05/10/2024

Լեռը երկնեց, մուկ ծնեց կամ՝ 10 մլն դրամ ծախս Համալիրում Գալստանյանի «Մայն քամփֆ» ելույթը ցուցադրելու համար

«Սրբազան պայքարի» կազմկոմիտեն Մարզահամերգային համալիրում նախօրեին տեղի ունեցած հավաքից հետո թերևս սրտատրոփ չի հերթապահել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում՝ տեղեկանալու, թե որքան մարդ է մասնակցել «շարժման ակտիվի ու համակիրների հետ հանդիպման» արարողությանը։

Ինչո՞ւ, քանի որ ԻՔՄ-ն փակ տարածքներում տեղի ունեցող միջոցառումների մասնակիցների թվի մոնիտորինգով, որքան գիտենք, չի զբաղվում։ Թե քանի՞ մարդ է ներկա գտնվել սեպտեմբերի 22-ի հավաքին՝ կդժվարանանք ստույգ թիվ նշել, բայց կարող ենք մոտավորապես կռահել՝ հաշվի առնելով մեծ կամ հիմնական դահլիճի տեղերի քանակը։

Համալիրի հիմնական դահլիճը, որտեղ էլ կայացել է հավաքը, արդեն նախորդիվ առիթ ունեցել ենք հայտնելու, ունի 6000 նստատեղ (որն օգտագործվում է սպորտային միջոցառումների և համերգների համար) և ընդլայնվելով կարող է ունենալ մինչև 8,800 նստատեղ: Դատելով հավաքի մեկնարկից հետո տարբեր ռակուրսներից արված կադրերից՝ դահլիճի բոլոր նստատեղերը չէ, որ զբաղեցված են եղել։ Այսինքն՝ եղել են տասնյակներով ազատ տեղեր, ինչը հիմք ընդունելով կարելի է եզրակացնել՝ առավելագույն՝ 8, 800 հոգին, հնարավոր չի եղել ապահովել այդքա՜ն սպասված, այդքա՜ն պրոպագանդված, այդքա՜ն քարոզված հավաքի համար։ Բագրատ սրբազանն, ի դեպ, անձամբ է մի քանի անգամ հայտարարությունների տեսքով թախանձել՝ մասնակցել այդ օրվա վճռական հավաքին՝ որպես «վերջի սկզբի» ազդարարման միջոցառում։ Նրա խոսքի ուժը, փաստորեն, 8,800-ից էլ պակաս մարդ է կարողացել «բերման ենթարկել» Համալիր։ Էստեղ են ասել՝«լեռը երկնեց, մուկ ծնեց»։ Ի դեպ, համալիրի ադմինիստրացիան հաստատեց մեր վարկածը, որ դահլիճը ամբողջությամբ զբաղեցված, այսպես ասած՝ «ֆուլ» չի եղել, եղել են ազատ տեղեր։ Իսկ թե որքա՞ն տեղի մասին է խոսքը՝ դժվարացան ասել՝ նկատելով՝ իրենց ծառայության մեջ չի մտնում նման ինֆորմացիա ճշտելը, իրենք պատասխանատու են միայն դահլիճի վարձակալությանն առնչվող հարցերով զբաղվել։

Նկատենք, որ սույն շարժումն իր «ինտենսիվ և հետևողական փուլը» կսկսի հոկտեմբերի 2-ին, և այդ՝ առաջիկա հավաքը լինելու է ոչ թե դահլիճային ֆորմատով, այլ բացօթյա՝ Հանրապետության հրապարակում։ Ենթադրում ենք՝ ԻՔՄ-ն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը սրբազան պայքարի հավաքները դիտարկելու նկատմամբ, և եթե այն տեղի ունենա, կիմանաք՝ շարժման մարելու մասին խոսակցությունները ճի՞շտ են, թե՞… երիցս ճիշտ։

Իսկ նախքան այդ երիցս արձանագրենք՝ ընդդիմադիր այս շարժումը չի վայելում հանրային հետաքրքրություն, քանի որ եթե վայելելու լիներ, ապա Համալիրի ոչ միայն ներսն ու դուրսը, այլև ձեղնահարկն ու հարակից օբյեկտները լցված կլինեին իշխանափոխության օրակարգը համակրող ու սպասարկող քաղաքացիներով։ Նշանակում է՝ շարժման «ակտիվն ու համակիրները» անցած 6 ամիսների ընթացքում չեն գերազանցել 9 հազարը, այլապես նրանք, ինչպես ասացինք, Համալիրի դռները ջարդելիս կլինեին՝ ներս մտնելու և ընդդիմադիր «մեսիայի» տեսքից ու ելույթից հալվելու, ինչու չէ՝ էքստազի մեջ ընկնելու, նրա ցուցումները լսել-կատարելու համար։

Հարկ է նկատել, որ հավաքին մասնակցում էին նաև ԼՂՀ-ից բռնի տեղահանված շարքային քաղաքացիներ, ինչպես նաև ԼՂՀ քաղաքական-պետական դասի ակտիվի ներկայացուցիչները։ Ավելի քան 100 հազար արցախցի, հիշեցնենք, անցյալ տարի այս օրերին տեղի ունեցած բռնի տեղահանության հետևանքով լքեց ԼՂՀ և հաստատվեց ՀՀ-ում։ Երբ շարժման համաառաջնորդ Գառնիկ Դանիելյանն իր ելույթի ժամանակ դիմեց «արցախցի մեր սիրելի քույրերին և եղբայրներին» խոստացավ՝ «այս իշխանությանը հեռացնելուց հետո վերադառնալու ենք Արցախ», արցախցիների սիրտը «թունդ առավ», և նրանք կանգնեցին ու օվացիաներով արձագանքեցին ռազմահայրենասիրական պոպուլիզմի այս բացառիկ՝ գառնիկդանիելյանական ակտին։ Արձանագրենք՝ միայն ԼՂՀ մեր հայրենակիցների կեսի կեսը (եթե այդքան մարդ, իհարկե, համակրում է այս շարժմանը») եթե մասնակցեր համալիրի վերոհիշյալ հավաքին, ապա ասեղ գցելու տեղ չէր լինի։ Հընթացս նկատենք, որ այս քաղաքական ավանտյուրան հղացածները Տավուշից Երևան շարժվեցին հենց այն հաշվարկով, որ նրանց մայրաքաղաքում կմիանան նաև արցախցիները, և «Ղարաբաղը հանձնած, մարդկանց տնավեր արած» Նիկոլ Փաշինյանին գահընկեց անելու հարցը օրերի, եթե ոչ ժամերի հարց կլինի։

Բայց, ինչպես անցած 6 տարիների ընթացքում համոզվել ենք, ընդդիմությունը քաղաքական հաշիվ-հաշվարկներում սարսափելի կաղում է։ Ընդ որում՝ երկու ոտքից։

Ի դեպ, հաշվարկ ասացինք, հիշեցինք՝ նախօրեի «մանուշակագույն սթայլ» միջոցառումը շարժման հաշվապահության վրա նստել է 10 միլիոն դրամ։ CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ օրեր առաջ Մարզահամերգային համալիրից հայտնել էին, որ ճիշտ այդքան պետք է վճարեն շարժման կազմակերպիչները համալիրի մեծ դահլիճի վարձակալության համար։ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում «Սրբազան պայքար» միջոցառման անցկացման հետ կապված ծառայությունների մատուցման գինը կազմում է 10 միլիոն դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն»,- հայտնել էին Համալիրից։ Հարց է ծագում, թե որտեղի՞ց այդքան գումար շարժմանը՝ նման թանկ հաճույքի վրա ծախսելու վրա։

Նկատենք, որ քաղաքական այս պրոյեկտի կազմակերպիչները «Տավուշը հանուն հայրենիքի» անվանումով ՀԿ են հիմնել դեռ ամիսներ առաջ, որի հաշվեհամարին էլ դրամով, եվրոյով, դոլարով և ռուբլով հանգանակություններ պետք է արվեին՝ «շարժումն ավելի ընդլայնելու, չարիքի դեմ պայքարը ավարտին հասցնելու համար»։ Երևում է՝ անցած ամիսներին բավականաչափ դրամ է հանգանակվել, այլապես Գուսան Վազգենի «Մայն քամփֆ» ոճի ելույթի պրեզենտացիայի, հավաքի մասնակիցներին էլ «Ինչքան էլ որ դժվար լինի՝ դիմացեք» «դոզան» ներարկելու վրա այդքան գումար չէր ծախսվի։

Ի դեպ, ընթերցողը գուցե ակնկալում էր, որ նյութում մի քանի տող էլ անդրադառնայինք Ադոլֆ Հիտլերի գրչից ազդված «սրբազան հոր» հայտարարություններին՝ կապված պայքարի հետագա ընթացքի, մարտավարության հետ։ Սակայն խոստովանենք՝ դժվարացանք նրա ելույթից գեթ մեկ նոր, չասված, օրիգինալ միտք ու գաղափար քաղել, որն արժեր նկատի առնել ու վերլուծել։ Ակնկալում էինք, որ Գալստանյանը սադոմազոխիզմով զբաղվելու փոխարեն իր մեջ ուժ կգտնի ու անկեղծորեն կհայտարարի՝ ժող ջան, իշխանափոխությունը էս անգամ էլ գցեցինք ոտքներիս, գնացեք տուն, եկող մայիսին նորից իմաց կտանք, կհավաքվեք, հալբաթ մի բան ստացվի… «Ասել եմ, չէ՞, մայիսին սկսել ենք էս շարժումը, մայիսին էլ կավարտենք»։

Հ.Գ. «Մեր պայքարը նոր մոտեցումներով և նոր մեթոդաբանությամբ, քայլ առ քայլ հաղթանակներով պիտի հասնի սահմանված վերջնարդյունքին՝ զուգորդված քաղաքական լուծումների հնարավոր տարբերակներով։

…Հաղթանակ՝ ընդդեմ ստորացման և նվաստացման

Հաղթանակ՝ ընդդեմ չարիքի

Հաղթանակ՝ ընդդեմ հայրենազրկման

Հաղթանակ՝ ընդդեմ անարդարության

Հաղթանակ՝ ընդդեմ ստի

Հաղթանակ՝ հանուն վերածնունդի

Հաղթանակ՝ հանուն ճշմարտության

Հաղթանակ՝ հանուն արդարության

Հաղթանակ՝ հանուն մեր նահատակ հերոսների

Հաղթանակ՝ հանուն մեր իղձերի և երազանքների, որոնք ավելին են, քան մեր սահմանափակ կյանքի ճղճիմ ժամանակները։

Հաղթանակ՝ հանուն հայի և Հայաստանի

Հաղթանա՛կ ամենուր և ամեն տեղ, ամեն ինչում և ամեն ժամ։

Հաղթանա՛կ, հաղթանա՛կ և հաղթանա՛կ…»։

Սրանք հատվածներ են Գալստանյանի ելույթից։ Այս տողերն ուղղակի աղաղակում են դրա հեղինակի՝ մանկապատանեկան տարիքում տարած հոգեբանական տրավմայի մասին, տրավմա, որի պատճառը ըստ ամենայնի տարբեր խաղերում (օրինակ՝ ֆուտբոլ) ու մրցույթներում պարբերաբար կրած պարտություններն են։

Հ. Մանուկյան