրենասիրական պաթոս՝ անկախ երանգներից ու շեշտադրումներից, այլ իսկապես նուրբ եւ հետեւողական մասնագիտական աշխատանք, որին պետք է ներգրավել թե հայկական՝ համահայկական ռեսուրսը, թե նաեւ գործընկերային ու զուտ արժեհամակարգային ելակետերով առաջնորդվող կարեւոր մասնագետների ռեսուրսը, ինչպիսին Լուիս Մորենո Օկամպոն:
Այդ տեսանկյունից, ավելորդ զգայականությունից դուրս գալու համար, արժե ուշադրության արժանացնել Հայաստան այցից առաջ հայերիս ուղղված նրա կոչը:
Հերթական անգամ մասնագիտական հարթության վրա տալով Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ագրեսիայի գնահատականը, ներկայացնելով Հայաստանի հանդեպ ագրեսիվ քաղաքականության հակաիրավաչափ նկարագիրը, Օկամպոն նշում է հետաքրքիր մի հանգամանք, որ՝ Հայաստանի իշխանությունները շատ բարդ բանակցություններ են վարում, եվ ավելացնում. «Հայությունը՝ Հայաստանում և Սփյուռքում, և ինձ նման մարդիկ, որոնք մտահոգված են ցեղասպանություններով և պատերազմներով, պետք է հարգեն այդ ջանքերը՝ բարձրացնելով խնդրի մասին իրազեկվածությունը և համախմբելով ողջ հայությանը` պաշտպանելու ժողովրդին ու հողը»:
Օկամպոն անում է բավականին ուշագրավ շեշտադրում, փաստացի կոչ անելով հանրությանը, հայությանը, հարցի առնչությամբ գերազանցապես առաջնորդվել ռազմավարական, կոնցեպտուալ, այլ ոչ թե ընթացքիկ ներքաղաքական կոնյուկտուրային հաշվարկներով, եւ ռացիոնալ կազմել Արցախի հարցը բաց պահելու համար անհրաժեշտ անելիքների առաջնահերթությունները:
Մեծ հաշվով, այդ հանգամանքը ուժագրավ եւ արժեքավոր է նրանով, որ հնչում է ոչ միայն Միջազգային քրեական դատարանում աշխատանքային մեծ փորձառությամբ դատախազի, մասնագետի, այլ այսպես ասած կողքից կամ վերից հայացքի դիտանկյունից:
Բաց մի թողեք
Ռուսաստանը հասկանում է, որ Ադրբեջանում դինաստիական իշխանության երաշխավոր միայն ի՞նքը կարող է լինել
Բաքուն Հայաստանից պահանջում է տվյալներ տրամադրել անհետ կորած ադրբեջանցիների մասին. Երևանից արձագանքում են
Ալիևը կունենա արևմտյան Ադրբեջան, քանի դեռ չի «բռնվել կառավարության վախը»