13/10/2024

Ի վնաս Լեռնային Ղարաբաղի և 150 000 բռնատեղահանված մարդկանց շահերի

Երբ ԱԽ ՔՊ-ական պատգամավոր Գագիլ Մելքոնյանը բռնատեղահանված արցախցիներին խորհուրդ տվեց իրենց հյուրի նման պահել, մամուլում եւ սոցիալական մեդիայում բողոքի, դժգոհության արդարացի ալիք բարձրաձավ:

Նույն հանրությունը, սակայն, չարձագանքեց լրտեսության գործով մեղադրվող Սարգիս Գալստյանի փաստաբանի այն բնորոշմանը, որ իր պաշտպանյալը «մյուսներից (արցախցիներից) ավելի հայրենասեր է գտնվել, չի ցանկացել կտրվել իր հողից»։

Ի՞նչ մղումներով է Սարգիս Գալստյանը մնացել Ստեփանակերտում, ինչով է զբաղվել եւ այլ հարցերի պատասխանը կտա դատարանը: Ուշագրավն այն է, որ, դատելով փաստաբան Կոչուբաեւի խոսքից, պաշտպանական կողմը որդեգրել է մի կանխավարկած, որ Սարգիս Գալստյանին դատում են որպես «մյուս արցախցիներից ավելի հայրենասեր մարդու, որ փորձել է մնալ հայրենիքում, բայց ադրբեջանցիները նրան կասկածել են, խոշտանգումների ենթարկել, եւ նա որոշել է տեղափոխվել Հայաստան»։

Ստացվում է, որ Արցախից բռնագաղթած հարյուր հազար մարդ կարող էր Սարգիս Գալստյանի նման մնալ Ստեփանակերտում, բայց չի արել, որովհետեւ «հայրենասեր չէր կամ նվազ հայրենասեր էր»: Սարգիս Գալստյանի փաստաբանն այսպիսով հարյուր հազար բռնատեղահանված մարդու անուղղակի մեղադրում է ոչ հայրենասեր լինելու մեջ:

Եւ Ստեփանակերտից նրան ոչ ոք չի հակադարձում, որովհետեւ Կոչուբաեւը ՔՊ-ի, Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության, Հայաստանի «սորոսական» շրջանակների հետ կապ չունի, հիմնականում պաշտպանում է իշխանությունից «քաղաքական հետապնդման ենթարկվողների» շահերը:

Պաշտպանական ի՞նչ ճառ է արտասանելու փաստաբան Կոչուբաեւը՝ կարելի է պատկերացնել: Դա նրա իրավունքը եւ պարտքն է՝ հնարավոր բոլոր միջոցներով հասնել պաշտպանյալի նկատմամբ դատարանի արդարացնող վճռի, բայց դրա համար հարկ չկա նրան եւ Ստեփանակերտում մնացած եւս մի քանի հոգու հակադրել հարյուր հազար հեռացածներին:

Մանավանդ որ կոնկրետ Սարգիս Գալստյանի դեպքում պաշտոնապես հայտնի է, որ Ստեփանակերտում է մնացել որպես Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Փաստաբանը չի՞ կարող այդ կարգավիճակում Սարգիս Գալստյանի «հայրենանավեր աշխատանքի» փաստեր վկայակոչել:

Թե չէ ստացվում է, որ սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտում ամուսնուն, որդուն, եղբորը հողին հանձնած ու մի քանի ժամ անց բռնագաղթի ճանապարհը բռնած արցախցին «նվազ հայրենասեր է, քան՝ Սարգիս Գալստյանը, որ կնոջ հետ մնացել է»:

Մարդու իրավունքների պաշտպանությունը փաստաբանի մասնագիտական առաքելությունն է, բայց երբ անհատի անմեղությունն «ապացուցելու» համար նա վիրավորում է հարյուր հազարի, այդ թվում՝ մարտական գործողությունների եւ բենզապահեստի պայթյունի հետեւանքով զոհված հինգ հարյուր մարդու արժանապատվությունը, նրանց փաստացի անվանում «հայրենիքը լքածներ», ապա հարց է առաջանում. Նա Սարգիս Գալստյանին է արդարացնում, թե՞ Ադրբեջանի ահաբեկչական պատերա՞զմը:

Մյուս կողմից փաստաբան Կոչուբաեւը դեզավուացիայի է ենթարկում բռնատեղահանության մասին պաշտոնական Ստեփանակերտի Narrativը, որ տեղահանության այլընտրանքը զանգվածային կոտորածը եւ բռնություններն էին:

Մի խոսքով, Սարգիս Գալստյանի պաշտպանական թիմը ընտրել է մարտավարություն, որի նպատակն է՝ արդարացնել անձին՝ ի վնաս Լեռնային Ղարաբաղի պետականության եւ հարյուր հիսուն հազար բռնատեղահանված մարդկանց շահերի: