Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում կրքերը չեն հանդարտվում։ Օրեր առաջ ԱԱԾ-ի իրականացրած շոուից հետո, երբ տապալելով, ջարդել-փշրելով բերման էին ենթարկել Ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանին, այժմ էլ քաղաքային իշխանությունը լծվել է տնօրենի պարտականությունները կատարող Անահիտ Խոսրովյանին փոխելու գործընթացին։
Դպրոցի ռուսերենի ուսուցչուհի Իրինա Ոսկանյանը հայտնել է, որ ֆեյսբուքյան լուրերից են իմացել, թե ինչու գործող տնօրենն այլևս չի կարող լինել․ պատճառը՝ վարչական կազմի տարիքային խմբի սահմանափակում ունենալն է։
«Դա է միայն եղել պատճառը, բայց այն, որ այդ մարդը տարիների ներդրում է դրել այս դպրոցի վրա, դրա մասին ոչ մի խոսք: Բացի այդ մեր դպրոցն առաջինն է եղել, որ Անահիտ Վլադիմիրովնայի շնորհիվ ներառական կրթություն է մտցրել: Ես գիտեմ, որ ինչ-որ նոր թեկնածու են ուզում մեզ առաջարկել, իմացել եմ ֆեյսբուքյան էջից, չգիտեմ հավատալ, թե՝ չէ: Ինչ-որ մի բան մարդիկ սկսել են անել, որ մեր մոտ ժամանակավոր պաշտոնակատար գա դպրոցին անծանոթ օտար մարդ: Ցավը նրանում է, որ մենք ունենք մեր թեկնածուն»։
ԱԱԾ-ն հատո՞ւկ է կազմակերպել այդ շոուն, մեծ աղմուկ բարձրացնելու, միառժամանակ դպրոցի տնօրեն փոխելու համար, հարցրինք այդ դպրոցում 17 տարի աշխատող Սոֆյա Հովսեփյանին, նա ասաց․ «Կարծում եմ՝ այո, քանի որ այդ օրը քաղաքապետարան էր հրավիրվել դպրոցի թեկնածուն, մանրամասներ չգիտեմ, թե ինչի մասին են խոսել, բայց ենթադրոում եմ, որ իրենց ուզած արդյունքին չհասնելուց ժամեր անց ԱԱԾ լցվել է դպրոց և ինչպես իրենք են երեխաներին ասել` վայելք կազմակերպելու»։
Դպրոցի թեկնածուն գործող փոխտնօրենն է, որն ունի դրական եզրակացությամբ զարգացման ծրագիր։
Yerevan.am կայքում սեպտեմբերի 25 ամսաթվով հայտարարություն է տարածվել «Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան հ. 20 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու մասին , քաղաքապետարանից մեր հարցերին, թե ովքե՞ր են մասնակցել մրցույթին, ինչպե՞ս է այն անցել, ընտրված անձ կա-չկա, ասում են՝ ավելի ուշ կպատասխանեն։
Մինչ քաղաքապետարանը մեր հարցերի պատասխանն է ման գալիս, Սոֆյա Հովսեփյանը նշում է․ «Մեկ տարի է մրցույթ է, և արդեն երեք անգամ է՝ չեն նշանակում մեր թեկնածուին,որը ունի դրական եզրակացությամբ զարգացման ծրագիր»։
Մեկ տարի շարունակ նոր տնօրեն ընտրելու գործընթացն ունի բացատրություն․ ամեն ինչում իրենց առաջ հրող իշխանությունը, Երեւանում հայտնի այս դպրոցում ունի իր թեկնածուն․ մենք վերջինիս վերաբերյալ տեղեկություններ ենք ստացել։
Մեր հավաստի աղբյուրները փոխանցում են՝ Տիգրան Ավինյանի թեկնածուն թիվ 190 դպրոցի Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Քրիստինե Դումանյանն է․ նրա ամուսինը՝ Վարդան Մովսիսյանը, ոստիկանության համակարգում է աշխատել, նա եղել է այն ժամանակ հայտնի «Հրեշտակների գումարտակից»։
Զանգահարեցինք թիվ 190 դպրոց, մեզ ասացին, որ Դումանյանը տեղում չէ, խոստացան մեզ հեռախոսահամարը փոխանցել նրան, որպեսզի մեզ հետ կապ հաստատի, սակայն դեռեւս Դումանյանից զանգ չենք ստացել։
Նշենք, որ հինգշաբթի օրը ԱԱԾ-ն ներխուժել էր Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց ու երեխաների աչքի առաջ բերման ենթարկել ֆիզիկայի ուսուցչին, որը մեղադրվում է անառակաբարո գործողություններ կատարելու մեջ:
Բաց մի թողեք
Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը
Առաջին դասարանցուն ծեծած ուսուցիչն ազատվել է աշխատանքից. ԿԳՄՍ-ն առաջիկայում նաև հայց կներկայացնի
Սկսվում է բուհերի ընդունելության միասնական քննությունների I փուլի հայտագրման գործընթացը